Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ Ռուսաստանի օդուժի կործանիչները Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մոտ ուկրաինական ուժերի Մի-8 ուղղաթիռ են խոցել։
Նրա հայտնած տվյալներով՝ Նիկոլաև քաղաքի մոտ զինամթերքի պահեստ է ոչնչացվել, իսկ Զապորոժիեում՝ ավիացիոն հրթիռների ու զինտեխնիկայի վառելիքի պահեստներ։
Կոնաշենկովի ասելով՝ Դոնեցկի ուղղությամբ գրոհային ջոկատները վերահսկողության տակ են վերցրել Բախմուտի հյուսիս-արևմտյան թաղամասը։
Շաբաթ օրը Ռուսաստանի Բրյանսկի մարզում Սու-24 ռազմական օդանավ է կործանվել։ Կործանիչի անձնակազմի ճակատագիրը ճշտվում է։
Օպերատիվ ծառայությունից պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել են, որ Սու-34-ը կործանվել է Ուկրաինայի սահմանի մոտ, պատճառները ճշտվում են։
Ավելի վաղ հաղորդվել էր Մի-8 ուղղաթիռի կործանման մասին։ Ուղղաթիռի անձնակազմի երկու անդամները զոհվել են։
Ռուսաստանի Բրյանսկի մարզի Կլինցով քաղաքի մոտ այսօր Մի-8 ուղղաթիռ է կործանվել։ Սոցցանցերում տեղադրված տեսանյութերից փորձագետները տեղորոշում են, որ ուղղաթիռն ընկել է Կլինցովի մոտ, հնարավոր է՝ քաղաքի արվարձանում։ Քաղաքապետ Սերգեյ Եվտեևն ասել է, որ գետնի վրա ավերածություններ չկան։
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով օպերատիվ ծառայությունները, հաղորդում է, որ ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։ Նշում, որ նրանց թիվը ճշտվում է, իսկ բռնկված հրդեհը մարվել է։
Կլինցովը ուկրաինական սահմանից 50 կիլոմետր է հեռու։
Շաբաթ առավոտյան ռուսական ուժերի կողմից օկուպացված Լուգանսկ քաղաքում կրկին պայթյուն է որոտացել։ Քաղաքի արևմտյան թաղամասից սև ծխի քուլաներ են բարձրանում։
Նախօրեին ևս Լուգանսկում պայթյուններ են տեղի ունեցել։ Ռուսների կողմից նշանակված վարչակազմի պաշտոնյաները երեկ ասել են, թե ուկրաինական կողմը Լուգանսկը հրետակոծել է հեռահար հրթիռներով։
Լուգանսկից մինչև ռազմաճակատային մոտակա գիծը շուրջ 90 կիլոմետր է։
Գերմանիան 2 միլիարդ 700 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում Ոկրաինայի համար։ Այն ներառում է տասնյակ հրասայլեր, զրահատեխնիկա, զենիթային համակարգեր, հետախուզական դրոններ ու այլ սպառազինություններ և զինամթերք։
Շաբաթ օրը Թվիթերում այս մասին գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը՝ հրապարակելով սպասվող զինատեսակների ցանկը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը ժամանել է Հռոմ, որտեղ հանդիպելու է Իտալիայի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Հռոմի Պապի հետ։ Նախատեսված հանդիպումների մասին այսօր առավոտյան Զելենսկին գրել է Տելեգրամի իր էջում։
Ավելի վաղ Ֆրանցիսկոս Պապն ասել էր, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար Վատիկանն առաքելության է մասնակցում, որի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացուցիչները հայտարարել էին, թե ոչինչ չգիտեն նման նախաձեռնության մասին։
86-ամյա Ֆրանցիսկոսը բազմիցս կոչ է արել դադարեցնել պատերազմը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել այցելել Կիև և Մոսկվա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցումասել է, թե Կրեմլի առաջնորդները դժվար թե բնական մահով մեռնեն։
«Կրեմլում, հավատացեք, վատ ավարտ են ունենալու։ Չգիտեմ ինչպես, ճիշտն ասած, բայց կուզենայի, որ դա արագ ավարտվեր։ Բայց նրանք հաստատ իրենց մահով չեն մեռնի», - ասել է նա։
Զելենսկիին պատասխանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ իրեն բնորոշ վիրավորական ձևով գրելով, թե «Կիևում թմրամոլն ինքնասպան է լինելու վախից, ինչպես Հիտլերը»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ ռուսական զորքերը նահանջել են Բախմուտ քաղաքից հյուսիս գտնվող դիրքերից, որտեղ անցած ամառվանից ի վեր ծանր մարտեր են և որը պաշտպանական գիծ էր դարձել ուկրաինական բանակի և ռուսական ուժերի միջև:
ՌԴ ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը այսօր հայտարարել է, որ ռուսական բանակը «նոր սահման է գրավել» Բերխովսկու ջրամբարի մոտ՝ «հաշվի առնելով դրա բարենպաստ պայմանները»:
Սա փաստացի նշանակում է նահանջ Բոգդանովկայի շրջանից։ Փորձագետների մեկնաբանությունների համաձայն՝ ռուս զինվորականների նահանջը թույլ է տալիս ուկրաինական զորքերին վերահսկել Չասով Յար տանող ճանապարհը, որը ներկա պահին դեպի Բախմուտ ուկրաինական բանակի մատակարարման միակ ուղին է:
Եվրոպական հեռարձակողների միությունը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ «Եվրատեսիլ-2023» երաժշտական մրցույթի եզրափակիչում տեսաուղերձով հանդես գալու առաջարկը, հայտնում է The Times պարբերականը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ մրցույթի կազմակերպիչներն իրենց որոշումը պարզաբանելիս վկայակոչել են 160-միլիոնանոց լսարան ունեցող մրցույթի կանոնները, որոնք արգելում են քաղաքական բնույթի ելույթներ։
«Մրցույթի հիմնաքարերից մեկը միջոցառման ապաքաղաքական լինելն է։ Այս սկզբունքն արգելում է մրցույթի ընթացքում քաղաքական կամ այլ հայտարարություններ անել», - Հեռարձակողների միության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում բրիտանական պարբերականը:
Կիևը պնդում է, թե The Times-ի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել է, որ նախագահի աշխատակազմը չի դիմել «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին Զելենսկու ելույթի խնդրանքով։
Չինաստանը հատուկ բանագնաց է գործուղում Ուկրաինա, Ռուսաստան և եվրոպական մի շարք երկրներ՝ «խաղաղ բանակցությունները խթանելու նպատակով»։
Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայում երկրի նախկին դեսպան Լի Հուեյը այսպիսով կդառնա Չինաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որն Ուկրաինա է այցելում Ռուսաստանի ներխուժումից ի վեր:
Չինաստանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ մայիսի 15-ին մեկնարկող ուղևորության ընթացքում Հուեյը կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան։