ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հայտարարել է Կիևին նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին։
Բայդենը նման հայտարարություն է արել Հիրոսիմայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։
Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ օգնության փաթեթը ներառում է զինամթերք, հրետանի, զրահատեխնիկա։
Այս շաբաթվա սկզբին արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ փաթեթը գնահատվել է 375 միլիոն դոլար:
Ռուսական «Վագներ» մասնավոր ընկերությունը հայտարարում է, թե ամիսներ շարունակված արյունալի մարտերից հետո ամբողջովին գրավել է Բախմուտը։
Վարձկանների ղեկավար Եվգենի Պրիգոժինը այսօր հայտարարել է, թե իր ուժերը հինգ օրից՝ հաջորդ շաբաթ, դուրս են գալու քաղաքից հանգստանալու և հանձնելու են այն ռուսական կանոնավոր բանակին։
Կիևը, մինչդեռ, հերքում է լուրերը, թե կորցրել է քաղաքի հանդեպ վերահսկողությունը։ Ուկրաինական բանակի խոսնակը Reuters-ին ասել է՝ դա սուտ է, «մեր ստորաբաժանումները կռվում են Բախմուտում»։ Պաշտպանության փոխնախարար Հաննա Մայլարն էլ պնդել է՝ «կատաղի մարտեր են, իրավիճակը ծայրահեղ վատ է։
«Մեծ յոթնյակը» Հիրոշիմայում գումարված գագաթնաժողովի ավարտից մեկ օր առաջ այսօր ընդունել է եզրափակիչ հռչակագիրը, որով հաստատել է Ուկրաինային դիվանագիտական, ֆինանսական, մարդասիրական և ռազմական աջակցությունը և Ռուսաստանի ու այդ երկրին սատարողների նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը շարունակելու վճռականությունը:
«Մեծ յոթնյակը» Պեկինին կոչ է արել «հատուկ ռազմական օպերացիային» վերջ տալու և Ուկրաինայից ռուսական զորքը դուրս հանելու համար ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա:
«Մեծ յոթնյակը» Թեհրանին կոչ է արել հրաժարվել Ուկրաինայի խնդրում Ռուսաստանին սատարելու և Մոսկվային զինատեսակներ փոխանցելու քաղաքականությունից:
«Մեծ յոթնյակը» հայտնել է, որ պատրաստ է կառուցողական և կայուն հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ և Թայվանի հարցում հավատարիմ է «Մեկ Չինաստան» հայեցակարգին:
«Մեծ յոթնյակը» քննարկել և եզրափակիչ հռչակագրում ներառել է մի շարք կարևոր այլ դրույթներ, որոնց թվում են աշխարհի ապամիջուկայնացումը, հրաժարումը զանգվածային ոչնչացման այլ զինատեսակներից, ահաբեկչության դեմ պայքարը, պարենային անվտանգությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը:
Այս տարի «Մեծ յոթնյակում» նախագահում է Ճապոնիան: Գագաթնաժողովը կավարտվի վաղը՝ մայիսի 21-ին:
Ռուսական բանակը մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը նորից անօդաչուներով հարվածների է ենթարկել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը և մի շարք այլ բնակավայրեր: Դա ԱԹՍ-ներով 11-րդ գրոհն է մայիսի ընթացքում:
Կիևի շրջանային վարչակազմը հայտնում է, որ ՀՕՊ-ը վայր է գցել Shahed տեսակի բոլոր 18 անօդաչուները, տուժածներ չկան:
Դնեպրովսկի շրջանում խոցված անօդաչուի բեկորներն ընկել են տան վրա, ինչից հրդեհ է բռնկվել, սակայն այն արդեն մարվել է:
Բացի իրանական արտադրության Shahed-ներից, ուկրաինական ՀՕՊ-ը վայր է գցել նաև Мерлин-ВР տեսակի մեկ հետախուզական ռուսական անօդաչու:
Առավոտյան Խերսոնի շրջանի Բերիսլավ ավանում ռուսական արկը հարվածել է սեփական տներից մեկին, զոհվել է երկու մարդ: Խերսոնի շրջանում կա նաև մեկ վիրավոր:
Հրթիռային հարվածների են ենթարկվել Սլավյանսկը, Պոլտավկան և Ուհլեդարը: Կուպյանսկի շրջանի Պետրոպավլովկա գյուղում մի 65 տարեկան տղամարդ է զոհվել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի կառավարության օդանավով ժամանել է Հիրոշիմա, որտեղ պետք է մասնակցի «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին:
Նախապես ենթադրվել է, որ Զելենսկին առցանց ձևաչափով է շփվելու Ճապոնիայում գումարված «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցների հետ: Այդ մասին նա պայմանավորվել է մարտ ամսին Կիև այցելած Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի հետ, բայց դրանից հետո Զելենսկին ասել է, որ ցանկանում է անձամբ ներկա լինել հավաքին, և Տոկիոն հավանություն է տվել նրա այցին:
Գագաթնաժողովի ընթացքում Զելենսկին մասնակցելու է Ուկրաինայի հիմնահարցին նվիրված նիստին:
«Ճապոնիայում եմ: Կարևոր հանդիպումներ Ուկրաինայի գործընկերների և բարեկամների հետ: Անվտանգություն և համագործակցության հզորացում՝ հանուն մեր հաղթանակի: Այսօր խաղաղությունն ավելի մոտ է դառնում»,- Տելեգրամ ալիքում գրել է Զելենսկին:
Ենթադրվում է, որ Ուկրաինայի ղեկավարը Հիրոշիմայում նաև առանձին հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի և մյուս լիդերների հետ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Բայդենը Հիրոշիմայում կհայտարարի Ուկրաինային ևս 375 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին:
Նախօրեին «Մեծ յոթնյակի» երկրները վերահաստատել են, որ կշարունակեն պատժամիջոցների քաղաքականությունը 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանի նկատմամբ:
Մեկնաբանելով Ուկրաինային F-16 տեսակի ամերիկյան կործանիչներ տրամադրելու արևմտյան երկրների մտադրության մասին տեղեկությունը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ Արևմուտքը շարունակում է էսկալացիան:
Այդ մասին Գրուշկոն ասել է Ռուսաստանի արտաքին և պաշտպանական խորհրդի 31-րդ ժողովում:
Նրա խոսքով, Ռուսաստանը հաշվի կառնի F-16-ներ Կիևին փոխանցելու հնարավորությունը և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի:
«Հիմա տեղի է ունենում շարժում այսպես կոչված էսկալացիայի աստիճանով: Մենք տեսնում ենք, որ Արևմուտքի երկրներն առաջ են գնում էսկալացիոն սցենարով: Դա մեծագույն վտանգ է հենց նրանց համար: Մենք դա հաշվի կառնենք մեր ծրագրերում: Բոլոր դեպքեորում մենք ունենք մեր նպատակներին հասնելու անհրաժեշտ միջոցներ»,- ասել է Գրուշկոն:
Երեկ NBC ամերիկյան հեռուստակայանը հաղորդել է, որ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները մտադիր են F-16 տեսակի կործանիչներ տալ Կիևին և ստեղծել հատուկ ուսումնական կենտրոններ, որտեղ ուկրաինացի օդաչուները կսովորեն վարել ու մարտեր մղել արդիական արևմտյան ինքնաթիռներով:
Ռուսաստանի արտաքին և պաշտպանական խորհուրդը 1992 թվականին ստեղծված հասարակական կազմակերպություն է, որի անդամներն են գործարարներ, հանրային և պետական գործիչներ, ուժային կառույցների և ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ և մամուլի աշխատակիցներ:
Խորհուրդը մշակում է և պատկան մարմիններին է տրամադրում արտաքին և պաշտպանական քաղաքականությանն առնչվող հայեցակարգեր, վերլուծություններ և առաջարկներ:
«Մեծ յոթնյակի» երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները Հիրոսիմայի գագաթնաժողովում համատեղ հայտարարությամբ իրենց լիակատար աջակցությունն են հայտնում Ուկրաինային` ընդգծելով, որ այդ երկրի վրա հարձակվելով Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։
G7-ը պահանջում է ռուսական զորքերի ամբողջական և անվերապահ դուրսբերում Ուկրաինայի տարածքից։ G7-ը վերահաստատում է՝ Ուկրաինային կշարունակեն տրամադրել ինչպես ռազմական աջակցություն, այնպես էլ ֆինանսական միջոցներ։
Աշխարհի ամենազարգացած տնտեսություններն ունեցող յոթ երկրների ղեկավարները նաև մտադիր են շարունակել Մոսկվայի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը՝ շեշտելով, որ կշարունակեն սահմանափակել ցանկացած ապրանքի, սարքավորման արտահանում, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ելույթ ունենալու Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում։
Սա Զելենսկու առաջին այցն է Թագավորություն, որտեղ նա հանդիպում կունենա նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այցի ընթացքում նախատեսում է քննարկել մի շարք առաջնահերթ հարցեր՝ «Ղրիմից և ժամանակավոր օկուպացված այլ տարածքներից բոլոր քաղբանտարկյալների և տեղահանվածների վերադարձը, խաղաղության բանաձևը»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներում ուկրաինացի օդաչուների ուսուցումը և Կիևին հեռահար թևավոր հրթիռների տրամադրումը:
«Ողջունում եմ Ուկրաինային այդ հրթիռները տալու և արևմտյան ինքնաթիռներով աշխատելու համար ուկրաինացի օդաչուների ուսուցումն ապահովելու դաշինքի երկրների որոշումը», - ասել է Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ հունիսին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների ժողովում ի շարս այ հարցերի կքննարկվի նաև Ուկրաինային արդիական կործանիչներ տրամադրելու հնարավորությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ճապոնիան կշարունակեն պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ և այդպես պատասխանատվության կենթարկեն ռուսներին Ուկրաինայի վրա անցյալ տարվա փետրվարի 24-ին հարձակվելու համար:
Այդ մասին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան լրագրողներին ասել է Հիրոշիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրուցելուց հետո: Նա ասել է, որ Տոկիոն և Վաշինգտոնը կշարունակեն աջակցել Կիևին:
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի օրակարգում Ուկրաինայի պատերազմից զատ կլիմայի, պարենի միջազգային հիմնախնդրի և գլոբալ անվտանգության, այդ թվում՝ մտահոգություն առաջացնող Չինաստանի քաղաքականության թեմաներն են: Գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 19-21-ը:
Ենթադրվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ին տեսաուղերձով կդիմի գագաթնաժողովի մասնակիցներին: