ԱՄՆ-ի գլխավոր դատախազ {համապատասխանում է արդարադատության նախարարի պաշտոնին} Մերրիք Գարլանդը հայտարարել է ռուսաստանցի մեծահարուստ Կոնստանտին Մալոֆեևից ժամանակին առգրավված միջոցներից 5 միլիոն 400 հազար դոլարն Ուկրաինային փոխանցելու որոշման մասին:
Մալոֆեևը պահպանողական ռուսաստանցի օլիգարխ է, նա հիմնադրել է «Ցարգրադ» մեդիա հեռուստաընկերությունը, որը ծայրահեղ հակաուկրաինական և հակաարևմտյան բովանդակության հրապարակումներ է թողարկում:
2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի իրավապահները սառեցրել են Դենվերում Sunflower Bank դրամատանը պահվող Մալոֆեևի 5 միլիոն 400 հազար դոլարը:
Քննիչների փոխանցմամբ, ռուսաստանցի մեծահարուստը 2015 թվականին փորձել է շրջանցել ամերիկյան պատժամիջոցները և այդ գումարը փոխանցել գործընկերոջը: Մալոֆեևը չի բողոքարկել որոշումը:
«Իմ որոշմամբ, առգրավված միջոցները կփոխանցվեն պետական դեպարտամենտ՝ Ուկրաինայի ժողովրդին սատարելու համար»,- ասել է Գարլանդն Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինի հետ հանդիպման ընթացքում:
Կոստինը Թվիթերում գրել է, որ այդ միջոցները կօգտագործվեն որպես պատերազմի ընթացքում Ուկրաինային հասցված վնասի հատուցում:
«Առաջին անգամ պատմության ընթացքում համաձայնեցվել է առգրավված ռուսական ակտիվների փոխանցումն Ուկրաինայի վերականգնմանը: Գիտեմ, որ սա միայն սկիզբն է, հավատում եմ, որ կգա ժամանակը, երբ քաղաքակիրթ աշխարում տեղ չեն ունենա ռուսաստանցի օլիգարխները և արյունով ձեռքբերված նրանց հարստությունները»,- Թվիթերում հայտարարել է Կոստինը:
Վերլուծաբանների համոզմամբ, Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի որոշումը կարող է հետագայում դառնալ ռուսաստանցիներից առգրավված միջոցների տնօրինման նախադեպ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև արևմտյան մյուս երկրներում:
The Wall Street Journal ամերիկյան թերթի փոխանցմամբ, Թուրքիան շրջանցել է Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և ամերիկյան արտադրության էլեկտրոնային սարքեր, պահեստամասեր ու այլ ապրանք է վաճառել Ռուսաստանին: Այդ արտադրանքի մի մասի պատվիրատուն Ռուսաստանի զինված ուժերն է:
Ըստ թերթի, առնվազն 13 թուրքական ընկերություներ Ռուսաստանի շուկա են հասցրել առնվազն 18 միլիոն 500 հազար դոլարի պլաստմասսա, ռետինե արտադրանք և տարատեսակ տրանսպորտային միջոցներ:
Թերթը պարզել է, որ այդ արտադրանքը հետագայում գնել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետ առնչություն ունենալու կապակցությամբ պատժամիջոցների տակ գտնվող առնվազն 10-ը ռուսական ընկերություններ:
Թուրքական ընկերությունները, խախտելով ամերիկյան արտահանման հսկողության կանոնները, 2022 թվականի մարտից հոկտեմբեր Ռուսաստան են ուղարկել 15 միլիոն դոլարի հասնող ամերիկյան արտադրանք, այդ թվում՝ վերելակներ, գեներատորներ և համակարգչային սարքեր:
Թուրքական արտադրանք ստացած ռուսական ընկերությունների թվում են «Մարտավարական հրթիռներ» կորպորացիայի դուստր-ձեռնարկությունը, որը սարքավորումներ է արտադրում ռուսական ռազմական նավատորմի համար, և հրացաններ արտադրող «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը:
Երկուսն էլ գտնվում են պատժամիջոցների ցանկում: Մոսկվան և Անկարան առայժմ չեն արձագանքել The Wall Street Journal պարբերականի հրապարակմանը:
Վաշինգտոնը և Մոսկվան կտրականապես հերքում են Neue Zürcher Zeitung շվեյցարական օրաթերթում վերջերս հրապարակված լուրն այն մասին, թե Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսն, իբրև թե, հունվարին գաղտնի այց է կատարել Մոսկվա և ռուսներին առաջարկել է ստանալ Ուկրաինայի տարածքի մեկ հինգերորդն ու այդպես ավարտել պատերազմը:
Neue Zürcher Zeitung-ը գրել է, թե Բըրնսը Սպիտակ տան կողմից է նման առաջարk ներկայացրել ռուսական կողմին:
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի խոսնակի տեղակալ Շոն Դևիթն ասել է, որ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, իր հերթին, «կեղծիք» է անվանել շվեյցարական թերթի հրապարակումը:
«Հունվարի՞ն: Ոչ, նման բան չի եղել, այդ ամբողջ հոդվածը սուտ է»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:
Տեղեկությունը հերքել և «բացարձակ կեղծիք» է անվանել նաև ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության մի անանուն բարձրաստիճան պաշտոնյա:
Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Դմիտրո Կուլեբան BBC հեռուստառադիոկայանի ուկրաինական ծառայության հետ զրույցում՝ ի շարս այլ թեմաների, անդրադարձել է նաև Ռուսաստանին ԱԹՍ-ներ փոխանցելու հարցին:
«Ուկրաինան որևէ վատ բան չի արել Իրանին: Որքան էլ շահավետ լինի Ուկրաինայի դեմ ռուս-իրանական համագործակցությունը, հավատացնում ենք, որ դրա բացասական հետևանքներն անգամներով շատ կլինեն: Իրանը կամիկաձե-անօդաչուներ է տալիս ռուսներին, Իրանը հատել է բոլոր կարմիր գծերը, մնացածը թող Իրանը որոշի»,- ասել է Կուլեբան:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է երկու պետությունների դիվանագիտական կապերի խզում, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ինքը համապատասխան որոշման նախագիծն արդեն փոխանցել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
«Կարգադրությունը կարող է ցանկացած պահին ստորագրվել, դա կախված կլինի Իրանի հետագա քայլերից»,- ասել է Դմիտրո Կուլեբան:
Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես արտոնեց Leopard 1 տեսակի հրասայլերի տրամադրումն Ուկրաինային: Այդ մասին հայտնեց կառավարության խոսնակ Շտեֆան Հեբեշտրայտը:
«Կարող եմ հաստատել, որ թույլտվությունը տրվել է, այլ ինֆորմացիա չունեմ»,- ասել է խոսնակը:
Գերմանիայի բանակն այլևս չի օգտագործում Leopard 1 տեսակի հրասայլեր: Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ դրանք արտադրած գերմանական գործարանները պահեստներից կարող են այդ զրահատեխնիկան ուղարկել Ուկրաինա:
Հունվարի 25-ին Միացյալ Նահանգները հաղորդել է, որ Կիևին կփոխանցի M1 Abrams տեսակի 31 հրասայլ: Նույն օրը Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ Ուկրաինա կուղարկի Leopard 2 տեսակի 14 հրասայլ և ուրիշ երկրներին թույլ կտա դրանք տրամադրել Կիևին:
Չեխիայի ընտրյալ նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ Ուկրաինային զենք տրամադրելու հարցում ոչ մի սահմանափակում չպետք է լինի: Այդ մասին նա ասել է Bloomberg հեռուստակայանին տված հարցազրույցում:
«Մենք չպետք է ինչ-որ շեմ սահմանենք Ուկրաինային զենք ու տեխնիկա տալու հարցում: Միակ բացառությունը պետք է միջուկային սպառազենը լինի»,- ասել է Պավելը:
Նա ավելացրել է նաև, որ ՆԱՏՕ-ն չպետք է ուղիղ եղանակով մասնակցի ռուս-ուկրաինական պատերազմին:
Պետր Պավելը Չեխիայի բանակի պաշտոնաթող գեներալ է, ժամանակին ղեկավարել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն և Չեխիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Նա Չեխիայի նախագահի պաշտոնը կստանձնի այս տարվա մարտի 9-ին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե «հատուկ ռազմական օպերացիան» [Մոսկվան այդպես է անվանում ռուս-ուկրաինական պատերազմը] շարունակվում է, քանի որ Ռուսաստանի նոր շրջանները սպառնալիքներից ոչ ամբողջությամբ են պաշտպանված:
Այդպես նա արձագանքել է Դոնբասի և Ղրիմի ազատագրման նպատակով հարձակողական գործողություններին մասնակցելու համար նոր գրոհային բրիգադներ ստեղծելու Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հայտարարությանը:
«Դոնբասը դեռ ամբողջությամբ չէ պաշտպանված, ուստի, «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է: Մենք պարտավոր ենք պաշտպանել այնտեղ ապրող մարդկանց: Այդ նպատակին ամբողջությամբ չենք հասել, դա դեռ պետք է անել»,- ասել է Պեսկովը և ավելացրել, թե Ղրիմի անվտանգությունը հուսալիորեն է ապահովված:
Ամիսներ տևած քննարկումներից հետո ԱՄՆ-ը համաձայնել է հեռահար ռումբեր ուղարկել Ուկրաինա: Associated Press գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Միացյալ Նահանգների պաշտոնյաները:
Վաշինգտոնը ցամաքային ռումբեր կմատակարարի որպես 2,17 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մաս, որի մասին, ինչպես սպասվում է, կհայտարարվի այսօր:
Պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ-ը կուղարկի չճշտված թվով փոքր տրամագծով ռումբեր՝ 150 կիլոմետր հեռահարությամբ:
Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար ռուս զինվոր և սպա։ Վերջին երեք ամիսների ընթացքում մահացածների մեծ մասը մոբիլիզացվածներ են, «Վագներ»-ի կամավորներ և վարձկաններ, այդ թվում՝ բանտարկյալներ։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության և Mediazona-ի համատեղ հետաքննության մեջ։
Բաց աղբյուրներից լրագրողները տեղեկացել են 924 մոբիլիզացված ռուսաստանցիների մահվան մասին։ Այս թիվը ներառում է հունվարի 1-ին Մակեևկայի հրթիռակոծության ժամանակ զոհվածներին։ Հետաքննողներին հաջողվել է պարզել արհեստագործական ուսումնարանի հրթիռակոծման հետևանքով զոհված 101 ռուս զինվորների անունները, որոնցից 99-ը մոբիլիզացվածներ են։ Առնվազն 18 այլ զինվորների ընտանիքներ չեն կարողանում գտնել իրենց զավակներին մահացածների կամ ողջերի մեջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է Մակեևկայում 89 զինծառայողի մահը։
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի բնակելի շենքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 4-ի, հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել մահացած կնոջ դի, գրել է Գոնչարենկոն Facebook-ում։