Զելենսկին պնդում է՝ Մոսկվան չի ցանկանում ավարտել պատերազմը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Այսօր Կիև է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ:

Անվտանգության երաշխիքներին անդրադառնալով, որ արևմտյան երկրները կարող են տրամադրել Ուկրաինային Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, նախագահ Զելենսկին հանդիպմանը հաջորդած ասուլիսում նշել է՝ դրանք կարող են նման լինել Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին, ըստ որի, ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր պետությունների վրա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարուղարը միայն հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների շուրջ աշխատանքը, որին մասնակցում է նաև Վաշինգտոնը, շարունակվում է, իսկ իրենք համենայնդեպս գիտեն, թե ինչպիսի անվտանգության երաշխիքներ չպետք է լինեն. «Ինչպես բոլորս գիտենք, Բուդապեշտի հուշագիրը և Մինսկի համաձայնագրերը չեն ապահովել այդ անվտանգության երաշխիքները։ Այսպիսով, մենք հստակ գիտենք, թե ինչ չպետք է լինի։ Մենք հիմա միասին՝ Ուկրաինան, եվրոպացիները, Միացյալ Նահանգները, աշխատում ենք, որպեսզի համոզվենք, որ անվտանգության երաշխիքները այնպիսի մակարդակի կլինեն, որ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայում նստած, երբեք այլևս չփորձի հարձակվել Ուկրաինայի վրա»։

Կիևը պնդում է՝ Մոսկվան «ամեն ինչ անում է»՝ խափանելու նախագահների հանդիպումը

Ինչ վերաբերում է Պուտին - Զելենսկի հնարավոր հանդիպմանը, որը կազմակերպելու համար ջանքեր է գործադրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Զելենսկին հայտարարել է՝ իրենք համաձայն են հանդիպման՝ թե երկկողմ, թե եռակողմ ֆորմատուվ. պատրաստ են տեղ և օր համաձայնեցնել, բայց վստահ են՝ Ռուսասատանն անում է ամեն ինչ այդ հանդիպումը կանխելու համար. «Ռուսները հիմա կփորձեն ինչ-որ այլ բան անել՝ հանդիպումից խուսափելու համար։ Խնդիրը միայն հանդիպումը չէ։ Խնդիրն այն է, որ նրանք չեն ցանկանում ավարտել պատերազմը», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Զելենսկին նաև կոչ է արել Ուկրաինայի դաշնակիցներին նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ, եթե Կրեմլը խաղաղության նկատմամբ հետաքրքրություն չցուցաբերի:

Մոսկվայից ասում են՝ նախ անհրաժեշտ է բոլոր հարցերը մանրակրկիտ մշակել

Հնարավոր հանդիպման մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել էր, որ նախ անհրաժեշտ է բոլոր հարցերը մանրակրկիտ մշակել, ինչպես նաև լուծել Զելենսկու լեգիտիմության հարցը»։ Ռուսաստանը կասկածի տակ է դնում Զելենսկու լեգիտիմությունը պատերազմի հետևանքով հետաձգված ընտրությունների պատճառով:

Լավրովը նաև կրկին մերժել է Կիևի անվտանգությունը երաշխավորելու համար Ուկրաինայի տարածքում արևմտյան զորքեր տեղակայելու գաղափարը՝ հայտարարելով, որ իրենք դա կընկալեն որպես օտարերկրյա ներխուժում:

Ռուսաստանը նաև, ըստ Ռոյթերսի, պատերազմը դադարեցնելու դիմաց պահանջում է, որ Ուկրաինան ամբողջովին դուրս գա Դոնեցկից ու Լուգանսկից, և որպես զիջում համաձայն է, որ շփման գիծը սառեցվի Զապորոժեի և Խերսոնի մարզերում՝ ռազմաճակատի գծով, առանց պահանջելու, որ ուկրաինական զորքերը լիովին դուրս գան նաև այդ մարզերից: Այլ պահանջների թվում է ՆԱՏՕ-ի անդամ չդառնալը, արևմտյան զորքեր Ուկրաինայում չտեղակայելը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հերթին հայտարարել էր, որ խնդրի լուծումը հնարավոր է ներառի «տարածքների փոխանակում» կամ ճշգրտում՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու:

Կալլասն անդրադարձել է պատերազմը կանգնեցնելու ռուսական նախապայմաններին

Մինչ այդ Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը BBC-ին տված հարցազրույցում անդրադարձել է պատերազմը կանգնեցնելու ռուսական նախապայմաններին, հայտարարելով, որ տարածքային զիջումների հարցում Ուկրաինայի վրա ճնշում գործադրել չի կարելի. «Ռուսաստանին ուկրաինական տարածքները պահպանելու թույլտվություն տալը թակարդ է, որի մեջ Պուտինը ցանկանում է, որ մենք ընկնենք, ողջ խոսակցությունը հիմա այն մասին է, թե Ուրիաինան ինչ պետք է զիջի, մինչդեռ մենք մոռանում ենք, որ Ռուսաստանը մինչ այժմ ոչ մի զիջում չի արել, մինչդեռ հենց նրանք են ագրեսորը: Եվ եթե մենք ընկնենք այս թակարդը, և Ուկրաինայի վրա զիջումների հարցում ճնշում գործադրենք, իրավիճակը կարող է հետագայում կրկնվել, քանի որ կստացվի, որ ագրեսիան արդյունավետ է», - հայտարարել է Կալլասը:

Ամենազանգվածային հարձակումներից մեկը՝ Ուկրաինայի դեմ

Պատերազմը դադարեցնելու բանակցություններին զուգահեռ՝ Ռուսաստանը օգոստոսի լույս 21-ի գիշերը Ուկրաինայի դեմ այս տարվա ընթացքում ամենազանգվածային հարձակումներից մեկն է իրականացրել՝ ավելի քան 500 անօդաչուներով և 40 բալիստիկ ու թևավոր հրթիռներով:

Իսկ այս այսօր Ռուսաստանը 55 անօդաչուներով է հարձակում իրականացրել, իր հերթին հայտնելով, որ մոտ այդքան ուկրաինական անօդաչու էլ իրենք են վերացրել:

Ուկրաինական կողմը հարվածել է «Դրուժբա» նավթատարի «Ունեչա» կայանին

Ուկրաինան ևս անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել. Բրյանսկում դարձյալ հարվածել են «Դրուժբա» նավթատարի ենթակառուցվածքներին, ինչի հետանքով դեպի Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է: Սա վերջին շրջանում արդեն երրորդ հարվածն է նավթատարին: Նախորդը՝ մի քանի օր առաջ էր՝ օգոստոսի 18-ին, ինչից հետո սոցցանցերում հրապարակային վեճ էր ծավալվել հունգարացի և ուկրաինացի արտգործնախարարների միջև: Հունգարիայի արտգործնախարարը գրել էր, որ Բրյուսելն ու Կիևը փորձում են նաև այս կերպ Հունգարիային ներքաշել պատերազմի մեջ՝ հավելելով, որ դա չի ստացվի, և հիշեցրել, որ Ուկրաինան սնուցվում է նաև Հունգարիայից եկող էլեկտրականությամբ: Իր հերթին Ուկրաինայի արտգործնախարարը մեղադրել էր Բուդապեշտին Մոսկվայից կախվածության համար: