Ամերիկյան CNN հեռուստաընկերության տեղեկություններով՝ նախօրեին Ռուսաստանի կողմից Կիևին հասցված հրթիռային հարվածների հետևանքով Ուկրաինային տրամադրված ՀՕՊ երկու Patriot համակարգերից մեկը վնասվել է։
Սպիտակ տան անանուն աղբյուրը հեռուստաընկերության փոխանցել է, որ Կիևի մերձակայքում տեղակայված ամերիկյան արտադրության ՀՕՊ համակարգը վնասվել է, սակայն ամբողջությամբ չի ոչնչացվել, ինչպես պնդում է ռուսական կողմը։
Patriot համակարգերից մեկը Ուկրաինային էին փոխանցել Միացյալ Նահանգները, մյուսը՝ Գերմանիան և Նիդերլանդները։
Արևմտյան աղբյուրները առայժմ չեն հստակեցնում, թե դրանցից հատկապես որ մեկն է հայտնվել ռուսական ուժերի թիրախում։ Պաշտոնական Կիևը ամերիկյան մամուլում հայտնված տեղեկությունները չի մեկնաբանում։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները կստեղծեն «կործանիչների կոալիցիա»՝ Ուկրաինայի համար F-16 ռազմական օդանավեր գնելու նպատակով։
Մայիսի 16-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարեցին միջազգային կոալիցիայի ստեղծման մասին։
«Վարչապետ Սունակը և վարչապետ Ռյուտեն պայմանավորվել են, որ աշխատելու են ստեղծել միջազգային կոալիցիա Ուկրաինային օդային մարտական պոտենցիալ տրամադրելու համար՝ աջակցություն ցուցաբերելով ամեն ինչում՝ սկսած [օդաչուների] վերապատրաստումից մինչև F-16 կործանիչներ գնելը», - ասվում է Իսլանդիայում անցկացվող Եվրախորհրդի գագաթնաժողովում Սունակի և Ռյուտեի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ։
Իր երեկոյան ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան Կիևի հետ միասին կաշխատեն «կործանիչների կոալիցիայի» վրա։
Այս գիշեր Ուկրաինայի 17 մարզերում օդային տագնապ է հայտարարվել։ Ըստ ուկրաինական աղբյուրների՝ ռուսական զորքերը հրթիռներն արձակել են Սև ծովից: Հաղորդվում է Նիկոլաևում պայթյուններից հետո բռնկված հրդեհների մասին։
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Նիկոլաևի հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ վիրավորում է ստացել, վնասվել են շերքեր՝ ավտոսրահ, առևտրի կենտրոն, արտադրական ենթակառուցվածք և առանձնատներ:
Մեկ ժամ անց Ուկրաինայի տարածքի մեծ մասում օդային տագնապը չեղարկվել է:
Կրեմլը հայտարարել է, որ այսպես կոչված հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի։ Այդ նպատակով Մոսկվան նոր փաստարկ է դրել շրջանառության մեջ՝ որպեսզի կանխվի ռուսական տարածքի նոր գնդակոծությունը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այս մասին խոսել է՝ արձագանքելով Թելեգրամ ալիքների հաղորդումներին, թե երեքշաբթի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը Բելգորոդի շրջանը ռմբակոծել են իբր ֆոսֆորային ռումբերով։
«Իհարկե, մենք դա դատապարտում ենք ամենախիստ ձևով։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է և կշարունակվի, որպեսզի դա տեղի չունենա», - ասել է Պեսկովը։
Ուկրաինական կողմը չի մեկնաբանել ռուսական Թելեգրամ ալիքների հաղորդագրությունները։
Ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինն ուղղակի շփումների մեջ է ուկրաինական հետախուզության հետ։ Այս մասին գրել է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության գաղտնի փաստաթղթերը, որոնց արտահոսքի հեղինակն ամերիկացի զինվորական Ջեք Թեյշեյրան էր։
Գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ Պրիգոժինը Կիևի ներկայացուցիչներին առաջարկել է տեղեկություններ տրամադրել մի շարք ռուսական ստորաբաժանումների տեղակայման վայրերի մասին՝ դրանք հրետանային և հրթիռային հարվածների թիրախ դարձնելով։ «Այս տեղեկատվության դիմաց Պրիգոժինը ուկրաինացիներին առաջարկել է զորքերը հետ քաշել Բախմուտից», - նշված է Պենտագոնի փաստաթղթերում։
«Վագներ»-ի վարձկանները Բախմուտի ուղղությամբ ռուսական հարձակման մեջ ներգրավված ուժերի հիմնական մասն են կազմում, իսկ ինքը՝ Պրիգոժինը դեռ ամիսներ առաջ խոստացել էր քաղաքը վերցնել մինչև Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը», - հիշեցնում է The Washington Post-ը՝ հավելելով նաև, որ ռուսաստանյան մասնավոր ռազմական ընկերության ղեկավարին այդպես էլ չի հաջողվել կատարել իր այս խոստումը։ Թերթը նաև հիշեցնում է, որ Բախմուտում իր և ենթակաների տապալման մեղքը «Վագներ»-ի ղեկավարը բարդել էր Ռուսաստանի Զինված ուժերի հրամանատարության՝ մասնավորաբար Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի վրա։
Պրիգոժինի հետ շփումները The Washington Post-ի հետ զրույցում հաստատել են նաև Ուկրաինայի ռազմական հետախուզության առնվազն երկու աշխատակիցներ՝ նշելով, սակայն, որ նրանք «Վագներ»-ի հիմնադրի առաջարկները մերժել են, քանի որ «Պրիգոժինի մտադրություններն իրենց վստահելի չեն թվացել»։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հերթական հրթիռային հարձակման ժամանակ խոցել է բոլոր 18 հրթիռները, այդ թվում՝ «Կինժալ»-ները, հաղորդում են ուկրաինական Զինված ուժերը:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին պնդում է, որ ամսվա սկզբից ի վեր ութերորդ զանգվածային հարձակման ժամանակ Ռուսաստանը կիրառել է տարբեր տեսակի օդային, ծովային և ցամաքային հրթիռներ։ Տելգրամ ալիքում հրապարակված նրա հայտարարության համաձայն՝ ժամը 3:30-ի սահմաններում ռուսական կողմը հարձակվել է Ուկրաինայի վրա հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով։
«Մայիսի լույս16-ի գիշերը հակառակորդը հարձակվել է նաև «Շահեդ-136/131» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև օդային հետախուզություն է իրականացրել օպերատիվ-մարտավարական մակարդակի երեք անօդաչու թռչող սարքերով, դրանք բոլորը նույնպես ոչնչացվել են», - հայտարարել է Զալուժնին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հայտարարությունը:
Կրեմլը բացասական է գնահատում Կիևին լրացուցիչ զինատեսակներ տրամադրելու Լոնդոնի որոշումը: Այդ մասին այսօր ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք չափազանց բացասական ենք դա գնահատում: Մեծ Բրիտանիան հավակնում է դառնալ Ուկրաինային նոր զենքեր տրամադրող առաջատար պետությունը: Դա ոչ մի սկզբունքային ազդեցություն չի գործի «հատուկ ռազմական գործողության» ընթացքի վրա, բայց, իհարկե, կհանգեցնի հարաբերությունների հետագա քայքայմանը: Ուկրաինան ավելի վատ վիճակում կհայտնվի»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել զենիթահրթիռային հարյուրավոր լրացուցիչ միավորներ և ավելի քան 200 կիլոմետր հեռահարության հարվածային անօդաչուներ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն այսօր Անգլիայում՝ Էյլսբերի ավանում ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:
Ուկրաինայի զինված ուժերը չեն հարձակվի Ռուսաստանի տարածքի վրա այն հզոր զենքով, որը նախագահ Զելենսկին պահանջում է Կիևի արևմտյան դաշնակիցներից։ Գերմանիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
«Մենք ազատագրում ենք մեր օրինական տարածքը»,- ասել է Զելենսկին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք դրա համար ժամանակ, ուժեր, զենքի ավելցուկ չունենք»,- հավելել է նա։
Զելենսկու ժամանման նախօրեին Գերմանիան հայտարարել է 3 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին՝ Կիևին ռուսական ներխուժման դեմ պայքարում օգնելու համար։
«Հիմա ժամանակն է, որ մենք որոշենք պատերազմի ավարտը արդեն այս տարի, մենք կարող ենք ագրեսորի պարտությունն անդառնալի դարձնել արդեն այս տարի»,- Բեռլինում լրագրողներին ասել է Զելենսկին։
Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ «Ուկրաինայի ժամանակակից պատմության ամենադժվար ժամանակաշրջանում» Կիևին աջակցելու համար։
Գերմանիան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, իր հերթին, հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հավելելով, որ Գերմանիան իր գործընկերների հետ հանդես է գալիս, որ Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի իր կատարած չարագործությունների համար:
Զելենսկու այցը Գերմանիա հաջորդում է մայիսի 13-ին ուկրաինացի Հռոմում և Վատիկանում իտալացի առաջնորդների հետ հանդիպումներին, որտեղ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ էր արել «մարդասիրական ժեստեր անել հակամարտության անմեղ զոհերի նկատմամբ»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը ժամանել է Գերմանիա։ Սա նրա առաջին այցն է Գերմանիա Ռուսաստանի ներխուժումից հետո:
Նախագահ Զելենսկին արդեն հանդիպել է իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Ավելի ուշ նախատեսված է նրա հանդիպումը կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Զելենսկու այցը ընթանում է նրա՝ զենքի հետագա մատակարարումներ և երկիրը վերականգնելու միջոցներ փնտրելու ֆոնին։
Ուկրաինայի նախագահը Բեռլին է ժամանել Իտալիայից, նրա ինքնաթիռը ուղեկցել են Գերմանիայի ռազմաօդային ուժերի կործանիչներ։ «Բեռլին. զենքեր. մեծ փաթեթ. ՀՕՊ. վերակառուցում. ԵՄ. ՆԱՏՕ. անվտանգություն», - նշել է Զելենսկին Գերմանիա ժամանելուց հետո հետագա բանակցությունների թեմաների մասին գրառման մեջ։
Մեծ փաթեթը վերաբերում է Ուկրաինային շուրջ 2,7 միլիարդ եվրո արժողությամբ Գերմանիայի ռազմական օգնությանը, որի մասին հայտարարվել էր նախօրեին։
Սպասվում է, որ Բեռլինից Զելենսկին և Շոլցը կմեկնեն Գերմանիայի արևմտյան Աախեն քաղաք։
Ըստ «Կոմերսանտ»-ի՝ ռուսական օդուժը Բրյանսկում «Սու» դասի 2 կործանիչ և 2 ուղղաթիռ է կորցրել։ Դրանք նույն ավիաջոկատից էին և խոցվել են Բրյանսկի երկնքում։
Լրագրողների տեղեկությունների համաձայն՝ կործանիչները պետք է հարվածեին Ուկրաինայի Չեռնիգովի մարզին, իսկ ուղղաթիռներն աջակցելու էին գրոհին։ Սակայն դրանք օդանավակայան չեն վերադարձել, բոլորը ոչնչացվել են, անձնակազմի անդամները՝ զոհվել։
Փորձագետները ենթադրում են, որ օդանավերը և ուղղաթիռները հակառակորդի օդուժի կողմից խոցվել են «երկինք-երկինք» հրթիռներով, մեկ այլ վարկածով՝ չի բացառվում, որ ռուսական կործանիչներն ու ուղղաթիռները հրթիռակոծվել են Ռուսաստանի տարածքից, դիվերսիոն խմբի կողմից։