Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:31 10.5.2023

Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հաստատեց, որ ուկրաինացի զինվորականները Patriot հակաօդային պաշտպանության համակարգով ռուսական "Кинжал" գերձայնային հրթիռ են ոչնչացրել։

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկն էր ասել, որ մայիսի 4-ի, գիշերային հարձակման ժամանակ, Ռուսաստանի տարածքից МиГ-31К օդանավից "Кинжал" հրթիռ էր արձակվել, որը խոցվել է Կիևի մարզում։

Ռուսական կողմից մեկնաբանություններ չկան։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անցած տարվա ամռանը պնդել էր, որ "Кинжал"-ը անհնար է հայտնաբերել ու խոցել։

15:30 10.5.2023

Ֆրանսիայի խորհրդարանը միաձայն ընդունել է բանաձև, որով կոչ է անում երկրի կառավարությանը և Եվրամիությանը «Վագներ» ռուսական մասնավոր ռազմական ընկերությանը ներառել ահաբեկչական կազմակերպությունների շարքում։

Բանաձևը պարտադիր ուժ չունի, սակայն արտացոլում է ֆրանսիական քաղաքական ուժերի ողջ սպեկտրի միասնականությունն այս հարցում։

«Վագներն» ու դրա ղեկավար Եվգենի Պրիգոժինն արդեն հայտնվել են արևմտյան երկրների տարբեր պատժամիջոցների ցուցակներում։

ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում կարելի է հանդիպել այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետությունը» (Ռուսաստանում դրանք նույնպես հայտարարված են ահաբեկչական և արգելված)։

«Վագների» ընդգրկման համար ավելի վաղ քվեարկել էին Լիտվայի և Էստոնիայի խորհրդարանները։

15:27 10.5.2023

Ուկրաինայի արևելքում զոհվել է France-Presse գործակալության լրագրող Արման Սոլդինը։

Գործակալությունը պարզաբանել է, որ Սոլդինը մահացել է Դոնեցկի մարզի Չասիվ Յար քաղաքի մոտ՝ հրթիռակոծության հետևանքով։ Նրա հետ այնտեղ են գտնվել ևս չորս լրագրողներ, նրանք չեն տուժել։

Արման Սոլդենը 32 տարեկան էր, ծնունդով Բոսնիայից էր:

Սոլդինի վերջին թվիթերյան գրառումները մայիսի 8-ին էին: Նա պատմում էր Բախմուտում վիրավորված ուկրաինացի զինվորների և դաշտային հոսպիտալի աշխատանքի մասին։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ցավակցություն է հայտնել՝ Թվիթերում գրելով. - «France-Presse գործակալության լրագրող, մեր հայրենակից Արման Սոլդինը սպանվել է Ուկրաինայում: Արիաբար, հակամարտության առաջին իսկ ժամերից նա եղել է ճակատում՝ փաստեր արձանագրելու համար: Մեզ տեղեկացնելու համար: Կիսում ենք նրա հարազատների և բոլոր գործընկերների ցավը»։

23:20 9.5.2023

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեքշաբթի օրը Կիևում մանրամասներ է հայտնել Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցների փաթեթի մասին։ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժմանն ի պատասխան դաշինիքի հերթական՝ 11-րդ փաթեթը, ըստ ֆոն դեր Լայենի բաղկացած է երեք մասից, այդ թվում՝ նախատեսվում է ընդլայնել արգելված ապրանքների ցանկը, որոնք Ռուսաստան են մտնում երրորդ երկրների միջոցով։

Բացի այդ, ԵՄ-ն նախատեսում է ստեղծել նոր գործիքներ, որոնք թույլ չեն տա երրորդ երկրներին շրջանցել պատժամիջոցները։

«Եթե մենք տեսնենք, որ եվրոպական ապրանքները գնում են երրորդ երկրներ, իսկ հետո հայտնվում են Ռուսաստանում, Եվրահանձնաժողովը կարող է անդամ երկրներին առաջարկել պատժամիջոցներ կիրառել այդ ապրանքների արտահանման դեմ»,- հայտարարել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը՝ շեշտելով, որ ականատեսն են «չափազանց անսովոր առևտրային հոսքերի» աճի։

Եվրահանձնաժողովի ղեկավարը ընդգծել է՝ ԵՄ-ն անում է ամեն ինչ՝ խաթարելու Պուտինի ռազմական մեքենան ու զրկելու նրան նոր եկամուտներից։

18:54 9.5.2023

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ավարտին նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինային տրամադրել մեկ միլիոն արկ։

«Ես շնորհակալություն հայտնեցի Ուրսուլային Եվրամիության կողմից Ուկրաինային շտապ անհրաժեշտ զինամթերք տրամադրելու պատրաստակամության համար, մեկ միլիոն արկ հրետանու համար», - ասել է Զելենսկին։

Երեքշաբթի առավոտյան Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Լեհաստանից գիշերային գնացքով ժամանել է Կիև։ Մայիսի 9-ին եվրոպական երկրների մեծ մասը նշում է Եվրոպայի օրը:

«Հաճելի է վերադառնալ Կիև, որտեղ ամեն օր պայքարում են մեզ համար կարևոր արժեքների համար։ Սա Եվրոպայի օրը նշելու ճիշտ վայր է», - գրել է նա Twitter-ում:

Ֆոն դեր Լայենի այցը Կիև Մոսկվայում անցկացվող զորահանդեսի ֆոնին, նպատակ ունի ևս մեկ անգամ ցույց տալ եվրոպական համերաշխությունը Ուկրաինայի հետ, կարծում են փորձագետները։

16:43 9.5.2023

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարությամբ դատապարտել է Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած ռազմական շքերթին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը։

Պաշտոնական Կիևը պնդում է, որ ռազմական հանցագործությունների համար միջազգային արդարադատության կողմից հետախուզվող Պուտինը այդ միջոցառմանը ելույթ ունենալով «արդարացրել է ուկրաինացիների սպանությունը, ուկրաինական քաղաքների և գյուղերի ավերումը, ուկրաինացի երեխաների առևանգումը»։

Ուկրաինայի ԱԳՆ-ը մասնավորապես հայտարարել է, թե շքերթին «պատերազմական հանցագործի հետ նշված օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը» «անբարոյական և ոչ-բարեկամական քայլ է Ուկրաինայի նկատմամբ»։

Հայտարարությունում միջոցառմանը մասնակցած Բելառուսի առաջնորդի մասին չի հիշատակվում:

16:26 9.5.2023

Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր զոհվել է 8 հազար 791 խաղաղ բնակիչ, ևս 14 հազար 815-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցում:

Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կամ վիրավորվածների իրական թիվը, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, ավելի մեծ է, քանի որ որոշ բնակավայրերում, այդ թվում՝ Մարիուպոլում, Լիսիչանսկում, Պոպասնայայում, Սևերոդոնեցկում, տուժածների մասին բազմաթիվ հաղորդումներ դեռևս ստուգման փուլում են։

2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023-ի մայիսի 8-ը ժամանակահատվածում զոհերի ամենամեծ թիվը, ըստ զեկույցի հեղինակների, գրանցվել է անցյալ տարվա մարտին՝ 4 հազար 102 մարդ:

16:23 9.5.2023

Տասնյակ ակտիվիստներ թույլ չեն տվել Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևին ծաղկեպսակ տեղադրել Կարմիր բանակի զինվորների հուշարձանին։

Հուշահամալիրում դեսպանին դիմավորել են «ռաշիստի» վանկարկումներով և Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դատապարտող, ինչպես նաև Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին գրառումներով ցուցապաստառներով։

Հավաքվածները խոչընդոտել են դիվանագետի և նրան ուղեկցողների մուտքը հուշահամալիր, հաղորդվում է ընդհարումների մասին։

Դեսպան Անդրեևը РИА "Новости"-ին փոխանցել է, որ չի տուժել, բայց ստիպված էր հեռանալ, նշելով, որ կփորձի ավելի ուշ վերադառնալ հուշահամալիր։

16:23 9.5.2023

Տասնյակ ակտիվիստներ թույլ չեն տվել Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևին ծաղկեպսակ տեղադրել Կարմիր բանակի զինվորների հուշարձանին։

Հուշահամալիրում դեսպանին դիմավորել են «ռաշիստի» վանկարկումներով և Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դատապարտող, ինչպես նաև Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին գրառումներով ցուցապաստառներով։

Հավաքվածները խոչընդոտել են դիվանագետի և նրան ուղեկցողների մուտքը հուշահամալիր, հաղորդվում է ընդհարումների մասին։

Դեսպան Անդրեևը РИА "Новости"-ին փոխանցել է, որ չի տուժել, բայց ստիպված էր հեռանալ, նշելով, որ կփորձի ավելի ուշ վերադառնալ հուշահամալիր։

16:19 9.5.2023

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե ուկրաինական պատերազմում հրադադարի հասնելու հնարավորություն չի տեսնում, քանի որ երկու կողմերն էլ համոզված են, որ կարող են հաղթել։

«Այս պահին, մենք չենք խոսում ապագայի մասին, ես չեմ տեսնում անհապաղ համապարփակ զինադադարի, խաղաղ բանակցությունների հասնելու հնարավորություն», - ասել է Գուտերեշը։

Նրա խոսքով, դա գիտակցելով՝ ՄԱԿ-ը կենտրոնացել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կոնկրետ հարցերի շուրջ բանակցությունների, կոնկրետ խնդիրների լուծման վրա։ Գուտերեշը նշել է, որ այժմ գլխավոր առաջնահերթությունը հացահատիկի գործարքի երկարաձգումն է, որի ժամկետը լրանում է մայիսի 18-ին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG