Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարում:
Երեքշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին 2:1 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի թիմի նկատմամբ: Խաղի հաշիվը 46-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Էդուարդ Սպերցյանը, 51-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռամոսը դարձավ երկրորդ գոլի հեղինակը, 57-րդ րոպեին Էվան Ֆերգյուսոնը կրճատեց հաշվի տարբերությունը:
Անհաջողությունների երկար շարքից հետո սա Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակն է` շուրջ մեկ ամիս առաջ նշանակված գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ:
Որակավորման փուլի երկրորդ տուրից հետո Հայաստանը 3 միավոր ունի և առայժմ F խմբի երկրորդ հորիզոնականում է՝ Պորտուգալիայից հետո:
Մրցաշարում Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը Հունգարիայի թիմի հետ է՝ հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում: