Կիևում և այլ շրջաններում տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ից չեղարկվել է օդային տագնապը, որն այս գիշեր հայտարարվել էր ողջ Ուկրաինայում։
Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է ավելի քան 40 օդային թիրախ քաղաքի վրա։
Կիևի Գոլոսեևսկի շրջանում ընկել են խոցված ՀՕՊ հրթիռի բեկորներ, կան տուժածներ, հայտնում է Կիևի ռազմական վարչությունը։
Կիևի Պոդոլսկի և Սվյատոշինսկի թաղամասերում պայթյուններ են հնչել, բեկորների անկման հետևանքով առանձնատուն է բռնկվել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նա քաղաքացիներին հորդորել է մնալ կացարաններում:
Բելառուսն իր տարածքում ռուսական տակտիկական միջուկային զենք կտեղակայի, երեկ հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Արևմուտքն ուղղակի այլ ելք չթողեց Բելառուսի համար»,- ասել է նա։
«Եթե Արևմուտքի քաղաքական գործիչների գլխում դեռ մի քիչ խելք մնացել է, նրանք, իհարկե, չեն անցնի այս կարմիր գիծը»,- նշել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը․ - «Քանի որ նույնիսկ տակտիկական միջուկային զենքի օգտագործումը կհանգեցնի անդառնալի հետևանքների: Սա, իհարկե, ծայրահեղ քայլ կլինի, բայց արդարացված քայլ՝ մեր երկիրը պաշտպանելու համար»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը Բելառուսի խնդրանքով կտեղակայի իր տակտիկական միջուկային զենքը հանրապետությունում։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ հուլիսի 1-ին պլանավորվում է Բելառուսի տարածքում ավարտել մարտավարական միջուկային զենքի պահեստարանի կառուցումը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 25-ին հայտարարել էր, որ Ռուսաստանից իր երկիր ոչ մարտավարական միջուկային զենքի տեղափոխումն արդեն սկսվել է։
Գիշերը Կիևը ենթարկվել է օդային ամենազանգվածային հարձակմանը պատերազմի սկզբից ի վեր։ Ռուսական ուժերը Ուկրաինայի մայրաքաղաքի վրա 54 «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր են արձակել։ Ուկրաինական կողմը պնդում է, որ դրանցից 52-ը ոչնչացվել է։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ 41-ամյա տղամարդ է զոհվել դրոնի բեկորներից ստացած վնասվածքներից։
Մայիսի 28-ին Կիևը նշում է 1541 թվականին իր հիմնադրման օրը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է․ «Գոյություն չունի այնպիսի ուժ, որն այսօր ուկրաինական հանրությանը և պետության ղեկավարությանը կստիպի խոսել ռուսների հետ, քանի դեռ մեր տարածքում կանգնած է ՌԴ -ի զորքը»։ Երմակն այսկերպ արձագանքել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հայտարարություններին։
ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ռուսաստանցի պաշտոնյան Ուկրաինայի հետ պատերազմի դադարեցման մի շարք պահանջներ է ներկայացրել, այդ թվում՝ Կիևից պահանջել «դադարեցնել ռազմական գործողությունները», հրաժարվել արևմտյան սպառազինությունից, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամակցության հեռանկարից, ճանաչել «տարածքային նոր իրողությունները», ռուսաց լեզուն հռչակել որպես պետական լեզու։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն իր հերթին հայտարարել է, որ խաղաղ բանակցություններ սկսելու համար «իրատեսական» են միայն Ուկրաինայի պահանջները, այդ թվում՝ բոլոր ռուսական զորքերի անհապաղ դուրսբերումը ուկրաինական տարածքից, ԽՍՀՄ փլուզման փաստի և հետխորհրդային երկրների ինքնիշխանության ճանաչում։
Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության հաստատման մյուս պայմանները պետք է լինեն, ըստ Պոդոլյակի, բոլոր ռազմական հանցագործների և «պատերազմի հեղինակների» արտահանձնումը, ՌԴ տարածքում բուֆերային գոտու ստեղծումը հարձակողական զենքի կրճատմամբ, ինչպես նաև Ռուսաստանի կողմից փոխհատուցում:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Ուկրաինայի հետ պատերազմի դադարեցման առնվազն վեց պայման է ներկայացրել, այդ թվում՝ պահանջել «դադարեցնել ռազմական գործողությունները»։ Այս մասին ռուսաստանցի պաշտոնյան ասել է պետական ՏԱՍՍ գործակալության հետ զրուցում։
Գալուզինի խոսքով՝ դիմադրությունից հրաժարվելուց բացի, Ուկրաինան «կարգավորման» համար պետք է հրաժարվի նաև արևմտյան զենքերից։ «Համապարփակ, արդար և կայուն» խաղաղության հասնելու համար Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամակցության հեռանկարից, ճանաչի «տարածքային նոր իրողությունները», ինչպես նաև ռուսաց լեզուն հռչակի որպես պետական լեզու, հարգի մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կրոնի ազատության իրավունքը։
Կիևն առայժմ չի արձագանքել ռուսական կողմի այդ պահանջներին։
Դնեպրում մայիսի 26-ին ռուսական ուժերի հրթիռակոծության թիրախում հայտնված հիվանդանոցի փլատակները մաքրվել են, որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, ավելի քան 30-ը՝ վնասվածքներ ստացել, որոնցից հինգի վիճակը գնահատվում է ծանր։
«Մինչ այս պահը անհայտ է երեք անձի ճակատագիր, որոնք կարող էին հրթիռակոծության պահին շենքի ներսում լինել», - հայտարարել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերխի Լիսակը:
Տեղից ստացվող հաղորդումների համաձայն՝ հրթիռակոծության հետևանքով վնասվել են տասնյակ բազմահարկ շենքեր։
Ուկրաինայի Զինված ուժերի հաղորդմամբ, երեկ ժամը 22:00-ին սկսվել է հերթական հարձակումը և տևել մինչև այսօր ժամը 05:00-ն:
«Այս անգամ հակառակորդը հարվածի ուղղությունը տեղափոխել է դեպի արևելք՝ հարձակվելով Ուկրաինայի պաշտպանության բանակի կարևոր ենթակառուցվածքի օբյեկտների և ենթակառուցվացքների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ արձանագրվել է ընդհանուր առմամբ տարբեր տեսակի 17 հրթիռ և 31 հարվածային անօդաչու թռչող սարք:
Ուկրաինական կողմը հայտարարում է, որ ոչնչացվել են բոլոր 10 թևավոր հրթիռները, ինչպես նաև 23 Shahed անօդաչու թռչող սարք և 2 օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարք՝ Orlan-10 և Merlin-VR։
Միևնույն ժամանակ հարվածային անօդաչու թռչող սարքեր և մի քանի С-300/С-400 հրթիռներ խոցել են Խարկովի և Դնեպրոպետրովսկի շրջանների օբյեկտները, հայտնում է ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Հարվածի հետևանքները ճշտվում են։
Կիևի քաղաքային ռազմական վարչությունը հայտարարում է, որ գիշերային գրոհը հետ մղելու ընթացքում խոցվել են Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ արձակված բոլոր օդային թիրախները:
Կիևում, ըստ նախնական տվյալների, զոհեր և ավերածություններ չկան։
Վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հիշեցնում է, որ սա ռուսների կողմից Կիևին հարվածելու արդեն 13-րդ փորձն է՝ վերջին մեկ ամսվա ընթացքում։
Սոցցանցերի օգտատերերը հայտնում են, որ Ռուսաստանի Կրասնոդարի մարզում վաղ առավոտյան պայթյուն կամ պայթյուններ են որոտացել։ Տեղի բնակիչները հրապարակված տեսանյութում ենթադրում են, որ հակաօդային պաշտպանությունն է աշխատել, որը կրակել է անօդաչու թռչող սարքի ուղղությամբ։
Օպերատիվ շտաբը հաստատել է Կրասնոդարի կենտրոնում արտակարգ իրավիճակը: Նշվում է, որ պայթյունը լսվել է Մորսկայա փողոցում։ Շենքի տանիք և պատուհաններ են վնասվել:
«Վագներ» ռազմականացված մասնավոր կազմակերպությունը սկսել է դուրս բերել իր զինված վարձկաններին Ուկրաինայի Բախմուտ քաղաքից՝ դիրքերը հանձնելով ռուսական կանոնավոր բանակի ստորաբաժանումներին։
Տելեգրամի էջում տեղադրված տեսանյութում «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը ասել է. - «Մենք դուրս ենք բերում ստորաբաժանումները Բախմուտից։ Այսօր հիմա առավոտյան ժամը 5-ն է` մայիսի 25-ը։ Մինչև հունիսի 1-ը հիմնական մասը կբազավորվի թիկունքային ճամբարներում։ Դիրքերը փոխանցում ենք զինվորականներին»։
Տեսանյութում նա մոտենում է «Վագների» վարձկաների տարբեր խմբերին, հայտնում, որ դուրս են գալիս, ինչ վերցնեն իրենց հետ, ինչ թողնեն զինվորներին։
Նախօրեին հրապարակված սկանդալային հարցազրույցում Պրիգոժինը հայտնել էր, որ Բախմուտում «Վագների» 20 հազար անդամ է զոհվել, որոնց կեսը հավաքագրված կալանավորներ էին։
Միացյալ Նահանգների վարչակազմը կարծում է, որ մայիսի սկզբին Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման փորձի հետևում կանգնած է Ուկրաինայի ռազմական կամ հետախուզական գործակալություններից մեկը, հայտնում է The New York Times-ը։
Ամերիկյան հետախուզությունը նման եզրակացության է հանգել ռուսական և ուկրաինական կողմերի հաղորդագրությունների գաղտնալսումների հիման վրա։ Այնուամենայնիվ, ընդգծվում է, որ ԱՄՆ հետախուզությանը դեռ հայտնի չեն տեղի ունեցածի մանրամասները։
Վկայակոչելով վարչակազմի անանուն պաշտոնյաներին՝ The New York Times-ը նշում է, որ ԱՄՆ հետախուզությունը դեռ չգիտի, թե ուկրաինական որ հատուկ ծառայությունը կամ կառույցը կարող էր կազմակերպել հարձակումը։ Նրանք նաև չեն կարող հաստատել, թե արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրան մոտ գտնվող մարդիկ գիտեին հարձակման մասին։ Թերթի որոշ աղբյուրներ կարծում են, որ Զելենսկին հնարավոր է նախապես չի իմացել դրա մասին։
Գաղտնալսված հեռախոսազրույցները վկայում են, որ ռուս պաշտոնյաները զարմացած էին կատարվածից, ինչը չի հաստատում ուկրաինացի պաշտոնյաների առաջ քաշած վարկածը, թե անօդաչու թռչող սարքի հարձակումը հենց Ռուսաստանի կողմից կազմակերպված սադրանք էր։
Հոդվածում ընդգծվում է նաև՝ ամերիկյան վարչակազմը մտահոգված է, որ Ռուսաստանը տեղի ունեցածի համար կարող է պատասխանատվությունը դնել ԱՄՆ-ի վրա՝ որպես Ուկրաինային աջակցող երկրի։
Եվրամիությունը քննարկում է գրեթե 200 միլիարդ եվրոյի սառեցված և բելգիական Euroclear կենտրոնում պահվող ռուսական ակտիվներից շահույթները Ուկրաինա ուղարկելու հարցը, գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնյաներին։
Նման քայլը չի հանգեցնի բուն ակտիվների օտարմանը, այլ կնշանակի Ռուսաստանի վրա արևմտյան ֆինանսական ճնշման սրում, նշում է պարբերականը։
Բելգիայի կառավարության տվյալներով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում սառեցվել են և Euroclear-ում են 196,6 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները, որից 180 միլիարդը Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվներն են։