Ուկրաինայի ռազմաօդային ուժերը մայիսի 25-ի առավոտյան հաղորդել են, որ ռուսների արձակած բոլոր 36 «Շահեդ-136/131» տիպի իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը խոցվել են գիշերային գրոհի ժամանակ։
ՌՕՈՒ հաղորդագրության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի ալիքները եկել են ինչպես հյուսիսից, այնպես էլ հարավից, և դրանց հավանական թիրախները եղել են Ուկրաինայի արևմտյան շրջաններում։ Անօդաչու թռչող սարքերի մի մասը խոցվել է հակաօդային պաշտպանության, մյուսը՝ օդաչուների կողմից։
Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտարարել է, որ բոլոր անօդաչու թռչող սարքերը, որոնք այս գիշեր ռուսները արձակել են Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ, խոցվել են։ Նրա խոսքով, հարձակումը զանգվածային է եղել՝ երեք ժամվա ընթացքում մի քանի ալիքներով:
Ռուսական բանակը կրկին հրետակոծել է Խարկովը, հետևանքների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Նախօրեին Միացյալ Նահանգները հաստատել է NASAMS հակաօդային պաշտպանության համակարգի և դրա հետ կապված սարքավորումների վաճառքը Ուկրաինային:
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար, նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապեր ունեցող գործարար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Ուկրաինայում սպանվել են մոտ 20 հազար վագներական վարձկաններ, նրանց կեսը՝ զորակոչված կալանավորներ: Այդ մասին նա ասել է ռուսաստանցի մեդիատեխնոլոգ Կոնստանտին Դոլգովին տված հարցազրույցում:
«Բախմուտի գործողության ընթացքում ես ընտրել եմ մոտ 50 հազար կալանավորների, որոնցից մոտ 20 տոկոսը զոհվել է: Եվս այդքան զոհվել են «Վագների» հետ պայմանագրեր ստորագրած զինծառայողներ: Մոտավորապես 20 տոկոսն էլ ստացել են այնպիսի վնասվածքներ, որոնք երեք ամիս և ավելի ժամկետով նրանց զրկել են մարտական առաջադրանքներ կատարելու հնարավորությունից», - ասել է Պրիգոժինը:
Նրա խոսքով, Բախմուտում ընթացող մարտերի շրջանում «Վագների» շարքերում եղել են մոտ 35 հազար վարձկաններ:
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևը Twitter-ի էջում գրել է, որ առաջիկայում Ուկրաինան Գերմանիայից կստանա Leopard 1А5 տեսակի 110 հրասայլ:
«110-ը Leopard 1А5, արդեն շուտով», - մանրամասներ չհաղորդելով՝ գրել է դեսպան Ալեքսեյ Մակեևը:
Այս տարվա առաջին եռամսյակում Գերմանիան հաստատել է Ուկրաինային մոտ 500 միլիոն եվրոյի ռազմական արտադրանք տրամադրելու ծրագիրը:
Հունվարի 25-ին կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինա կուղարկվեն Leopard 2 տեսակի14 հրասայլեր և երրորդ երկրները կստանան այդ զինատեսակը Կիևին փոխանցելու թույլտվություն: Փետրվարի 7-ին կառավարությունը հավանություն է տվել Leopard 1A5 տեսակի 178 հրասայլեր ուկրաինացիներին փոխանցելու որոշմանը:
Մայիսին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ կառավարությունը մտադիր է Ուկրաինային տրամադրել 2 միլիարդ 700 միլիոն եվրոյի ռազմական օգնություն:
Հրասայլերից բացի ուկրաինացիները կստանան Marder տեսակի 20 զրահամեքենաներ, IRIS-T տեսակի ՀՕՊ չորս համակարգեր, 100 զրահապատ տրանսպորտային միջոցներ, 18 հաուբիցներ, այլ սպառազեն և զինամթերք:
Պաշտոնական Կիևը պնդում է, որ ուկրաինական Պիվդեննի (Յուժնի) նավահանգիստը դադարեցրել է գործունեությունը, քանի որ Ռուսաստանը թույլ չի տալիս, որ նավերը մուտք գործեն նավահանգիստ՝ փաստացի խախտելով պայմանավորվածությունը, համաձայն որի սևծովյան հացահատիկը պետք է անվտանգ արտահանվի։
Սևծովյան հացահատիկի դուրսբերման մասին համաձայնագիրը Ռուսաստանն ու Ուկրաինան ստորագրել են անցած տարի հուլիսին, այն անցած շաբաթ երկու ամսով երկարաձգվեց։
Համաձայնագրով նախատեսվում է պատերազմի ժամանակ երաշխավորել հացահատիկի և սննդամթերքի անվտանգ արտահանումը ուկրաինական երեք նավահանգիստներից՝ Օդեսայից, Չերնոմորսկից և Պիվդեննից:
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար, գործարար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, թե Կրեմլն ամբողջությամբ ձախողել է 2022 թվականին նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիայի» երկու նպատակները:
Առաջինը պատերազմի սկզբնափուլում հանրությանը ներկայացվել է իբրև «Ուկրաինայի ապառազմականացում»:
«Կրեմլը հասել է հակառակին, և հիմա Ուկրաինայի բանակն աշխարհում ամենահզորներից մեկն է և զիջում է միայն «Վագներ»-ին, իսկ ազդարարված երկրորդ նպատակը՝ «դենացիֆիկացիան», ուկրաինացիներին դարձրել է ազգ, որը հիմա ամբողջ աշխարհին է հայտնի», - ասել է Պրիգոժինը ռուսաստանցի քաղաքական խորհրդատու Կոնստանտին Դոլգովին տված հարցազրույցում:
Պրիգոժինը համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցը:
Նա չի բացառել, թե այս հակամարտությունը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմին, ինչպես տեղի է ունեցել 1917 թվականին, երբ նախ ապստամբել են զինծառայողները, հետո էլ՝ նրանց ազգականները:
Պրիգոժինի համոզմամբ, հիմա Ռուսաստանին անհրաժեշտ են նոր զորահավաքներ, և «պետք է մի քանի տարի ապրել Հյուսիսային Կորեայի կերպարով»:
Բելառուսը վերստին պատրաստ է հարթակ տալ Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար:
Այդ մասին Մոսկվայի շրջանում գումարված անվտանգության հարցերով միջազգային հավաքում այսօր ասել է Բելառուսի ազգային անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը:
«Բելառուսն անում է և պատրաստ է անել հնարավորը {ռուս-ուկրաինական} հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հիշեցնեմ, որ անցյալ տարի մեր տարածքում տեղի են ունեցել Ուկրաինայի հարցով բանակցությունների երեք փուլեր: Մենք պատրաստ ենք դա վերսկսել և ապահովել անհրաժեշտ պայմանները»,- հայտարարել է Վոլֆովիչը:
Մոսկվայի մարզում տեղի ունեցող հավաքին մասնակցում են տասնյակ երկրների անվտանգության կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների պատվիրակներ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Քաթարում կազմակերպված միջազգային տնտեսական համաժողովում ասել է, որ Վրաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանումն ավերիչ հետևանք կունենա հենց վրացական տնտեսության համար:
«Մեր երկրում 2008 թվականին կռիվ էր, դուք հիշո՞ւմ եք, որ որևէ մեկը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ ընդուներ: Ոչ ոք աշխարհում համարժեք չարձագանքեց այդ պատերազմին: Եվ ես հարցնում եմ՝ կա՞ր այստեղ տրամաբանություն: Ուրեմն, մեր կռիվը կռիվ չէ, իսկ Ուկրաինայինը կռի՞վ է»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նա իր ելույթում նշել է, որ Ռուսաստանը 2008-ին գրավել է Վրաստանի տարածքի մոտ 20 տոկոսը, ճանաչել է վրացական պատմական հողում անջատական երկու կազմավորումների անկախությունը, տեղակայել է երկու ռազմակայան, բայց Արևմուտքը շարունակել է գործնական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Այդ օկուպացիան դեռ շարունակվում է: Ահա հարցս մեր ամերիկացի և եվրոպացի բարեկամներին՝ սիրելի բարեկամներ, դուք շարունակել եք ձեր բիզնեսը, ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ չէր սահմանել: Եվրամիությունը 2008-2022 թվականներին 2.5 տրիլիոն դոլար է վճարել Ռուսաստանին», - ասել է Վրաստանի վարչապետը:
Նրա խոսքով` ռուս-վրացական առևտրի տարեկան ծավալը 1 միլիարդ դոլարից քիչ է: Դա Ռուսաստանի և Եվրոպայի առևտրի ընդամենը չորսօրյա ծավալն է: Վրաստանի մեկ միլիարդի առևտուրը չի կարող էապես ազդել Ռուսատանի վրա, քանի որ դա այդ երկրի արտաքին առևտրի 0.3 տոկոսն է, հետևաբար` տրամաբանական չի լինի Վրաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների սահմանումը:
Միաժամանակ, Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանի իշխանությունը սատարում է Ուկրաինային և ուկրաինացիներին ու ցանկանում է օր առաջ ավարտված տեսնել այդ պատերազմը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը երեկ Բրյուսելում Եվրամիության պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ քննադատել է Հունգարիային Ուկրաինային հետագա ռազմական օգնությունն արգելափակելու համար:
«Որոշ չափով հիասթափված կամ նյարդայնացած եմ հունգարացի ընկերների պահվածքից օգնությունն արգելափակելու համար»,- ասել է Պիստորիուսը:
Պաշտոնական Բուդապեշտի այս քայլը հաջորդեց Ուկրաինայի կողմից Հունգարիայի խոշորագույն OTP բանկը Ռուսաստանի ներխուժման կողմնակիցների ցուցակում ընդգրկելուն: Հունգարիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Բուդապեշտը կմերժի նոր ռազմական օգնության տրամադրումը, եթե OTP բանկը չհանվի այդ ցուցակից։
ԱՄՆ-ի արտադրության F-16 կործանիչներով ուկրաինացի օդաչուներին վարժեցնելով ՆԱՏՕ-ն չի դառնում հակամարտության կողմ, հայտարարել է ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը:
«Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, մենք օգնում ենք Ուկրաինային պաշտպանել այդ իրավունքը», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա, ընդգծելով՝ «դա ոչ ՆԱՏՕ-ին , ոչ էլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին չի դարձնում հակամարտության կողմ»:
Ռուսաստանը կիսում է այն կարծիքը, որ ուկրաինական հակամարտությունը չպետք է սառեցվի, և Մոսկվան կշարունակի հետամուտ լինել Ուկրաինայում իր նպատակներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Լրագրողի դիտարկմանը՝ կիսո՞ւմ է արդյոք Ռուսաստանը Արևմուտքի կարծիքը, թե չի կարելի թույլ տալ, որ Ուկրաինայում հակամարտությունը սառեցվի, խոսնակը պատասխանել է. - «Ռուսաստանը համերաշխ է»:
«Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու միայն հետևյալ հնարավորությունն է դիտարկում՝ ապահովել իր շահերը և իր նպատակներին հասնել հատուկ ռազմական գործողությամբ կամ այլ հասանելի միջոցներով», - ասել է Պեսկովը: