ՄԱԿ-ի քննիչ հանձնաժողովը Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաներին իր տարածք տեղափոխելը ռազմական հանցագործություն է որակել։
Երեկ հրապարակված զեկույցում ընդգծվում է, որ միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է, մի քանի հազվադեպ բացառություններով, երեխաների տարհանումը զինված հակամարտության որևէ մեկի կողմից:
Հանձնաժողովի ղեկավար, նորվեգացի դատավոր Էրիկ Մյոսեն մամուլի ասուլիսում հայտնել է, որ գործընկերների հետ մանրամասն ուսումնասիրել է Դոնեցկի, Խարկովի և Խերսոնի մարզերից 4-ից մինչև18 տարեկան 164 երեխաների գործերը։ Ինչպես գրում են հանձնաժողովի անդամները զեկույցում, երեխաները և ծնողները պատմել են, որ ռուսական սոցիալական ծառայությունները երեխաներին ասել են, թե նրանց փոխանցելու են ռուս ընտանիքներին: Ուկրաինացի երեխաները «լուրջ մտավախություն են հայտնել», որ իրենց ընդմիշտ կբաժանեն հարազատներից:
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ փետրվարի դրությամբ ռուսները երկրից դուրս են բերել 16 հազար 221 ուկրաինացի երեխայի (ՄԱԿ-ի հանձնաժողովն ասում է, որ չի կարող հաստատել այս թիվը): Ուկրաինան բազմիցս դա անվանել է հանցագործություն և ձգտում է վերադարձնել երեխաներին:
Կրեմլը երեկ Մոսկվա էր հրավիրել արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Սիրիայի նախագահին: Պուտինի հետ հանդիպմանը Բաշար Ասադը ընդգծել է, որ ամբողջությամբ աջակցում է Ռուսաստանին այս պատերազմում։
«Ուզում եմ Ուկրաինայում պատերազմից հետո այս առաջին այցի առիթով թարմացնել Սիրիայի դիրքորոշումը՝ մենք աջակցում ենք Ռուսաստանին նոր և հին նացիստների դեմ այս պատերազմում», - ասել է Սիրիայի նախագահը։
Ավելին, Մոսկվայում Ասադը նաև հայտարարել է, որ ճանաչում է Ուկրաինայի բռնակցված նոր շրջանները որպես Ռուսաստանի մաս։
Ու մինչ Ասադը իր շնորհակալությունն ու աջակցությունն էր հայտնում Ռուսաստանի նախագահին, Պենտագոնի ղեկավարը երեկ երեկոյան Ռամշտայնի ձևաչափով հանդիպումից հետո կրկին հավաստիացրել է, որ Արևմուտքը կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի. - «Այժմ Ուկրաինային կտրամադրվեն հետևակի մարտական մեքենաներ, ինչպես նաև տանկեր, որոնք շուտով կհայտնվեն Ուկրաինայի մարտական դիրքերում: Ուկրաինացի զինվորների վերապատրաստման շնորհիվ մենք առաջիկայում գործողություններ կտեսնենք մարտի դաշտում»։
Ուկրաինական զորքերի հակահարձակումը կարող է սկսվել արդեն մայիսին, կարծում է ամերիկյան Politico ն՝ հիմնվելով ամերիկյան աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա։ Նշվում է, որ Կիևի ղեկավարությունը դեռ չի որոշել հակահարձակման ռազմավարությունը, սակայն կա երկու տարբերակ. առաջին դեպքում հարձակում դեպի հարավ՝ Խերսոնով դեպի Ղրիմ, երկրորդ սցենարը ներառում է հյուսիսից դեպի արևելք, հետո հարավ։
Politico-ի աղբյուրներն ավելի իրատեսական են համարում երկրորդ տարբերակը, քանի որ ռուսական բանակը ուժեղացրել է պաշտպանությունը Դնեպր գետի արևելյան ափին, իսկ Ուկրաինայի զինված ուժերը չունեն բավարար կենդանի ուժ հաջող դեսանտային գործողության համար։
Նախագահ Զելենսկին պնդում է, թե չնայած դժվարություններին` ուկրաինական բանակը Արևմուտքի օգնությամբ կարող է տապալել ռուսական ագրեսիան: Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռամշտայնի ձևաչափով հերթական հանդիպումից հետո, որտեղ արևմտյան երկրները քննարկում են, թե ինչ օգնություն են տրամադրելու Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար:
«Կայացել է ևս մեկ հանդիպում Ռամշտայնի ձևաչափով, արդեն տասներորդը։ Մեր զինվորների զինամթերքը, հրետանին, տանկերը, Ուկրաինայի երկնքի պաշտպանությունը՝ այս ամենը քննարկվել է, լուծում կա։ Շնորհակալություն ԱՄՆ-ին, որը համակարգում է Ռամշտայնը։ Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին օգնությունը շարունակելու պատրաստակամության համար», - ասել է Զելենսկին։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարն իր հերթին պնդել է, թե Ռուսաստանում զենքը սպառվում է, Մոսկվան կորցնում է ընկերներին, մինչդեռ հակապուտինյան կոալիցիան ընդարձակվում է և ամրապնդվում:
Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբը սկսել է իր տասներորդ առցանց հանդիպումը Ռամշտեյնի ձևաչափով, հայտնում է Պենտագոնը։
Քաղաքական գործիչները ավելի վաղ հայտարարել էին, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են Ուկրաինայի «ամենակարևոր» կարիքները։
Իններորդ հանդիպմանը գործընկեր երկրները խոստացել են օգնել Ուկրաինային գարնանը անցնել հակահարձակման։
Կիևը շարունակ պնդում է, որ, չնայած բարդ իրավիճակին, ռազմի դաշտում ուկրաինական բանակը պատրաստվում է հակահարձակման։ Այս մասին ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը՝ մեկնաբանելով ամերիկյան The Washington Post թերթի հրապարակումը, որի հեղինակները գրել էին, թե ուկրաինական բանակը դժվար թե կարողանա առաջիկա ամիսներին իրականացնել հակահարձակումը, քանի որ ուկրաինացիների շարքերում մեծ են կորուստները։
«Այո, դժվար իրավիճակ է, մենք արդեն մեկ տարի է, ինչ պատերազմ ենք մղում մեծ երկրի դեմ։ Գիտեինք, որ մեզ համար դժվար է լինելու, բայց հիմա իրավիճակը սրել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունով, իսկապես հաճելի բան չէ», - ասել է Դանիլովը:
Մարտի 13-ին Washington Post-ը գրել էր, թե ուկրաինացի պաշտոնյաները սկսել են կասկածի տակ դնել Կիևի՝ երկար սպասված գարնանային հարձակումը սկսելու պատրաստակամությունը։
Իր հերթին, Մոսկվան պատերազմը ավարտելու որևէ նշան չի ցուցադրում։ Հակառակը, ապրիլի 1-ից կսկսվի նոր պայմանագրային զինծառայողներով Ռուսաստանի բանակի համալրման գործընթացը, պաշտպանության նախարարությունը մտադիր է պայմանագրեր կնքել 400 հազար մարդու հետ։ Պաշտպանության նախարարության պլանների համաձայն, Չելյաբինսկի և Սվերդլովսկի մարզերում, օրինակ, ռազմական ծառայության պետք է անցնի 10 հազար մարդ, Պերմի երկրամասում՝ 9 հազար։ Խոսքը նոր մոբիլիզացիայի մասին չէ, Կրեմլը պարբերաբար շեշտում, որ նոր մոբիլիզացիա չի լինելու, խոսքը պայմանագրային զինծառայողների մասին է։
Ռուսաստանի նախագահն այսօր Ուլան Ուդեի ավիացիոն գործարանում հայտարարել է, թե Ուկրաինայի դեմ պատերազմը ռուսական պետության գոյատևման համար է։
«Ռուսաստանը պետք է համախմբվածություն և սառնասրտություն դրսևորի՝ հաղթանակի հասնելու համար։ Եթե Արևմուտքի համար Ուկրաինայի հետ կապված իրավիճակում խոսքը աշխարհաքաղաքական վիճակի բարելավման մասին է, ապա Ռուսաստանի համար դա պայքար է պետականության գոյատևման համար», - ասել է Վլադիմիր Պուտինը։
Ընդ որում, Պուտինը կրկին շեշտել է, թե պատերազմն ու աննախադեպ պատժամիջոցները չեն վնասել Ռուսաստանին, հակառակը, նրա խոսքով՝ երկիրը դարձել է ավելի ուժեղ և ինքնիշխան։
Ավելի քան մեկ տարի շարունակվող պատերազմից, հազարավոր զոհերից ու խաղաղ մարդկանց սպանություններից հետո Կրեմլի խոսնակն իր հերթին ակնարկել է, որ Մոսկվան կանգ առնելու մտադրություն չունի։
«Ուկրաինայում Ռուսաստանի նպատակների իրագործումը հնարավոր է միայն ռազմական ճանապարհով», - ասել է Դմիտրի Պեսկովը։ - «Մոսկվայի բոլոր պահանջները քաջ հայտնի են, հայտնի են նաև ներկայիս փաստացի իրավիճակը և նոր իրողությունները: Անցում դեպի խաղաղություն հնարավոր չէ առանց դա հաշվի առնելու։ Մենք պետք է հասնենք մեր նպատակներին։ Այժմ դա հնարավոր է միայն ռազմական ճանապարհով՝ հաշվի առնելով Կիևի ռեժիմի ներկայիս դիրքորոշումը։ Այստեղ ոչինչ չի փոխվել»։
Ռուսաստանը բարձր է գնահատում այն երկրների դերը, որոնք փորձում են նպաստել հակամարտության կարգավորմանը խաղաղ բանակցություններով։ Սակայն այժմ դա հնարավոր չէ, ընդգծել է Պուտինի խոսնակը։
ՄԱԿ-ի տվյալներով, պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է ավելի քան 8000 խաղաղ բնակիչ, այդ թվում 494 երախա։ Ընդ որում, ՄԱԿ-ը շեշտում է, թե իրական թվերը շատ ավելին են, քանի որ այն շրջաններից, որտեղ ընթանում են ակտիվ ռազմական գործողություններ, տեղեկություն ստանալը բարդ է։
Այսօր ռուսական ուժերը ռմբակոծել են Կրամատորսկ քաղաքը, կան զոհեր և ավերվածություններ։
Ռուսական ուժերն այսօր առավոտյան Ուկրաինայի արևելքում հրթիռակոծել են Կրամատորսկ քաղաքը։
Տեղի իշխանությունը և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում են, որ առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։ Քաղաքի կենտրոնում հրթիռի պայթյունի հետևանքով վեց շենք է վնասվել։
Կրամատորսկը ռազմաճակատի գծից 25 կիլոմետր է հեռու և ռուսական ուժերի կողմից հաճախ է հրետակոծվում։
Ուկրաինական մարտադաշտում իրավիճակը էապես չի փոխվել։ Ռուսները կատաղի հարձակվում են Բախմուտի ուղղությամբ, ուկրաինացիները՝ կատաղի դիմադրում։
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը այսօր խոստովանել է, որ ռուսների առաջխաղացումը Բախմուտում չափազանց ծանր է ընթանում․ - «Բախմուտում իրավիճակը ծանր է, շատ ծանր։ Հակառակորդը կատաղի դիմադրում է յուրաքանչյուր մետրի համար։ Ինչքան շատ ենք առաջ գնում, այնքան դժվար է դառնում։ Ուկրաինացիները անդադար հրետանի են օգտագործում, նոր ռեզերվներ բերում»։
Հանգստյան օերին ռուսներին չի հաջողվել առաջ գնալ, շփման գիծը վերջին օրերին անցնում է Բախմուտկա գետով։ Առավել կատաղի մարտերը Բախմուտի արդյունաբերական հատվածում են։ Ընդ որում, քաղաքի այն շրջանները, որոնք ռուսներին հաջողվել է գրավել, ամբողջովին վերածվել են ավերակների։ Սակայն ուկրաինական բանակը չի հեռանում։
Արևմտյան փորձագետները արձանագրում են, որ կողմերը Բախմուտի համար պայքարում հսկայական կորուստներ ունեն։ Օրերս Mediazona հրատարակությունը հրապարակել է Ուկրաինայում ռուսական բանակի հաստատված կորուստների ամփոփագիրը, որի հաշվարկներն իրականացվում են BBC-ի հետ համատեղ։ Զոհվածների ցուցակում երկու շաբաթվա մեջ 1638 նոր անուն է ավելացել, ընդհանուր թիվը հասել է 16774-ի։
Հրապարակման մեջ ընդգծվում է. որ սա երկու շաբաթվա կտրվածքով ռուսական բանակում հաստատված կորուստների ռեկորդային թիվ է մեկ տարուց ավելի շարոնակվող պատերազմի ընթացքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այս տվյալները որևէ կերպ չի մեկնաբանել։ Ուկրաինան սեփական կորոստների մասին պաշտոնական տվյալներ չի հայտնել։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կիրակի երեկոյան «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հեռարձակված հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինացի քաղաքական գործիչներն ուղղակի ներգրավվածություն են ունեցել անցած շաբաթ Թբիլիսիում ծավալված իրադարձություններին։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ այդ ներգրավվածության ամենավառ ապացույցը Ուկրաինայի նախագահի կողմից վրաց ցուցարարներին աջակցություն հայտնելու մասին հայտարարություններ էին։
«Երբ պատերազմի մեջ գտնվող մարդը ժամանակ է գտնում Վրաստանում մի քանի հազար մարդու մասնակցությամբ ընթացող ապակառուցողական ակցիաները մեկնաբանելու համար, դա վկայում է այն մասին, որ նա ներգրավված է այդ ամենում և ցանկանում է, որ այստեղ ինչ-որ բան փոխվի», - հայտարարել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ «հայտարարություններ են անում Կլիչկոն, Արախամիան, ինչ-որ անհաջողակներ՝ պնդելով, որ այստեղ փոփոխություններ և իշխանափոխություն է հարկավոր»։ «Դուք ձեր երկրին հետևեք, մենք էլ մեր երկրին կհետևենք», - հայտարարել է Ղարիբաշվիլին։
Մոսկվայի մարզից մոբիլիզացվածների կանայք և մայրերը տեսաուղերձով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ Նրանք պնդում են, որ իրենց ամուսիններին և որդիներին ռուսական բանակի շարքերից տեղափոխել են այսպես կոչված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» և «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ուժերի հրամանատարության տակ։ Այնտեղ, ըստ նրանց, ռազմական մասնագիտությամբ հրետանավոր մոբիլիզացվածներից կազմել են գրոհային ջոկատներ:
«Դիմում ենք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և Սերգեյ Կուժուգետովիչ Շոյգուին: {....} Մարտի սկզբին նրանց բանավոր հայտարարվեց, որ նրանք այժմ գրոհային հետևակ են: Դասընթացը տևել է չորս օր։ Արդեն երրորդ օրն է, ինչ ամուսինս և մյուս մոբիլիզացված հրետանավորները գտնվում են հակառակորդի հետ շփման գծում», - ասում են կանայք:
Հարազատները պնդում են, որ իրենց ամուսիններին ու որդիներին առանց համապատասխան պատրաստվածության որպես «թնդանոթի միս» ուղարկում են առաջնագիծ:
Վերջին շաբաթներին համացանցում տեսաուղերձներ են հրապարակել Իրկուտսկի, Բելգորոդի և Կալինինգրադի շրջաններից, ինչպես նաև Տուվայից մոբիլիզացված զինծառայողները։ Նրանք բոլորը բողոքում են, որ իրենց տեղափոխել են Դոնբաս՝ այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հրամանատարության տակ, որոնք մոբիլիզացվածներից ձևավորել են հարձակողական ջոկատներ։
Նրանց խոսքով՝ հրամանատարությունը ներկա չէ առաջնագծում, իրենց ստիպում են մարտի գնալ առանց տեխնիկայի, առանց հրետանու և հետախուզության աջակցության, իսկ հրաժարվելու դեպքում՝ սպառնում են բռնություն կիրառել։ Ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրում։
Ավելի վաղ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ վերջին երեք ամիսների ընթացքում զոհվածների մեծ մասը մոբիլիզացվածներն են, կամավորները և բանտարկյալները։ Ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից լրագրողներին հաջողվել է հաստատել ավելի քան 15 հազար ռուսների մահը, նրանցից հազարից ավելին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մոբիլիզացվածներ են:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան մոտ ապագայում չի ակնկալում կործանիչների մատակարարում։
Կուլեբայի խոսքով՝ կործանիչների մատակարարումը ծանր խնդիր է նյութատեխնիկական տեսանկյունից։
«Մենք ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը պետք է սկսվի հիմա: Երբ որոշում կայացվի ինքնաթիռներ տրամադրելու մասին, մենք դրա վրա երկար ամիսներ ծախսելու կարիք չենք ունենա»,- հայտարարել է նախարարը:
Նա հավելել է, որ մինչ այժմ ոչ մի երկիր Ուկրաինային խոստումներ չի տվել կործանիչների մատակարարման վերաբերյալ։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային չորրորդ կամ հինգերորդ սերնդի կործանիչներ տրամադրելու հարցը։ Դիվանագետը հավելել էր, որ հնարավոր մատակարարումների մասին որոշումը կկայացվի Կիևի կարիքները գնահատելուց հետո։