Զելենսկին Ռուսաստանի վերջին հարձակումից հետո կոչ է արել Եվրոպային զարգացնել ՀՕՊ-ը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրոպային առաջ մղել հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը: Զելենսկին այս մասին խոսել է Զապորոժիե քաղաքին ռուսական հարվածից հետո, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի սկզբից Մոսկվան Ուկրաինայի տարածքին հարվածել է ավելի քան 3 հազար 500 անօդաչու թռչող սարքերով և գրեթե 190 հրթիռներով, ինչպես նաև ավելի քան 2 հազար 500 ավիառումբերով՝ իրականացնելով նաև «պրովոկացիաներ գործընկերների նկատմամբ»։

Զելենսկին ընդգծել է, որ հենց հիմա է ժամանակը գործնականում իրականացնել «եվրոպական երկինքների համատեղ պաշտպանությունը բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգով»։

Իր երեկոյան տեսաուղերձում նա նշել է, որ մինչ Կիևը դրական է արձագանքել խաղաղ բանակցությունների նախաձեռնություններին, «ռուսական ահաբեկչությունը շարունակվում է», և ամեն օր ռուսները մերժում են պատերազմը դադարեցնելու և իրականում խաղաղության մասին խոսելու հնարավորությունը։