Կիևում հերքում են պաշտպանության նախարար Ալեքսեյ (Օլեքսիյ) Ռեզնիկովի մոտալուտ հրաժարականի մասին տեղեկությունները։
«Կառավարության պաշտպանական բլոկում այս շաբաթ փոփոխություններ չեն լինի», - Telegram-ում այսօր գրել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան՝ հերքելով նախօրեին իր իսկ հնչեցրած հայտարարությունները։
Դրանց համաձայն՝ Ռեզնիկովին պաշտպանության նախարարի պաշտոնում պետք է փոխարիներ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլո Բուդանովը։ Այդ նույն տեղեկատվության համաձայն՝ Ռեզնիկովը պետք է զբաղեցներ ռազմական արդյունաբերության նախարարի պաշտոնը։
Օրերս մամուլում հրապարակվել են հոդվածներ ուկրաինական բանակի համար պարենն ուռճացված գներով ձեռք բերելու մասին: Դրանից հետո պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը և պետգնումների վարչության փոխտնօրեն Բոհդան Խմելնիցկին հրաժարականներ են ներկայացրել: Այժմ նրանք մեղադրվում են կոռուպցիայի և Ուկրաինայի զինված ուժերի գործունեությունը խոչընդոտելու համար:
Financial Times պարբերականի փոխանցմամբ, General Dynamics ամերիկյան ընկերությունը M1 Abrams տեսակի հրասայլեր է արտադրելու Ուկրաինայի համար:
Օհայո նահանգի Լիմա ավանում ընկերության մասնաճյուղն ամեն ամիս այդ տեսակի 12 հրասայլ է արտադրում և սպասում է նախևառաջ Ուկրաինայի համար պատվերները կատարելու կարգադրության:
Financial Times-ի փորձագետները նշել են, որ Abrams տեսակի հրասայլերի սպասարկումը բավական բարդ է և վառելիքի մեծ սպառման պատճառով լուրջ նյութատեխնիկական աջակցություն է պահանջում:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Ուկրաինան Abrams-ներ կստանա ամենաշուտը 2023-ի տարեվերջին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորության հարցը ուսումնասիրության փուլում է։
«Զենքի մատակարարման հարցը դիտարկվել և մերժվել է Իսրայելի նախորդ կառավարության կողմից, ես կուսումնասիրեմ այս թեման և կտամ պատասխան, որը ընդունելի եմ համարում»,- ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ որոշումը կընդունվի՝ «հաշվի առնելով Իսրայելի ազգային շահերը»։
Նա հավելել է, որ Երուսաղեմը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
Ուկրաինան հայտնել է, որ պատերազմի ընթացքում մոտ 131 հազար 300 ռուսաստանցի զինծառայող է զոհվել, նրանցից 700-ն՝ անցած երկու օրում:
Ըստ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի՝ ռուսները կորցրել են 3220 հրասայլ, 6405 զրահամեքենա և 2226 հրետանային համակարգ:
Ընթացող պատերազմի պայմաններում անկախ աղբյուրները չեն կարող հերքել կամ հաստատել այդ տվյալները: Արևմուտքի փորձագետների տվյալներով՝ Ուկրաինայում զոհված և վիրավորված ռուսաստանցի զինծառայողների ընդհանուր թիվը մոտեցել է 200 հազարի:
Ռուսական հրթիռները հարվածներ են հասցրել Խարկովի կենտրոնին, հարձակման է ենթարկվել քաղաքի Կիևի շրջանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կա չորս տուժած։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ հրթիռներից մեկն ընկել է բնակելի թաղամասի վրա։
Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը ենթադրել է, որ Խարկովը հարձակման է ենթարկվել երկու С-300 հրթիռներով։ Նա հաստատել է, որ մեկ հրթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա։ Երկրորդ հարվածի արդյունքում ավերվել է տեղի համալսարանի շենքը։
Կանադան շաբաթ օրը Ուկրաինա է ուղարկել առաջին Leopard 2 տանկը, ասել է պաշտպանության նախարար Անիտա Անանդը։
Նա հավելել է, որ Օտտավան կշարունակի Կիևին տրամադրել «անհրաժեշտ սարքավորումներ»:
Հունվարի վերջին պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարեց, որ Կանադան ծրագրում է Ուկրաինային մատակարարել Leopard 2 չորս տանկ։ Կանադական Toronto Star թերթը նշել է, որ Օտտավան այդ տեխնիկայի հետ միասին կփոխանցի պահեստամասեր և զինամթերք, ինչպես նաև կսովորեցնի ուկրաինացի զինվորականներին դրանք օգտագործել։
Մեծ Բրիտանիայի երկու նախկին վարչապետեր Բորիս Ջոնսոնը և Լիզ Թրասը մտադիր են վերադառնալ քաղաքական ասպարեզ:
The Times բրիտանական օրաթերթի փոխանցմամբ, Թրասը մտադիր է հանրության ուշադրությունը հրավիրել տնտեսության ասպարեզում ներկայիս վարչապետ Ռիշի Սունակի սխալներին: Մինչդեռ, Ջոնսոնը քննադատելու է Սունակին Ուկրաինային ոչ պատշաճ չափով օգնելու համար:
Առաջիկա օրերին Թրասը ցանկանում է հեռակա կարգով բանավեճ սկսել Սունակի հետ և այդ նպատակով կհրապարակի հոդված հարկերի չափը նվազեցնելու և այդպես տնտեսությունը խթանելու անհրաժեշտության թեմայով:
Ջոնսոնն, իր հերթին, վերջերս ԱՄՆ կատարած այցի ընթացքում Սունակին կոչ է արել վճռական քայլերով սատարել Ուկրաինային: Նա ասել է, որ Վաշինգտոնը, Լոնդոնը և Կիևի մյուս դաշնակիցները չպետք է հապաղեն Ուկրաինային կործանիչներ, հեռահար հրթիռներ և այլ սպառազեն տրամադրելու հարցում:
Օդեսա քաղաքն ամբողջությամբ և Օդեսայի շրջանի մի մասը հոսանքազրկվել է: «Ուկրէներգո» ընկերությունը հայտնել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է խոշոր վթարի հետևանքով:
Այսօր վաղ առավոտյան ամբողջ Ուկրաինայի տարածքում օդային գրոհի տագնապ է հայտարարվել:
Ուկրաինային սահմանակցող Ռուսաստանի Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Ուկրաինայի կողմից գնդակոծվել է Կրասնոյե գյուղը, տուժածներ չկան: Գլադկովն անժամկետ երկարաձգել է ահաբեչության վտանգի ռեժիմը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Խարկովի շրջանում Դվուրեչնայա գյուղի արևմտյան հատվածից ուկրաինական ստորաբաժանումը դրւրս մղելու մասին: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այդ շրջանում մարտերի մասին տեղեկություններ այսօր չի հաղորդել:
Ռուսաստանին ենթարկվող Դոնեցկի ուժերը հայտնել են քաղաքի կենտրոնի հրետակոծության մասին, կան ավերածություններ, տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին ասել է, թե միանգամայն հնարավոր է, որ երկիրն արդեն այս տարի սկսի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները:
Այդ մասին նախագահը նշել է Կիևում Եվրամիության ղեկավարների հետ հանդիպելուց հետո:
Երեկ տեղի է ունեցել Ուկրաինա-Եվրամիություն գագաթնաժողովը, որին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և եվրոպական կառույցների տասնյակ բարձաստիճան այլ պաշտոնյաներ:
Դա առաջին գագաթնաժողովն էր, որը գումարվել է Ուկրաինայի տարածքում այդ երկրի վրա Ռուսաստանի հարձակումից հետո:
«Որո՞նք են մեր հանդիպման կոնկրետ արդյունքները: Մենք փաստեցինք, որ հնարավոր կլինի այս տարի սկսել անդամակցության բանակցությունները Եվրամիության հետ: Բացի այդ, մեր գործընկերների հետ կա ըմբռնում, որ այս տարի, ինչպես և անցյալ տարում էր, պետք է ուժեղացնել մեր երկրի պաշտպանական կարողությունը և ավելացնել Ռուսաստանի վրա ճնշումներն, այդ թվում՝ պատժամիջոցները»,- գիշերային տեսաուղերձում ասել է Զելենսկին:
Երեկ կողմերը քննարկել են եվրոպական շուկաներ ուկրաինական արտադրանքի փոխադրումը դյուրացնելու հնարավորությունը, պայմանավորվել են օգնություն տրամադրել ռուսների օդային հարվածներից քայքայված ուկրաինական էներգահամակարգին և սահմանել Մոսկվայի նկատմամբ նոր սանկցիաներ:
Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել 63 ռուսաստանցի ռազմագերիներ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը նշել է, թե «բանակցությունները բարդ էին, քանի որ ազատ արձակվածների խմբում կային «զգայուն կատեգորիայի» առանձին անձինք»: Գործարքը համաձայնեցվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ հայրենիք են վերադարձել 116 ուկրաինացիներ, այդ թվում՝ 87 զինծառայողներ:
Երմակի փոխանցմամբ, այդ խմբում կան Մարիուպոլի պաշտպաններ և դիպուկահարներ Բախմուտից:
Կիևը կարողացել է վերադարձնել նաև զոհված օտարերկրացի մարդասիրական խմբի աշխատակիցներ Քրիստոֆեր Փերրիի և Էնդրյու Բեգշոուի դիակներն, ինչպես նաև անցյալում Ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի անդամ, Ուկրաինայի կողմից կռվելու համար հակամարտության գոտի մեկնած մի անանուն անձի դին:
Ռուսները և ուկրաինացիներն այս տարվա ընթացքում առաջին անգամ հունվարին են գերիների փոխանակում իրականացրել:
Ռազմագերիների իրավունքների հարցերով Ուկրաինայի հանձնակատար Ալյոնա Վերբիցկայայի փոխանցմամբ, այսօրվա դրությամբ Ռուսաստանում պահվում է մոտ 3 հազար ուկրաինացի ռազմագերի, բացի այդ, ևս ավելի քան 15 հազար մարդ համարվում է անհետ կորած: Ռուսաստանն իր գերիների մասին տեղեկություններ չի հրապարակում: