Երեկ ուշ երեկոյան և գիշերը Ուկրաինայի արևելյան գրեթե բոլոր շրջաններում օդային տագնապ էր հայտարարվել: Ուկրաինական կողմը հաղորդում է անօդաչու թռչող սարքերի և պայթյունների մասին:
Կիևի շրջանային վարչությունը հայտնել է, որ երկնքում որոշակի «օդային թիրախ» է հայտնվել։ Ըստ երևույթին, դա կամիկաձե անօդաչու թռչող սարք է. ավելի վաղ մի քանի անօդաչուների մասին էր հաղորդվել Ուկրաինայի այլ շրջաններից։ Տելեգրամ ալիքները գրում էին Կիևի շրջանում պայթյունների ձայների մասին։ Պայթյուններ են գրանցվել Դնեպր քաղաքի մոտակայքում։ Մանրամասներ չեն հաղորդվում:
Զապորոժիեում կիրակի օրն ավարտվել է հինգհարկանի բնակելի շենքի փլատակների մաքրումը, որը խոցվել էր ռուսական հրթիռով մարտի 2-ի գիշերը։ Նոր դիակներ չեն հայտնաբերվել՝ զոհերի թիվը մնացել է նույնը՝ 13 մարդ, այդ թվում՝ 8 ամսական երեխա։
Այսօր կեսօրից հետո ռուսական բանակը գնդակոծել է Դարեև համայնքի Պոնյատովկա գյուղը։ Նախնական տեղեկություններով՝ զոհվել է Խերսոնի շրջանի երեք խաղաղ բնակիչ, հայտնում է շրջանի վարչության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ռուսական կողմը միտումնավոր հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ խաղաղ բնակիչներ են եղել։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը մանրամասնել է, որ սպանվել է կին և երկու երեխա։
Մեծ Բրիտանիան Ուկրաինային խոստացվածից երկու անգամ ավելի շատ Challenger 2 տեսակի բրիտանական արտադրության հրասայլեր կփոխանցի: Բացի այդ, բրիտանացիները կավելացնեն Կիևին տրամադրելիք AS-90 տեսակի ինքնագնաց հաուբիցների թիվը:
Բրիտանիան նաև ավելի մեծ թվով ուկրաինացի զինծառայողներ կընդունի վարժական հրաձգարաններում պատրաստություն անցնելու համար: Այդ մասին հայտնել է Բրիտանիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Վադիմ Պրիստայկոն:
Նրա խոսքով, բրիտանացիներն այդ որոշումն ընդունել են Լոնդոն փետրվարի 8-ին նախագահ Վլադիմիր Զելենսկու կատարած այցից հետո:
«Ինչ վերաբերում է Challenger 2-ներին, ապա 14-ի փոխարեն կրկնակին կստանանք, բացի այդ Բրիտանիան կտրամադրի AS-90 տեսակի 155 միլիմետր տրամաչափի ոչ թե 30, այլ 33 ինքնագնաց հաուբիցներ»,- ասել է դեսպանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է «հատուկ ռազմական օպերացիայի» գոտի, որտեղ հանդիպել է զինծառայողներին և նրանցից մի քանիսին շքանշաններ է շնորհել: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, Շոյգուն այցելել է Հարավդոնեցկյան ուղղությամբ տեղակայված հրամանատարական կենտրոններից մեկը, որտեղ նրան իրավիճակի մասին զեկույց է ներկայացրել զորքերի խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովը:
«Նախարարը կարգադրել է հատուկ ուշադրություն հատկացնել ռազմական խմբավորման համակողմանի ապահովման, այդ թվում՝ անձնակազմի անվանգ տեղավորման հարցերին, բուժծառայությունների և թիկունքի ստորաբաժանումների աշխատանքին»,- ասվում է հաղորդագրությունում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերահաստատել են Ուկրաինային աջակցելու պատրաստակամությունը, հայտնում է Սպիտակ տունը։
Երկու երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինային անվտանգության, հումանիտար, տնտեսական և քաղաքական օգնություն տրամադրելու շարունակական ջանքերը և ուկրաինացի ժողովրդի հետ համաշխարհային համերաշխության պահպանման կարևորությունը, ասված է հաղորդագրության մեջ։
Նրանք նաև վերահաստատել են «ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրությունը» և մտքեր են փոխանակել գլոբալ այլ հարցերի շուրջ։
Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին նշել էր, որ Բայդենն ու Շոլցը հանդիպման ժամանակ պետք է քննարկեն Ուկրաինայի «ռազմական կարիքները» գարուն-ամառ ժամանակահատվածի համար։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Չինաստանն իր օրակարգից դեռ չի հանել Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունում օգտագործելու համար մահաբեր զենք մատակարարելու հնարավորության հարցը։
CNN-ին տված հարցազրույցում նա միաժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը դեռ չի կարծում, որ Չինաստանի իշխանությունները «որոշում են կայացրել» այս ուղղությամբ։
Փետրվարի 27-ին Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Պեկինը չի հանդուրժի ԱՄՆ-ի սպառնալիքներն ու ճնշումները չին-ռուսական հարաբերությունների հետ կապված։
Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով, ևս 8 մարդ տուժել է, 10 մարդ համարվում է անհետ կորած Զապորոժիեում։
Բնակավայրը ռուսական ուժերի թիրախում էր հայտնվել անցած գիշեր, հրթիռային հարվածից հինգհարկանի բնակելի շենք էր ավերվել։ Վերջին օրերին ռմբակոծվել են նաև Խարկովի ու Խերսոնի մարզերը։
Իրավիճակը, սակայն, թեժ է ոչ միայն Ուկրաինայում։ Արդեն մի քանի օր է, պայթյունների, հարձակումների մասին տեղեկություններ են ստացվում նաև Ռուսաստանի տարածքից, նույնիսկ մայրաքաղաք Մոսկվայից քիչ հեռու գտնվող Կոլոմնայից։ Երեկ երեկոյան մերձմոսկովյան այս քաղաքի բնակիչները ուժեղ պայթյունի ձայն էին լսել։ Պետական լրատվամիջոցները հաղորդել էին, թե ամենայն հավանականությամբ անօդաչու սարք է պայթել Մոսկվայի մարզի երկնքում։
Իսկ Կուրսկի մարզում, ռուսական աղբյուրների հաղորդմամբ, Ուկրաինայի զինված ուժերն այսօր ականանետներից կրակել են Ուկրաինայի հետ սահմանին կառուցվող պաշտպանական գծի ուղղությամբ։
Սպիտակ տան համոզմամբ՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման պայմաններ այսօր չկան:
Այդ մասին մարտի 2-ին ասել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
«Կարծում եմ՝ մի քանի ամիս առաջ, երբ այստեղ էր {Ուկրաինայի նախագահ Վլադիմիր} Զելենսկին, նախագահ Ջո Բայդենն այդ մասին խոսել է, ասելով, որ եթե Պուտինն իսկապես անկեղծ և լուրջ ցանկանա բանակցել խաղաղության շուրջ, ապա նախագահը կքննարկի դրա հնարավորությունը», - ասել է Քիրբին՝ նշելով, որ այդ մոտեցումը չի փոխվել:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Ուկրաինային մարտական օդանավերի տրամադրումը և Լեհաստանում դրանց սպասարկման ու նորոգման կենտրոնի տեղակայումը կնշանակի ՆԱՏՕ-ի ուղիղ ներքաշում Ռուսաստանի դեմ պատերազմում:
«Այդ որոշումը կայացնող բոլոր անձանց Ռուսաստանը կհամարի օրինական ռազմական թիրախներ», - Տելեգրամ ալիքում գրել է Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ դեռ 1920-ական թվականներին միջազգային ասպարեզում ճանաչում է ստացել թեզը, որի համաձայն երկիրը կարող է պատերազմի մասնակից համարվել, եթե սպառազեն տրամադրելուց զատ նաև իր տարածքում թշնամու զորակազմի ուսուցում է կազմակերպում:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր ասել է, թե չնայած ռազմավարական հարձակողական սպառազենի պայմանագրին մասնակցությունը սառեցնելու որոշմանը` Ռուսաստանը չի լինի առաջին երկիրը, որը կխախտի միջուկային փորձարկումների արգելման համաձայնագիրը:
«Եթե Միացյալ Նահանգները միջուկային փորձարկում չիրականացնի, մենք էլ դա չենք անի, բայց պետք է պատրաստ լինել վատթարին», - ասել է Ռյաբկովը:
Այդ մասին փոխնախարարը խոսել է Ժնևում ապառազմականացման հարցով տեղի ունեցած համաժողովից հետո:
«Ռուսաստանը 2000 թվականին վավերացրել է Համապարփակ միջուկային փորձարկումների արգելման պայմանագիրը, իսկ դրան նախորդել է միջուկային փորձարկումների երկարատև մորատորիում»,- ասել է Ռյաբկովը՝ նշելով, որ Մոսկվան չի ցանկանում դա խախտել: