Ցույցերի մասին օրենքը բազմիցս խախտելու մեղադրանքով 10-օրյա կալանքի դատապարտված ռուսաստանցի լրագրող Իլյա Ազարն այսօր դուրս է եկել բանտից:
Նա դատապարտվել է 15 օրվա, սակայն դատարանը երկու օր առաջ կրճատել է պատժաչափը:
«Նովայա գազետա» թերթի թղթակիցը ձերբակալվել է մայիսի 26-ին՝ միանձնյա ցույց անելու համար: Մեկ հոգու մասնակցությամբ բողոքի պիկետի համար իշխանությունների թույլտվություն չի պահանջվում:
Իր պիկետով Ազարը բողոք է հայտնել Ռուսաստանի իրավապահների վայրագությունները դատապարտելու համար մեկ այլ ակտիվիստի ազատազրկման դեմ:
Ոստիկաններն ասել են, թե բերման են ենթարկել Ազարին կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված կանոնները խախտելու համար:
Ազարի ձերբակալությունը լուրջ մտահոգություն և զայրույթ է առաջացրել լրագրողների, ինչպես նաև տեղական օրենսդիր մարմինների պատգամավորների շրջանում:
Մեծ թվով լրագրողներ և տեղական դումաների պատգամավորներ ի նշան բողոքի միանձնյա պիկետներ են կազմակերպել:
Անցյալ տարվա ամռանն Իլյա Ազարն ակտիվ դեր է կատարել արդար ընտրությունների պահանջով Մոսկվայում տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ցույցեր կազմակերպելու հարցում: