Եկատերինբուրգում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է The Wall Street Journal-ի լրագրող, ամերիկացի Էվան Գերշկովիչը, այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հանրային կապերի կենտրոնը։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ՌԴ ԱԳՆ-ում հավատարմագրված ամերիկյան The Wall Street Journal թերթի մոսկովյան բյուրոյի թղթակից՝ ԱՄՆ քաղաքացի, 1991 թվականին ծնված Էվան Գերշկովիչի անօրինական գործունեությունը, ով կասկածվում է ամերիկյան կառավարության շահերի օգտին լրտեսության մեջ», - հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից։
Ըստ հաղորդագրության՝ Գերշկովիչը, «գործելով ամերիկյան կողմի ցուցումներով, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին»։
Նախօրեին Եկատերինբուրգում մի քանի լրատվամիջոցներ հաղորդել էին, որ լրագրող Էվան Գերշկովիչն անհետ կորել է: Գործընկերները հայտնել էին, որ նա Եկատերինբուրգ էր մեկնել` հետաքննելու, թե ինչպես է «Վագներ» մասնավոր ընկերությունը հավաքագրում տեղի բնակիչներին` Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար:
WSJ-ը հերքում է իր լրագրողի հասցեին մեղադրանքները և պահանջում անհապաղ նրան ազատ արձակել:
Մինսկում բերման են ենթարկել Ալեքսեյ Մոսկալյովին՝ հակապատերազմական նկարի հեղինակ աշակերտուհու հորը։ Ռուսաստանում նրան երկու տարվա ազատազրկման են դատապարտել ռուսական բանակը բազմիցս «վարկաբեկելու» մեղադրանքով։
Անցյալ տարվա ապրիլին Մոսկալյովի դուստրը՝ Մաշան, դպրոցում արվեստի դասին նկարել էր Ուկրաինայի դրոշի մոտ կանգնած և երեխային Ռուսաստանից թռչող հրթիռներից պաշտպանող կնոջ։ Դպրոցի տնօրենը ոստիկանություն էր կանչել, հաջորդ օրը աղջկան դասից դուրս էին բերել և հոր հետ տարել բաժին։
Հայրը տնային կալանքի տակ էր հայտնվել: Մարտի 28-ին Ալեքսեյ Մոսկալյովը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, դատարանը նաև որոշել է, որ նրա դուստրը տեղափոխվելու է սոցիալական ծառայությունների խնամքի տակ։ Դատավճռի հրապարակման ժամանակ Մոսկալյովը ներկա չէր դատարանի դահլիճում, քանի որ մարտի լույս 28-ի գիշերը փախուստի էր դիմել տնային կալանքից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Associated Press գործակալության հետ զրույցում ասել է, որ եթե Բախմուտ քաղաքն անցնի Ռուսաստանի վերահսկողությանը, Պուտինն այդ հաղթանակը «վաճառելու է» Արևմուտքին, Չինաստանին, Իրանին և իր հասարակությանը՝ ուժի դիրքերից Կիևի վրա ճնշումն ավելի մեծացնելու համար։
Հարցազրույցում Զելենսկին նաև պատրաստակամություն է հայտնել Կիևում ընդունել Չինաստանի նախագահին, որը նախորդ շաբաթ Մոսկվայում էր։ «Ես ուզում եմ նրա հետ խոսել․ մենք շփվել ենք միայն պատերազմի մեկնարկին», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Պեկինը մշակել է ռուս-ուկրաինական կարգավորման իր պլանը, Արևմուտքը, սակայն, թերահավատ է դրա իրագործման հարցով՝ Չինաստանին զգուշացնելով որևէ կերպ չաջակցել Ռուսաստանին։
Ռուսական զորքերի կողմից բռնազավթված ուկրաինական Մելիտոպոլում այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել, ինչից հետո քաղաքի մի մասը և հարակից մի քանի գյուղեր հոսանքազրկվել են։
RIA Melitopol հրատարակության տվյալներով՝ պայթյունները լսվել են քաղաքի հյուսիսային մասում և ռազմական օդանավակայանի տարածքում, տեղի բնակիչները հաշվել են ընդհանուր առմամբ մինչև տասը պայթյուն։
Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ մեկ պայթյուն է տեղի ունեցել լոկոմոտիվային դեպոյի ենթակայանի մոտ։
«Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովն ասել է, որ քաղաքը գնդակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Նա նաև հաստատել է, որ հարվածներ են հասցվել ենթակայանին և քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքի այլ օբյեկտների։ Նրա խոսքով՝ պայթյունների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Ռուսաստանին սահմանակից Սումիի մարզ։
2022 թվականի փետրվարին Սումիի մարզը ռուսական հարձակման հիմնական ուղղություններից մեկն էր, սակայն Մոսկվան այստեղ լուրջ հաջողությունների չէր կարողացել հասնել՝ մոտ մեկ ամիս տևած մարտերից հետո ստիպված լինելով նահանջել։
«Այստեղից ոչ շատ հեռու է գտնվում պետական սահմանը՝ սահման, որ չի կարող ջնջել և ոչ մի բռնապետ։ Ուկրաինացիները շարունակելու են ապրել այստեղ՝ գյուղերում ու քաղաքներում, որոնք մենք կվերականգնենք պատերազմից հետո», - Ախտիրկա քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Զելենսկին։
«Բրիտանական արտադրության Challenger 2 մակնիշի տանկերն արդեն արդեն մեր երկրում են», - այսօր հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Ուկրաինական ռազմական գերատեսչության ղեկավարն այդ մասին գրել է Тwitter-ի իր օգտահաշվում՝ ընդգծելով, որ «այդ ֆանտաստիկ մեքենաները մոտ ապագայում կսկսեն մարտական առաջադրանքներ կատարել»։
Բրիտանական արտադրության զրահատեխնիկայի մատակարարման մասին Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել էր փետրվարի սկզբին։ «Challenger 2 տանկերին կցված ուկրաինական անձնակազմերը վերջին մի քանի շաբաթներին վարժանքներ էին իրականացնում Մեծ Բրիտանիայի տարածքում և հայրենիք են վերադարձել օրերս», - տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։ Լրատվամիջոցը հիշեցնում է,որ Challenger 2 թվով 14 տանկերից բացի Լոնդոնը Ուկրաինա է առաքում նաև Bulldog մակնիշի 20 զրահամեքենա և АS-90 տեսակի հրանոթներ։
Այս գիշեր Ուկրաինայի Կիևի և Դնեպրոպետրովսկի շրջանները ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել, հայտնում են տեղական իշխանությունները։ Աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը, գրեթե բոլոր անօդաչուները խոցվել են։ Կիևում խանութներից մեկում պայթյուններ և հրդեհ է բռնկվել, զոհերի մասին տվյալներ չկան։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պնդում են, որ երկրի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է գիշերը ռուսների արձակած իրանական կամիկաձե 13 անօդաչու թռչող սարքերից 12-ը, ինչպես նաև հետախուզական անօդաչու թռչող սարք։ Այդ թվում, ըստ ՀՕՊ-ի, մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել Կիևի և Դնեպրոպետրովսկի շրջանների վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Տելեգրամ ալիքում հայտնել է քաղաքի երկու թաղամասերում պայթյունների մասին։ «Բոլոր ծառայությունները ճանապարհին են, մանրամասները՝ ավելի ուշ», - գրել է Կլիչկոն։
Նրա խոսքով՝ Սվյատոշինսկի թաղամասում «խանութ է այրվում»։ Ավելի ուշ Կիևի քաղաքապետը հայտնել է, որ պայթյունից և հրդեհից հետո, նախնական տվյալներով, տուժածներ չկան։ Կլիչկոն հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ծառայությունները:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, մեկնաբանելով Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի որոշումը, երեկ ասել է, որ միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի, իսկ ռուս - ուկրաինական հակամարտության կողմերին պետք է կենտրոնանալ դիվանագիտական ջանքերի վրա:
Չինաստանի ղեկավար Սի Ծինպինի՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ ստորագրված հայտարարությունում երկու պետությունները կոչ էին արել բոլոր երկրներին միջուկային զենք չտեղադրել իրենց տարածքներից դուրս: Այցից մի քանի օր հետո սակայն՝ մարտի 25-ին, Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ մտադիր է Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Զապորոժիեի շրջանում գտնվող մարտական դիրքեր։ Ըստ հրապարակված լուսանկարների և տեսանյութերի, նա պարգևներ է հանձնել ուկրաինացի զինվորականներին, թե երբ և որտեղ են արվել այդ կադրերը, չի հաղորդվում։
Ռուսաստանը Ուկրաինայի Զապորոժիեի շրջանը պաշտոնապես բռնակցել է, թեև ռուս զինվորականները վերահսկում են տարածաշրջանի միայն 70 տոկոսը։ Ռուսական զինված ուժերին հաջողվել է գրավել Էներգոդարը, Մելիտոպոլը, Բերդյանսկը։ Շրջանի վարչական կենտրոնը՝ Զապորոժիե քաղաքը, մնացել է Ուկրաինայի վերահսկողության տակ, այն պարբերաբար թիրախավորվում է ռուսական ուժերի կողմից։
Զապորոժիեում Զելենսկին հանդիպել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ, որը հերթական անգամ ժամանել է այդ շրջանում գտնվող Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը քննարկելու նպատակով։
Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Մարիուպոլում այսօր պայթյուն է որոտացել Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքային ոստիկանության ղեկավարի մեքենայում։ Ըստ ռուսաստանյան աղբյուրների՝ պաշտոնյան թեթև վնասվածքներ է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ռուսական ՏԱՍՍ պետական գործակալության տվյալներով՝ տեղի ունեցածը մահափորձ էր ոստիկանապետ Միխայիլ Մոսկվինի դեմ։