Ռուսաստանն այսօր նորից հրթիռակոծել է Ուկրաինայի բնակավայրերը: Դրան վաղ առավոտյան նախորդել է մարտական ԱԹՍ-ների գրոհը: Զոհվել է 11 մարդ, նրանցից առնվազն մեկը՝ մայրաքաղաք Կիևում:
Պայթյուններ են որոտացել նաև Դնեպրոպետրովսկի, Վիննիցայի, Օդեսայի և Զապորոժիեի շրջաններում: Կիևում բնակիչներն ապաստանել են մետրոյի ստորգետնյա կայաններում:
Ռուսները թիրախավորել են կենսական նշանակության ենթակառուցվածքը, մասնավորապես, էներգետիկայի համակարգը: Մի շարք շրջաններում հոսանքի մատակարարումն ընդհատվել է:
Ուկրաինացիներն այսօր հաղորդել են առնվազն 24 ռուսական գրոհային անօդաչուներ վայր գցելու մասին: Ռուսները Կիևի վրա ավելի քան 15 հրթիռ են արձակել:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ հրասայլերի և այլ սպառազենի փոխանցումը Կիևին վկայում է այդ հակամարտությանն Արևմուտքի ուղղակի մասնակցության մասին:
«Եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում մշտապես հավաստիացնում են, թե սպառազենի տրամադրումը չի նշանակում ներգրավում, բայց մենք կտրականապես դեմ ենք այդ մոտեցմանը: Նշված մայրաքաղաքների գործողություններն ուղղակի մասնակցության վկայություններ են, և այդ միտումը հետզհետե ուժեղանում է», - ասել է Պեսկովը:
«Հատուկ ռազմական գործողության ընթացքը վկայում է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն շարունակում են միջոցներ ձեռնարկել այն երկարաձգելու և ռազմական առճակատման կողմ դառնալու համար», - այսօր ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական զինակից Նիկոլայ Պատրուշևը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին գերմանական ռազմական հրաձգարաններում կմեկնարկի ուկրաինացի զինծառայողների ուսուցումը:
Այդ մասին նախարարը հայտնել է Անտենգրաբովի հրաձգարանում: Նա ասել է, որ ուկրաինացիները նախ պետք է սովորեն մարտեր վարել Marder տեսակի զրահամեքենաներով, ապա՝ Leopard 2 տեսակի հրասայլերով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը երեկ, որոշ տեխնիկական ընդհատումներով, ցուցադրվել է Ռուսաստանի Բելգորոդի և Կրասնոդարի մարզերում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում:
Ուղերձը հեռարձակվել է СТС և ТНТ ռուսաստանյան հեռուստաընկերությունների ամենօրյա սովորական ծրագրերի փոխարեն: Հեռարձակումը ժամանակ առ ժամանակ անհետացել և վերականգնվել է:
Ղրիմի ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովի փոխանցմամբ, ռուսական եթերում Ուկրաինայի նախագահի ուղերձի հեռարձակումն ամերիկացիների օգնությամբ կատարված հաքերային միջամտության հետևանք է: «Ռազմաճակատում ուկրաինացիների գործերը լավ չեն, դրա համար էլ նրանք հաքերային գրոհների են դիմում», - ասել է Կրյուչկովը:
Բելգորոդի իշխանություններն էլ հայտնել են, թե «տեղի է ունեցել արբանյակից ստացվող ազդանշանի ապօրինի փոփոխություն»:
Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները քննարկում են Ուկրաինային մարտական կործանիչներ տրամադրելու հնարավորությունը:
Այդ մասին հայտնում է Politico հանդեսը, որը վկայակոչում է արևմտյան բարձրաստիճան անանուն պաշտոնյաներին:
«Ուկրաինային հրասայլեր փոխանցելու համար պայքարը սոսկ սկիզբն էր, հաջորդ քայլը կործանիչների տրամադրումը կլինի»,- Politico-ին ասել է եվրոպական երկրներից մեկի անանուն դիվանագետը:
Օդանավերի խնդիրն ավելի բարդ է հրասայլերի համեմատությամբ: Եվրոպայում մեծ թվով կառավարություններ այլևս կասկածի տակ չեն առնում դրա նպատակահարմարությունը, բայց և մտահոգություն ունեն, որ օդանավերի տրամադրումն է'լ ավելի կսրի Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտությունը:
Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել արևմտյան երկրների առաջնորդներին՝ տանկեր տրամադրելու որոշումն ընդունելու համար։
Նա նշել է, որ դրանք պետք է անհապաղ Ուկրաինա մատակարարվեն։
Երեկոյան ուղերձում Ուկրաինայի նախագահը նաև Արևմուտքին զգուշացրել է հեռահար հրթիռներ և կործանիչներ ուղարկելու մասին։
Թուրքական «Բայքար» ընկերությունը Ուկրաինային անվճար տրամադրել է երկու Bayraktar ТB2 հարվածային անօդաչու թռչող սարք, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
«Մենք անսահման երախտապարտ ենք «Բայքար» ընկերությանը՝ մեր պետության համար ամենադժվար ժամանակներում անզիջում և մշտական աջակցության համար», - ասվում է ուղերձում։
Ուկրաինան ակտիվորեն օգտագործում է թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերը Ռուսաստանի դեմ պատերազմում։
«Ուկրաինային M1 Abrams մակնիշի տանկեր տրամադրելու մասին որոշումն արդեն իսկ իրականություն է»․ - չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։
«Այսօր ես հայտարարում եմ` Միացյալ Նահանգները Ուկրաինային թվով 31 M1 Abrams մակնիշի տանկ կուղարկի։ Դա հավասարազոր է մեկ ուկրաինական գումարտակին։ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն է խորհուրդ տվել մեզ դիմել այս քայլին, քանի որ դա թույլ կտա Ուկրաինային ամրապնդել իր պաշտպանությունն ու ռազմավարական նպատակների հասնել», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը։
«Abrams-ները աշխարհի ամենամարտունակ տանկերն են, սակայն դրանց կիրառումն ու սպասարկումը բավական բարդ գործ է։ [...] Abrams-ների մատակարարումը ժամանակ կպահանջի՝ ժամանակ, որի ընթացքում մենք պետք է համոզվենք, որ ուկրաինացիներն ի վիճակի են այդ տանկերը ներդաշնակեցնել իրենց պաշտպանական համակարգերին», - ասաց Բայդենը:
Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ տանկերի մատակարարման մասին որոշումը կայացվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ երկարատև քննարկումներից հետո։
Բեռլինը պաշտոնապես հայտարարում է Կիևին 14 միավոր Leopard 2 հատկացնելու մասին:
Չորեքշաբթի առավոտյան կառավարության նիստում այդ մասին հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Այդ որոշումը համապատասխանում է Ուկրաինային սատարելու մեր քաղաքականությանը՝ մեր հնարավորությունների սահմաններում։ Մենք գործում ենք սերտ կոորդինացմամբ միջազգային մակարդակում», - ասել է Շոլցը։
Առաջիկայում սկսվելու է ուկրաինացի զինծառայողների ուսուցումը Գերմանիայում։ Բեռլինը կտրամադրի նաև զինամթերք և նյութատեխնիկական ապահվում, նշել է կանցլերը։
Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ողջունել է Բեռլինի որոշումը։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Թվիթերում գրել է․ - «Շնորհակալություն, բունդեսկանցլեր Օլաֆ Շոլց։ Ուկրաինային Leopard-ներ տրամադրելու որոշումը մեծ քայլ է Ռուսաստանին կանգնեցնելու համար»։
Գերմանիան նաև կթույլատրի երրորդ երկրներից գերմանական տանկերի վերաարտահանումը Ուկրաինա։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անհեթեթ է որակել Ուկրաինային ամերիկյան Abrams տանկեր մատակարարելու ծրագիրը։
Լրագրողների հետ ամենօրյա հեռախոսային ճեպազրույցում Պեսկովն ասել է, որ թեև ամերիկյան տանկերի փոխադրումները չեն հաստատվել, բայց դա կլինի գումարի վատնում։
«Համոզված եմ, շատ մասնագետներ հասկանում են այդ գաղափարի անհեթեթությունը։ Տեխնոլոգիական առումով ծրագիրն աղետալի է», - ասել է Պեսկովը և ընդգծել․ - «Բայց գլխավորը՝ գերագնահատվում է ուկրաինական բանակին տրվող ներուժը։ Այդ տանկերը վառվում են այնպես, ինչպես մյուսները»։