ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, հունիսի 3-ին նախատեսված է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության ընդարձակմանն ուղղված միջոցառում:
«Հունիսի 3-ին Բաքվում կգումարվի ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակով զինվորական երկխոսության 13-րդ նիստը, որի ընթացում կքննարկվեն անվտանգության, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական, ռազմարդյունաբերական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակով երկխոսության ձևաչափը ստեղծվել է 2007 թվականին: Նիստերը գումարվել են ամեն տարի, սակայն 2020 թվականին նիստ չի եղել կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Սովորաբար այդ նիստերն անցնում են երկու երկրների պաշտպանության փոխնախարարների և գլխավոր շտաբերի պետերի նախագահությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հայտնել, թե ովքեր կղեկավարեն պատվիրակություններն այս տարվա համաժողովում:
ՏԱՍՍ-ը նշում է, որ այս տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանի ցանկությունն է ստեղծել բանակ, որը կլինի «թուրքական բանակի փոքր պատճենը, քանի որ դա ամենահզոր բանակներից մեկն է ՆԱՏՕ-ի կազմում»:
Ալիևն այդ ելույթում նաև ասել է, թե «դրա ապացույցն է ղարաբաղյան պատերազմը, որի ընթացքում ամբողջ աշխարհը համոզվել է, թե ինչ բարձր որակ ունի Ադրբեջանի կողմից հաջողությամբ կիրառված թուրքական զենքը»: