Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը նախապես չազդարարված այցով ժամանել է Կիև, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ավստրիայի նախագահը Կիև ժամանման փաստը հաստատել է Twitter-ի իր օգտահաշվում՝ գրելով. - «Պատերազմի մեկնարկից գրեթե մեկ տարի անց Ուկրաինան մոռացության չի մատնվել։ Նախագահ Զելենսկու և Ուկրաինայի խիզախ ժողովրդի հետ միասին մենք շարունակում ենք սատար կանգնել եվրոպական արժեքներին»:
Վան դեր Բելենը սոցիալական ցանցերում հրապարակել է նաև Կիևի երկաթուղային կայարանում իր դիմավորման արարողության լուսանկարը։
Այսօրվանից ռուսական ընկերություններին արգելվել է նավթ վաճառել, եթե պայմանագրի տեքստը պարունակում է Մեծ յոթնյակի (G7) երկրների սահմանած առավելագույն գնի պայման:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի վերջին:
Մեծ յոթնյակի կողմից առավելագույն գին է սահմանվել նավթի համար 60 դոլարը մեկ բարելի դիմաց, նավթամթերքի համար սահմանաչափը դեռ որոշված չէ։
Ռուսաստանի նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:
Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ ԱՄՆ-ը մտադիր է մոտ ապագայում Ուկրաինային փոխանցել մինչև 150 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ:
Շվեդ-ամերիկյան նախագծման այս հրթիռներն արձակվում են նաև HIMARS կայանքներից և կարող են խոցել շարժվող թիրախները տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա:
Մինչ այժմ ուկրաինական բանակին ամերիկացիների և այլ դաշնակիցների կողմից մատակարարվող հրթիռների հեռահարությունը 80 կիլոմետրից մի փոքր ավելի էր. դրանք նույնպես HIMARS կայանքների համար նախատեսված հրթիռներ են։
Reuters-ի տվյալներով՝ 2,2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի արդեն այս շաբաթ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ ռուսական ուժերը Դոնեցկի մարզում գրավել են Բլագոդատնե ավանը.
«Դոնեցկի ուղղությամբ հարձակողական հաջող գործողությունների արդյունքում կամավորների գրոհային ջոկատները՝ հրթիռային զորքերի ու հարավային խմբավորման ուժերի հրետանու օպերատիվ մարտավարական կրակի և ռազմական ավիացիայի օժանդակությամբ ազատագրել են Բլագոդատնե բնակավայրը», - ասել է Կոնաշենկովը։
Միացյալ Նահանգները 60 միավոր Bradley հետևակի մարտական մեքենաներ է ուղարկել Ուկրաինա, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի տրանսպորտային հրամանատարությունը:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ մատակարարվում է Bradley-ների առաջին խմբաքանակը՝ 2,85 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակում, որը հայտարարվել էր այս ամիս ավելի վաղ։
Bradley-ն օգտագործվել է ամերիկյան զորքերի կողմից Պարսից ծոցի, Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում։
2022 թվականի փետրվարից Ուկրաինային տրամադրված ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմել է 27,1 միլիարդ դոլար, հիշեցրել է տրանսպորտային հրամանատարությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ Սպիտակ տանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները F-16 կործանիչներ չի ուղարկի Ուկրաինա, ինչը նախօրեին խնդրել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
«Ոչ», - պատասխանել է Բայդենը լրագրողի այն հարցին, թե արդյոք նախագահն աջակցում է F-16 կործանիչներ Ուկրաինա ուղարկելուն:
Այս ամիս արևմտյան երկրները երկար քննարկումներից հետո համաձայնեցին ժամանակակից տանկեր ուղարկել Ուկրաինա։
Կրեմլը հերքում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հրթիռային հարվածների վերաբերյալ սպառնալիքների մասին հայտարարությունը։ Այս մասին Միացյալ Թագավորության նախկին վարչապետը հայտարարել էր BBC-ի նկարահանած «Պուտինն ընդդեմ Արևմուտքի» վավերագրական ֆիլմում։
Ըստ Ջոնսոնի՝ ուկրաինական պատերազմից առաջ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը նշել է. «Բորի՛ս, ես չեմ ցանկանում քեզ ցավ պատճառել, բայց հրթիռներին ընդամենը մեկ րոպե է անհրաժեշտ լինելու»։
«Հրթիռային հարվածներ հասցնելու որևէ սպառնալիք չի հնչել։ Ռուսաստանի նախագահը պարզապես հայտարարել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կնշանակի, որ ցանկացած հրթիռ Մոսկվա կհասնի հաշված րոպեների ընթացքում», - հակադարձել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Կա՛մ սա մտածված սուտ է Ջոնսոնի կողմից, կա՛մ էլ նա պարզապես չի հասկացել, թե ինչ էր իրեն ասում նախագահ Պուտինը», - հավելել է Կրեմլի խոսնակը։
Reuters-ի տեղեկություններով՝ BBC-ի ֆիլմում հիշատակված հեռախոսազրույցը կայացել է Ուկրաինա ռուսական ներխուժումից մոտ երեք շաբաթ առաջ՝ 2022 թվականի փետրվարի 2-ին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը, հեռուստաուղերձում, հայտարարել է, որ իր երկրին անհրաժեշտ է զենքի արագացված մատակարարում և նոր տեսակի զենք՝ ռուսական հարձակումներին դիմակայելու համար։
Նրա խոսքով՝ իրավիճակը Դոնեցկի շրջանի արևելյան հատվածում «շատ բարդ է»։
«Իրավիճակը շատ ծանր է. Բախմուտում, Ուգլեդարում և Դոնեցկի մարզի այլ շրջաններում։ Այնտեղ անընդհատ ռուսական հարձակումներ են», - ասել է Ուկրաինայի նախագահը։
«Ռուսաստանը ցանկանում է, որ պատերազմը ձգձգվի և հյուծի մեր ուժերը։ Ուստի մենք պետք է ժամանակը դարձնենք մեր զենքը։ Մենք պետք է արագացնենք իրադարձությունները, արագացնենք մատակարարումները և զենքի նոր հնարավորություններ բացենք Ուկրաինայի համար», - ասել է Զելենսկին՝ նաև շեշտելով՝ եթե Ռուսաստանին թույլ տան մասնակցել 2024-ի Օլիմպիական խաղերին Փարիզում, ապա դա հավասարազոր կլինի նրան, որ «ահաբեկչությունը որոշ չափով ընդունելի է»։
«Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ ռուս մարզիկներին Օլիմպիական խաղեր վերադարձնելու փորձերը, փորձեր են ամբողջ աշխարհին ասելու, որ ահաբեկչությունն ինչ-որ չափով ընդունելի է», - ասել է Զելենսկին իր ուղերձում։
Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուսական հրթիռը՝ ենթադրաբար Ս-300, խոցել է Խարկովի կենտրոնում գտնվող բնակելի մի շենք, ինչի հետևանքով այն մասամբ ավերվել է։
Ըստ իշխանությունների՝ մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հաստատել է, որ հրթիռը հարվածել է քաղաքի Կիևսկի շրջանում գտնվող բնակելի շենքին։
«Շենքում հրդեհ է։ Լուրջ վնասներ»,- գիշերը գրել էր նա։
Reuters-ը կադրեր է հրապարակել Խարկովում ռուսական հրթիռի ընկնելու վայրից, որտեղ երևում է, որ տեղում աշխատում են փրկարարները։
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ուղղակիորեն չեն մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը, և Գերմանիայի ողջ կառավարությունը կիսում է այն կարծիքը, որ էսկալացիան անընդունելի է։ Նման խոստում է տվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Այս պատերազմին ՆԱՏՕ-ի որևէ երկրի անմիջական մասնակցություն չկա»,- ընդգծել է կանցլերը՝ հավելելով, որ կանի ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չվերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի։
Քաղաքական գործիչը խոստացել է կանխել «նման էսկալացիան»՝ նշելով, որ Գերմանիայի կառավարությունում այս դիրքորոշումը կիսում են բոլորը, այդ թվում՝ արտգործնախարար Աննալենա Բուրբոքը։