- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ կեսգիշերին տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին:
Նա ասել է, որ երկիրը հերթական անգամ ենթարկվել է ռուսների հրթիռային գրոհներին, որոնց հետևանքով շարքից դուրս եկած էներգահամակարգի վերականգնումը ժամանակ է պահանջելու:
Խոսելով պատերազմի մասին, Զելենսկին հավաստիացրել է, որ Ուկրաինայի բանակն ընդհանուր հաշվով պահում է դիրքերը:
«Դոնբասի արևելքում ռազմաճակատի որոշ հատվածներում մենք առաջխաղացում ենք ապահովել», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նաև հավաստիացրել է, որ դաշնակիցների օգնության շնորհիվ 2023 թվականին հակաօդային պաշտպանությունը կաշխատի շատ ավելի արդյունավետ ռեժիմով և այդպես կհզորացնի թե՛ Ուկրաինայի և թե՛ ամբողջ Եվրոպայի անվտանգությունը:
«Դա մեր ամենակարևոր խնդիրներից է, և ես համոզված եմ, որ մենք այն անպայման կլուծենք», - ասել է Զելենսկին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ամանորյա ուղերձով դիմել է Դաշնության զինծառայողներին:
Նա հավաստիացրել է, որ «հաղթանակն անխուսափելի է», և գովեստով է խոսել ռուս զինծառայողների սխրանքի ու հերոսության մասին:
Շոյգուն նշել է, որ «իրավիճակը ռազմաճակատում մնում է բարդ», նա քննադատել է Ուկրաինային և այդ երկրին սատարող Արևմուտքին:
«Մենք դիմավորում ենք նոր տարին ռազմաքաղաքական բարդ իրավիճակում, երբ կան ուժեր, որոնք փորձում են ջնջել մեր հերոսական պատմությունն ու մեծ նվաճումները, քանդել ֆաշիզմը պարտության մատնողների հուշարձանները և պատերազմի հանցագործներին դնել պատվանդանի վրա, չեղարկել ու պղծել այն ամենն, ինչ ռուսական է»,- ասել է Շոյգուն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև բարձր է գնահատել Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում ռուս զինծառայողների անմահ արարքները, անձնուրաց խիզախությունն ու հերոսությունը նեոնացիզմի և ահաբեկչության դեմ պայքարում»:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Ալենա Վերբիցկայան հայտնել է, որ այս պահի դրությամբ շուրջ 3 հազար 400 ուկրաինացի զինծառայող գտնվում է ռուսական գերության մեջ, իսկ 15 հազարը համարվում են անհետ կորած։
«Ինչ է պատահել նրանց հետ՝ մենք չգիտենք։ Հնարավոր է նրանք նույնպես գերեվարվածների թվում են, հնարավոր է նրանք վաղուց սպանված են», - ասել է նա, նշելովմ որ նման անորոշությունը անտանելի է նրանց հարազատների համար։
Վերբիցկայան դժգոհել է, որ Ռուսաստանը չի թույլատրում Կարմիր խաչի մարդասիրական առաքելության մուտքը ճամբարներ, որտեղ պահվում են ուկրաինացի ռազմագերիները։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական dpa գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ «հնարավոր է պարադոքսալ է հնչում, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության կարճ ճանապարհն է»։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է համոզվի, որ չի կարող հասնել իր նպատակին՝ վերահսկողության տակ վերցնել Ուկրաինան։ Ստոլտենբերգը օրինական է համարել Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտների վրա ուկրաինական կողմի վերջին հարձակումները, ասելով, թե «յուրաքանչյուր երկիր, նաև Ուկրաինան ինքնապաշտպանվելու իրավունք ունի»:
Նա նշել է, որ ուկրաինական հարձակումները անհրաժեշտ է կոնտեքստում դիտարկել, մասնավորապես հաշվի առնելով Ռուսաստանի զանգվածային հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա՝ նպատակ հետապնդելով ձմռանը ուկրաինացիներին զրկել ջեռուցումից, էլեկտրականությունից ու ջրից։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Մինսկի մեղադրանքներին՝ Բելառուսի տարածքում C-300 (S-300) հրթիռ ընկնելու կապակցությամբ, և պատրաստակամություն է հայտնել մասնակցել միջադեպի քննությանը։
«Ինչ վերաբերում է բելառուսական կողմի պնդումներին, ապա ուկրաինական կողմին հայտնի են Կրեմլի հուսահատ ու համառ ձգտումները Բելառուսին ներքաշելու Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի մեջ։ Այդ կապակցությամբ ուկրաինական կողմը չի բացառում տեռորիստ պետություն Ռուսաստանի կողմից կանխամտածված սադրանքը՝ իր թևավոր հրթիռներն այնպես արձակել, որ դրանք կասեցվեն Բելառուսի օդային տարածքում», - նշված է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Ավելի վաղ Բելառուսը հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ին ժամը 10-ի սահմաններում հակաօդային պաշտպանությունը C-300 հրթիռ է խոցել, որն արձակվել էր Ուկրաինայի կողմից։ Բելառուսում Ուկրաինայի դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն, որտեղ նրան խիստ բողոք էր փոխանցվել։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Միացյալ Նահանգները լուրջ ջանքեր է գործադրում Իրանին անօդաչու թռչող սարքեր արտադրելու և դրանք Ռուսաստան արտահանելու կարողությունից զրկելու համար։ Այս մասին գրում է The New York Times (NYT) պարբերականը՝ ամերիկյան իշխանությունների և մի շարք օտար պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին վկայակոչելով։
Թերթի հետ զրույցում Միացյալ Նահանգների, Եվրոպայի և մերձավորարևելյան որոշ երկրների հետախուզական, ռազմական և քաղաքական շրջանակները ներկայացնող մի շարք պաշտոնյաներ հաստատել են, որ Վաշինգտոնն ընդլայնում է այն ծրագիրը, որի նպատակն է զրկել Իրանին դրոններ արտադրելու հնարավորությունից, ինչը, իր հերթին, կդժվարացնի Ռուսաստանի կողմից դրանց կիրառումն Ուկրաինայում ընթացող պատերազմում։
«Եթե այս ծրագիրն անհաջողության մատնվի, ապա ամերիկացիները կդիտարկեն Ուկրաինային ՀՕՊ այնպիսի համակարգերի տրամադրումը, որոնք իրանական անօդաչու սարքերը խոցելու հնարավորություն կունենան», - գրում է The New York Times-ը՝ արձանագրելով, որ Բայդենի վարչակազմի այս մտադրություններն ակնհայտորեն ուրվագծվել են վերջին շաբաթներին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Հարվածային անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումը Ուկրաինայի մայրաքաղաքի և տարածաշրջանի վրա նպատակին չի հասել, այսօր վաղ առավոտյան հայտարարել է Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը: Հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են անօդաչուները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս գիշեր անօդաչու թռչող սարքերով հարձակման են ենթարկվել Ուկրաինայի մի քանի շրջաններ։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Բելառուսն Ուկրաինայից պահանջել է պատասխանատվության ենթարկել հրթիռի միջադեպի հետ առնչություն ունեցող անձանց: Այդ մասին ասել է Բելառուսի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Անատոլի Գլազը:
Այսօր առավոտյան Բելառուսի օդային տարածքում բելառուսական ՀՕՊ-ի կողմից խոցվել և վայր է ընկել է С-300 տեսակի հրթիռ, որն, ըստ բելառուսների, արձակել է ուկրաինական ՀՕՊ-ը:
«Մենք պահանջել ենք, որ ուկրաինական կողմը մանրամասն հետաքննի միջադեպի բոլոր հանգամանքները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի նմանօրինակ դեպքերն ապագայում կանխելու համար, քանի որ դրանք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների»,- ասել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը:
Բելառուսական կողմը բողոքի նոտան հանձնել է ԱԳՆ հրավիրված Մինսկում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանը մոտ 7 տասնյակ տասնյակ հրթիռներ է արձակել Ուկրաինայի վրա: Ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի ստորաբաժանումները կարողացել են խոցել դրանցից 54-ը: Այդ մասին ասել է բրիգադի գեներալ Օլեքսի Գրոմովը:
«Առավոտյան ժամը 7-ին թշնամին ծովից և օդից լայնածավալ հրթիռային գրոհ է նախաձեռնել՝ կիրառելով թևավոր հրթիռներ, ինչպես նաև S-300 և S-400 հրթիռներ, որոնց թիրախն էներգետիկայի համակարգն էր: Ուկրաինայի օդային պաշտպանությունը խոցել է 54 ռուսական հրթիռներ»,- ասել է Օլեքսի Գրոմովը:
Անցած գիշերվա ընթացքում էլ ռուսներն ԱԹՍ-ներով են գրոհներ անցկացրել: Օդային հարձակման մասին ազդարարող շչակների ձայնը մոտ 5 ժամ շարունակ լսվել է Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում:
Մոսկվան պնդում է, որ խաղաղություն կնքելու համար Կիևը նախ պետք է ընդունի Ռուսաստանի ներկայացրած պահանջը, որի համաձայն, պետք է հրաժարվի Դաշնության մաս հռչակված 4 շրջաններից և Ղրիմից: Կիևը դա մերժում է:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Գերագույն ռադայի դռնփակ նիստում հանդես է եկել տարեկան ուղերձով:
Նա օրենսդիրներին կոչ է արել ռուսական ագրեսիայի դեմ պայքարել միասնականության ոգով: Նա ասել է, թե Ուկրաինան դարձել է համաշխարհային լիդեր:
«Ուզում եմ բոլորս միասին շնորհակալություն հայտնենք մեր զինվորներին»,- ասել է նախագահը:
44-ամյա ղեկավարի ուղերձի ավարտական մասն ամբողջությամբ նվիրված է եղել պատերազմին, որն արդեն թևակոխել է 11-րդ ամիսը:
Նա ասել է, որ այդ ընթացքում Ուկրաինան ոչ միայն տարածքներ է ազատագրել, այլև կարողացել է տուն վերադարձնել 1456 ռազմագերիների:
Զելենսկին ասել է, թե ուկրաինացիների պայքարը Եվրոպայի համար դարձել է խաղաղության և ազատության համար պայքարի խորհրդանիշ:
Նա վստահեցրել է, որ Ուկրաինան կհաղթի և պատերազմից հետո կվերականգնի ավերված բնակավայրերը, տնտեսությունը և ենթակառուցվածքը: