Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթամշակման գործարանը ենթարկվել է անօդաչուների գրոհի, ինչի հետևանքով գործարանի տարածքում հրդեհվել է նավթամթերքի պահեստը։
Չորս անօդաչուներից մեկը չի պայթել և ընկել է գործարանի տարածքում։ Այն վնասազերծելու համար կպայթեցնեն։
Այրվել է մոտ 400 քառակուսի մետր տարածք, հրդեհն արդեն մարվել է։
Ըստ Կրասնոդարի երկրամասի իշխանությունների հրապարակած հաղորդագրության, զոհեր և վիրավորներ չկան, գործարանի հարևանությամբ բնակվող մարդկանց վտանգ չի սպառնում։
Լարված է իրավիճակը նաև Ռուսաստանի այլ շրջաններում, ամեն օր պայթյուններ, հրդեհներ։
Անցած գիշերը Կրասնոդարի երկրամասում նավթամթերքով տանկեր է բռնկվել, իշխանությունները չեն նշում հրդեհի պատճառը։
Բրյանսկի մարզում էլ երկաթուղում երկրորդ պայթյունն է եղել, ևս մեկ բեռնատար գնացք դուրս է եկել ռելսերից, հայտնել են շրջանային իշխանությունները։ Այսօր առավոտյան, ռուսական Telegram ալիքների փոխանցմամբ, անօդաչու թռչող սարքը հարվածել է Բրյանսկի շրջանի ռազմական օդանավակայանին։ Ենթադրաբար, խոսքը Սեշայի օդանավակայանի մասին է, որտեղ տեղակայված է Ռուսաստանի ՊՆ 224-րդ թռիչքային ջոկատը։
Հաճախակի դարձած այս հարձակումների ֆոնին ռուսական քաղաքների իշխանությունները հրաժարվում են մայսիսի 9-ին անցկացվող Հաղթանակի օրվան նվիրված շքերթներից։ Անվտանգության նկատառումներից ելնելով տոնական շքերթները չեղարկվել էր Սարատովի, Կուրսկի, Բելգորոդի, Օրյոլի և Պսկովի մարզերում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում։
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը BBC-ին ասել է, որ Կիևի նպատակը օկուպացված տարածքների ազատագրումն է, ոչ թե Մոսկվան։
«Մենք տեղեկություն չունենք Կրեմլի վրա այսպես կոչված գիշերային հարձակումների մասին, սակայն ինչպես նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է, Ուկրաինան բոլոր առկա ուժերն ու միջոցներն ուղղում է սեփական տարածքներն ազատագրելուն, այլ ոչ թե հարձակվում է ուրիշների վրա», - ասել է ուկրաինացի պաշտոնյան։
Նիկոֆորովի խոսքով՝ ահաբեկչությունը՝ Դնեպրի և Ումանի տների ավերված մուտքերն են, «իսկ այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, ակնհայտորեն սրում է իրավիճակը մայիսի 9-ից առաջ»։
Կրեմլն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ ուկրաինական ուժերը փորձել են անօդաչուներով թիրախավորել Պուտինի նստավայրը:
Կիևը փորձել է անօդաչու սարքերով հարվածել Կրեմլին, սակայն հարձակումը հաջողությամբ կասեցվել է, այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Պուտինը չի տուժել, Կրեմլի շենքերին նյութական վնաս չի պատճառվել:
Կրեմլը հարձակման փորձը որակել է որպես ծրագրված ահաբեկչություն և Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ մահափորձ Հաղթանակի օրվա նախօրեին։
«Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ հարմար գտնի», - հայտարարում է Կրեմլը։
Խերսոնի միակ գործող հիպերմարկետին հասցված օդային հարվածի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ հինգ մարդ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ մահացածներն ու վիրավորները խանութի այցելուներ և աշխատակիցներ են։
Անցյալ տարվա փետրվարին Ուկրաինա ներխուժելուց հետո ռուսական զորքերը գրավել էին Խերսոն քաղաքն ու նույնանուն շրջանը, սակայն ամիսներ անց լքեցին քաղաքը և շրջանի՝ Դնեպր գետի աջ ափի ամբողջ հատվածը։
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Վոլնա գյուղում նավթամթերքի պահեստում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Վենյամին Կոնդրատևը։
Հրդեհի պատճառների մասին ռուսաստանյան իշխանությունները չեն հաղորդում։
Ըստ Baza telegram-ի, հրդեհի հավանական պատճառն անօդաչու թռչող սարքի հարձակումն է, կրակը տեսանելի էր Կերչում՝ Ղրիմի ափին։
Ապրիլի 29-ի գիշերը հրդեհ էր բռնկվել նաև Ռուսաստանին բռնակցված Սևաստոպոլի նավթային պահեստում՝ ենթադրաբար դրոնի հասցրած հարվածի հետևանքով վնասվել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի վառելիքի մի շարք տանկերներ: Ուկրաինայի զինված ուժերը հարձակումն անվանել են հակահարձակման նախապատրաստման պլանի մաս:
ԱՄՆ-ը, Եվրոպան և Ուկրաինայի մյուս առանցքային դաշնակիցներն աշխատում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վրա: Առաջարկները ներառում են Ռուսաստանի տարածքով ապրանքների տարանցման արգելք, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նոր պատժամիջոցների հիմնական նպատակը, ըստ գործակալության, Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարն է։ Այդ ջանքերը ներառում են նաև այլ երկրների նկատմամբ դիվանագիտական ճնշումները, հիմնական ապրանքների մոնիթորինգի ընդլայնումը և այն ընկերությունների նկատմամբ վերահսկողության սահմանումը, որոնք կարող են օգնել Մոսկվային շրջանցել սահմանափակումները, նշում է հրատարակությունը։
Կիևի՝ հակահարձակման պատրաստվելու լուրերի ֆոնին Միացյալ Նահանգները 300 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային: Պաշտոնական հայտարարությունը սպասվում է արդեն այսօր, հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները:
Փաթեթը ներառելու է հրետանային արկեր, հաուբիցներ, HIMARS հրթիռներ, ականանետեր, հրթիռներ և հակատանկային զենք։
ԱՄՆ-ն առաջին անգամ է ուղարկում Hydra-70 հրթիռներ, որոնք արձակվում են օդանավից և կարող են օգտագործվել Ուկրաինայի ցամաքային զորքերի առաջխաղացմանն օդային աջակցություն ցուցաբերելու համար։
Զենքը ստացվելու է Պենտագոնի պահեստներից:
Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարը, այցելելով առաջնագիծ, խոստացել է շարունակել մարտերը Բախմուտի համար։
Դոնեցկի մարզի այս ոչ մեծ քաղաքի համար մարտերը ավելի քան կես տարի շարունակվում են։ Ռուսական կողմից հիմնականում կռվում են Պրիգոժինի «Վագների» վարձկաններն ու դեսանտային զորքերի ստորաբաժանումները։ Վերջին շրջանում նրանք գրավել են Բախմուտի մի մասը։
«Չնայած բոլոր խորհուրդներին և կանխատեսումներին, մենք կշարունակենք պահել մեր դիրքերը Բախմուտում՝ ոչնչացնելու «Վագների» վարձկաններին և ռուսական բանակի առավել մարտունակ ստորաբաժանումներին», - այսօր ասել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Տեսանյութի հետ հրապարակված տեքստում Սիրսկին ասել է, որ մի շարք անհրաժեշտ որոշումներ է կայացրել արդյունավետ պաշտպանություն ապահովելու և թշնամուն առավելագույն կորուստներ պատճառելու համար։
Վերջին ամիսներին հաճախակի են դարձել հարձակումները Ռուսաստանի տարածքում։ Մասնավորապես երեկ հուժկու պայթյուն էր եղել Բրյանսկի մարզում, գրեթե ամբողջ օր կաթվածահար էր մարզի երկաթուղային հաղորդակցությունը։ Պաշտոնական Կիևը գրեթե երբեք չի ստանձնում Ռուսաստանի տարածքում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը։ Մինչդեռ Գերմանիայի կանցլերը այսօր շեշտել է, որ արևմտյան երկրները Ուկրաինայի առջև պայման են դրել չօգտագործել իրենց մատակարարած զենքը Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար։
Օլաֆ Շոլցը նշել է, որ Գերմանիայի իշխանությունները Ուկրաինային զենք մատակարարելու մասին որոշում են կայացնում միայն դաշնակից երկրների հետ համաձայնությամբ։ Նրա խոսքով, Ուկրաինան օգնության կարիք ունի, սակայն դա չպետք է հանգեցնի էսկալացիայի ու հակամարտությանը ՆԱՏՕ-ի մասնակցությանը։