Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը խոստացել է հետևել Միջազգային քրեական դատարանի օրդերին և ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր երկիր նրա այցի դեպքում, հաղորդում է գերմանական Die Zeit պարբերականը:
«Ակնկալում եմ, որ Միջազգային քրեական դատարանն արագ կկապվի Ինտերպոլի և անդամ պետությունների հետ ու կպահանջի օրդերի կատարումը: Այնուհետև Գերմանիան պարտավոր կլինի ձերբակալել Պուտինին, երբ նա մուտք գործի գերմանական տարածք, և հանձնի նրան Միջազգային քրեական դատարանին», - ասել է Բուշմանը Bild am Sonntag պարբերականին:
Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է իրավական գնահատական տալ «Գերմանիայի տարածքում ՌԴ քաղաքացու ձերբակալության՝ Միջազգային քրեական դատարանի ապօրինի պահանջը կատարելու մասին» Գերմանիայի արդարադատության նախարարի հայտարարություններին, հաղորդում է ՌԴ ՔԿ-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Դոնբասի Մարիուպոլ քաղաք, որը ռուսական զինված ուժերն անցած տարվա գարնանն են վերցրել վերահսկողության տակ:
Այսօր վաղ առավոտյան Կրեմլի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը ժամանել է ուղղաթիռով, ապա ավտոմեքենայով շրջել է քաղաքի շրջաններով, ղեկին ինքն է եղել: Նա դիտել է մի շարք օբյեկտներ, զրուցել տեղացիների հետ:
Փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը ներկայացրել է Մարիուպոլի և արվարձանների շինարարության ու վերականգնման աշխատանքների ընթացքը: Խոսք է եղել, մասնավորապես, նոր բնակելի թաղամասերի, կրթական և սոցիալական օբյեկտների շինարարության մասին:
Խուսնուլինը հայտնել է նաև, որ Մարիուպոլը Դոնեցկին կապող ավտոմայրուղու շինարարությունն արդեն ավարտվել է:
Բացի այդ, Պուտինը Դոնի Ռոստովում «հատուկ ռազմական գործողության» հրամանատարական կետում խորհրդակցություն է անցկացրել, լսել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և այլ հրամանատարների զեկույցները, փոխանցում է Կրեմլը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրն այցելել է Ղրիմ։ Հրապարակվել են կադրեր Սևաստոպոլի արվեստի դպրոցից, որտեղ Պուտինը դիտում է սրահներում ներկայացված ցուցանմուշները։
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ղրիմում նշում են Ռուսաստանին միանալու 9 տարին։
Ուկրաինան և միջազգային հանրությունը գտնում են, որ 2014 թվականին Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը։
ԱՄՆ-ի պաշտպանության և անվտանգության ոլորտի ղեկավարները՝ պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Մարկ Միլին և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ուկրաինացի գործընկերների հետ քննարկել են Ուկրաինային անհրաժեշտ զենք-զինամթերք տրամադրելու հարցերը։ Հեռավար հանդիպմանը ուկրաինական կողմից տեսակապով մասնակցել են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին և բարձրաստիճան այլ հրամանատարներ։
Հեռավար այս հանդիպման մասին շաբաթ օրը տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նա նաև հայտնել է, որ վերջում հեռավար հանդիպմանը միացել է նաև նախագահ Զելենսկին՝ հայտնելու իր տեսակետները Ռուսաստանի կողմից գրաված տարածքները ազատագրելու վերաբերյալ։
«Մենք մեր դաշնակիցներին հանգամանալից տեղեկացրել ենք ռազմաճակատի ներկայիս իրավիճակի, ամենադժվարին հատվածներում մարտական գործողությունների, ինչպես նաև ուկրաինական բանակի հրատապ կարիքների մասին»,- «Թվիթերում» գրել է Երմակը։
Չի բացառվում, որ ինչ-որ պահի Վլադիմիր Պուտինը կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին՝ Հաագայի միջազգային քրեական դատարանում ասել է գլխավոր դատախազ Քարիմ Խանը։
«Կարծում եմ՝ նրանք, ովքեր դա անհնարին են համարում, պատմություն չգիտեն, որովհետև նացիստական գլխավոր ռազմական հանցագործները, Միլոշևիչը, Կարջիչը, (Լիբերլիայի) նախկին նախագահ Չարլզ Թեյլորը, նախկին վարչապետ Ժան Կամբանդան Ռուանդայից, նրանք բոլորը ուժեղ, ազդեցիկ մարդիկ էին և նրանք բոլորը հայտնվեցին դատարանի դահլիճում։ Սա հիմք է տալիս հուսալու, որ օրենքը կարող է հաղթանակել, որքան էլ դա դժվարին լինի»,- ասել է Քարիմ Խանը։
Նրա խոսքերով՝ ոչ ոք չպետք է մտածի, թե ինքը ռազմական հանցագործությունների ու մարդկության դեմ հանցանքների գործողությունների անպատիժ ազատություն ունի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային իր ավանդական ամենօրյա ուղերձում պատմական է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու միջազգային քրեական դատարանի որոշումը։
«Այդպիսի հանցավոր գործողություն հնարավոր չէր կատարել առանց ահաբեկիչ-երկրի գլխավոր ղեկավարության հրամանի։ Երեխաներին ընտանիքներից բաժանելը, հարազատների հետ կապվելու ցանկացած հնարավորությունից զրկելը, երեխաներին Ռուսաստանի տարածքում թաղելը, հեռավոր տարածաշրջաններով ցրելը՝ այս ամենը ակնհայտորեն ռուսական պետական քաղաքականություն է, պետական որոշում, պետական չարիք, սկսած այդ պետության առաջին պաշտոնատար անձից։ Ես երախտապարտ եմ դատախազ Քարիմ Խանի թիմին և միջազգային քրեական դատարանին և աշխարհում բոլորին, ովքեր օգնում են մեզ պայքարելու հանուն արդարության»,- ասել է Զելենսկին։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու Հաագային միջազգային քրեական դատարանի որոշումը, ասել է` հարցն ինքնին համարում են վրդովվեցուցիչ և անընդունելի։
«Ռուսաստանը, ինչպես և մի ամբողջ շարք երկրներ, չեն ճանաչում այդ դատարանի իրավասությունը։ Համապատասխանաբար նմանատիպ ցանկացած որոշում իրավունքի տեսակետից Ռուսաստանի համար առ ոչինչ է», - ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու Հաագային միջազգային քրեական դատարանի որոշումը, ասել է` հարցն ինքնին համարում են վրդովեցուցիչ և անընդունելի։
«Ռուսաստանը, ինչպես և մի ամբողջ շարք երկրներ, չեն ճանաչում այդ դատարանի իրավասությունը։ Համապատասխանաբար նմանատիպ ցանկացած որոշում իրավունքի տեսակետից Ռուսաստանի համար առ ոչինչ է», - ասել է Պեսկովը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնհայտորեն ռազմական հանցագործություններ է կատարել, և Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ նրան ձերբակալելու օրդեր տրամադրելու վերաբերյալ, արդարացված է։
Հաագայի միջազգային քրեական դատարանը երեկ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Նա կասկածվում է ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։
Միացյալ Նահանգները եկել է այն եզրակացության, որ ռուսական ուժերը ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում և աջակցում է ռազմական հանցագործությունների մեղավորների պատասխանատվությանը, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Պետդեպարտամենտի խոսնակն էլեկտրոնային փոստով ուղարկված հայտարարության մեջ:
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։
Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։
Ավելի վաղ ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաների տեղափոխումը Ռուսաստանի տարածք կարող է ռազմական հանցագործություն համարվել։