Այսօր «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայության Տելեգրամ ալիքում պաշտոնական նամակ է հայտնվել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղղված կոչով։
Նամակում մասնավորապես ասված է. - «Ներկայումս «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները վերահսկում են Բախմուտ բնակավայրի ավելի քան 95 տոկոսը և շարունակում են գրոհը այն ամբողջությամբ ազատագրելու համար: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության թևերում, որտեղ տեղակայված են ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները, հակառակորդը ձեռնարկել է մի շարք հաջող հակագրոհներ: Հաշվի առնելով օպերատիվ ծանր իրավիճակը, ինչպես նաև մարտական գործողություններում Ձեր բազմամյա փորձը՝ խնդրում եմ Ձեզ ժամանել Բախմուտի տարածք, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմական ստորաբաժանումների հսկողության տակ, և ինքնուրույն գնահատել ստեղծված իրավիճակը: Կանխավ շնորհակալ եմ, հուսով, որ կհամաձայնեք»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արևմտյան երկրների նախաձեռնությամբ մայիսի 15-ին կգումարի նիստ, որի օրակարգում կլինի Ուկրաինայում ստեղծված հումանիտար վիճակը:
«Առաջիկա օրերին Անվտանգության խորհրդում նախատեսվում են ուկրաինական թեմայով մի քանի միջոցառումներ, մեկը մայիսի 15-ին Մոսկվայի ժամանակով երեկոյան ժամը 5-ին «արևմտականների» հայտով նիստն է», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Ուկրաինային արևմտյան զենք տրամադրելու հարցով: Այն պետք է տեղի ունենա մայիսի 18-ին Մոսկվայի ժամանակով երեկոյան ժամը 10-ին:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռուբեն Բրիջետին ասել է, որ Պրետորիան (ՀԱՀ վարչական մայրաքաղաքը) հայտարարում է ռուս-ուկրաինական պատերազմում չեզոքության մասին, սակայն իրականում Ռուսաստանին զենք է տրամադրում:
Դեսպանի պնդմամբ, անցյալ տարվա դեկտեմբերին Քեյփթաունի մոտակայքում խարիսխ գցած Lady R ռուսական բեռնատար նավը բեռնվել է զենքով ու զինամթերքով:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ասել է, թե կառավարությունն արդեն ուսումնասիրում է այդ խնդիրը:
Դեսպան Բրիջետին ասել է, թե Վաշինգտոնին անհանգստացնում է Պրետորիայի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ:
Հարավաֆրիկյան Հանրապետության ստորաբաժանումները ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի ժամանակաշրջանում Չինաստանի և Ռուսաստանի ստորաբաժանումների հետ մասնակցել են համատեղ զորախաղերին, ինչը դիտվել է որպես Մոսկվայի ագրեսիային անուղղակի սատարելու նշան:
ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկություններում ՀԱՀ-ը հրաժարվել է Ռուսաստանին դատապարտելուց, բացի այդ, Պրետորիան չի միացել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների սահմանած պատժամիջոցներին:
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հեռուստամարաթոնի եթերում այսօր ասել է, որ շատ երկրներ սկսել են սրել իրավիճակը՝ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններն արագացնելու համար։ Դանիլովի խոսքով, որոշ ուժեր ուզում են Ռուսաստանի պայմաններով Ուկրաինային հնարավորինս շուտ նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ «Այս պահին հսկայական քարոզարշավ է ընթանում։ Այս մասին բազմաթիվ առաջարկներ կան տարբեր երկրներից», - ասում է Դանիլովը՝ չհստակեցնելով, թե որ երկրների մասին է խոսքը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը խորհրդարանում խոսել է Storm Shadow տեսակի հրթիռներ Ուկրաինային տրամադրելու որոշման մասին, որը Մոսկվայի խիստ դժգոհությունն է հարուցել:
«Հնարավոր չէ ձեռքերը ծալած նստել, երբ ռուսները շարունակում են սպանել Ուկրաինայի խաղաղ բնակիչներին»,- ասել է նախարարը:
Նրա փոխանցմամբ, Ուկրաինան ունի պաշտպանվելու իրավունք, Storm Shadow հրթիռը թույլ կտա հեռու պահել ռուսներին ուկրաինական տարածքից:
«Հարկ է նաև գիտակցել, այդ հրթիռը հեռահարությամբ համեմատելի չէ ռուսական զենքի հետ, որի հեռահարությունը կարող է 2 հազար կիլոմետրի հասնել»,- ասել է բրիտանացի նախարարը:
Ռուսական զինված ուժերը համարժեք պատասխան կտան Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային Storm Shadow տեսակի հեռահար հրթիռներ տրամադրելու որոշմանը:
Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, Կրեմլը դատապարտում է Լոնդոնի այդ որոշումը:
«Դա մեր զինվորականներից կպահանջի համարժեք պատասխան, բնականաբար, ռազմական տեսակետից կընդունվեն համապատասխան վճիռներ»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ CNN ամերիկյան հեռուստակայանը հաղորդել է Բրիտանիայի կողմից Ուկրաինային Storm Shadow տեսակի հրթիռներ փոխանցելու մասին: Փորձագետների փոխանցմամբ, այդ հրթիռներով ուկրաինացիները կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանի կողմից բռնակցված տարածքների խորքում գտնվող թիրախներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմրի Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Բոսնիայում հեռարձակվող ATV հեռուստակայանի թղթակցին տված հարցազրույցում ասել է, որ «Ուկրաինայում իրականացվում է շատ բարդ օպերացիա, բայց մեկ տարվա ընթացքում իրականացվել են որոշ նպատակներ»:
Նա պնդել է, թե հակառակորդը գրոհների է ենթարկում Դոնեցկը և Ռուսաստանի այլ բնակավայրերը, հետևաբար, նրան սահմաններից բավականաչափ հեռացնելուն ուղղված գործողությունը կշարունակվի:
Կրեմլի խոսնակը նաև Ուկրաինայում ռուսական բանակի դանդաղ առաջխաղացման պատճառին է անդրադարձել:
«Ինչո՞ւ են դանդաղ գործում: Որովհետև ռուսները չեն պատերազմում, մենք չենք պատերազմում: Պատերազմը ենթակառուցվածքի և քաղաքների ամբողջական ոչնչացում է, մենք դա չենք անում»,- ասել է Պեսկովը:
Խոսնակը նաև անդրադարձել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին հասցեագրված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի խիստ քննադատությանը:
«Բախմուտի համար իսկապես շատ ծանր մարտեր են, ոչ մի անուն չտամ, անկախ ամեն բանից, այնտեղ բոլորը ռուսական ուժեր են, բոլորը նույն նպատակն են հետապնդում», - ասել է Պեսկովը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC բրիտանական հեռուստառադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ բանակին մի քիչ էլ ժամանակ է պետք վաղուց ազդարարված խոշոր հակագրոհը սկսելու համար:
«Մենք կարող ենք սկսել հարձակումը և հաջողության հասնել, բայց շատ մարդ կկորցնենք, ես դա անընդունելի եմ համարում: Դրա համար ավելի լավ է սպասենք, մեզ մի քիչ էլ ժամանակ է պետք», - ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ ուկրաինական բանակը տակավին որոշ անհրաժեշտ պարագաների, այդ թվում՝ խմբաքանակներով հասնող արևմտյան զինտեխնիկայի կարիք ունի:
Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովի խոսքով, նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ չի հաստատել առաջիկա հակահարձակման վերջնական պլանը։
«Մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը վերջնական որոշում կկայացնի ժամկետների և ուղղությունների վերաբերյալ: Եվ երբ ինչ-որ մեկը սկսում է խոսել ինչ-որ բանի մասին, նույնիսկ Արևմուտքի հարգված կառույցներից, հավատացեք ինձ, այսօր ոչ ոք հստակ չգիտի հակահառձակման մեր բոլոր ծրագրերը, քանի որ վերջնական պլանը դեռ հաստատված չէ», - ասել է Դանիլովը։
Ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում նա հավելել է, որ Կիևը հակահարձակման մի քանի տարբերակ ունի և, կախված հանգամանքներից, կընտրի դրանցից մեկը։
Ամեն դեպքում, եթե Կիևը հաջողութան չհասնի առաջիկայում սպասվող հակահարձակման մեջ, ապա կլինի ևս մեկը, Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան. - «Եթե մենք հաջողենք այս հակահարձակմանը և ազատագրենք մեր տարածքները, ապա կասեք՝ այո, դա վերջինն էր։ Իսկ եթե ոչ՝ մենք պետք է պատրաստվենք հաջորդ հակահարձակմանը»։
Պաշտոնական Կիևը պարբերաբար կրկնում է՝ այսպես թե այնպես, այս պատերազմը պետք է ավարտվի Ուկրաինայի հաղթանակով։
Ուկրաինայի զինված ուժերի դեսանտագրոհային 3-րդ բրիգադի հրամանատար Անդրեյ Բիլեցկին ասել է, որ նախօրեին լոկալ հակահարձակման արդյունքում ուկրաինական ուժերը Բախմուտի մոտ ջախջախիչ հարված են հասցրել ռուսական բանակի 72-րդ բրիգադի ստորաբաժանումներին։
Նրա ասելով՝ ռուսական կողմից զգալի թվով զինծառայողներ են գերեվարվել, մեծ կորուստներ է կրել նաև «Վագների» 3-րդ գրոհային ջոկատը։
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հաղորդում է, որ 3 կմ լայնությամբ և 2,6 կմ խորությամբ տարածք է ազատագրվել, առանց նշելու կոորդինատները։
Ըստ այլ աղբյուրների՝ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հաստատել է, որ ռուսական բանակի 72-րդ բրիգադի զիվորները փախուստի են դիմել։