Ռուսաստանը չի կարող Ուկրաինային արգելել միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին: Այդ մասին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ միայն ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պետք է որոշեն, թե երբ Ուկրաինան կմիանա դաշինքին: Մոսկվան չունի այդ հարցում վետոյի հնարավորություն»,- ասել է Ստոլտենբերգը:
Հարցը կքննարկվի այս տարվա հուլիսին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
2008 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հավանություն է տվել դաշինքին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության գաղափարին:
Այսօր Թբիլիսի է վերադարձվել Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս մեկ վրաց կամավորի դի։
«Ազատության» վրացական ծառայության տեղեկություններով՝ խոսքը 45-ամյա Վախթանգ Բարաբաձեի մասին է, որը զոհվել է Բախմուտի մերձակայքում՝ ռուսական կողմի հրետակոծության հետևանքով։
Վրացական աղբյուրների փոխանցմամբ, Բարաբաձեն զոհվել էր դեռ ապրիլի սկզբին, սակայն, ուկրաինական կողմին նրա մարմինը հաջողվել էր մարտի դաշտից դուրս բերել միայն մայիսի 24-ին։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինայում ավելի քան 40 վրաց կամավոր է զոհվել։
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասը կրկին ենթարկվել է հարվածային անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։
Տեղական աղբյուրների փոխանցմամբ, անցած գիշեր ԱԹՍ-ների թիրախում են հայտնվել երկրամասի տարածքում գտնվող նավթամշակման երկու գործարանները։
Երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևի փոխանցմամբ, անօդաչուների հարձակմանն է ենթարկվել Աֆիպսկի ավանի մերձակայքում գտնվող նավթամշակման գործարանը։
«Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, այրվել է մազութի վերամշակման սարքավորումը», - նշել է նահանգապետը՝ հավելելով, որ զոհեր և վիրավորներ չկան։
Ռուսական անկախ լրատվամիջոցները հաղորդում են, որ անցած գիշեր հարձակման է ենթարկվել Կրանսոդարի երկրամասում գտնվող նավթամշակման գործարաններից ևս մեկը։
«Բազա» կայքի փոխանցմամբ, Իլսկի քաղաքի մոտ գտնվող նավթամշակման գործարանում պայթյուն է որոտացել։ Պաշտոնական աղբյուրներն, այս տեղեկությունն առայժմ չեն հաստատում։
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն առավոտյան հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Շեբեկինո քաղաքում իրավիճակը «վատթարանում է»։
«Այսօր մենք սկսում ենք երեխաներին դուրս բերել Շեբեկինսկի և Գրայվորոնսկի շրջաններից: Այսօր առաջին 300 երեխաներին կուղարկեն Վորոնեժ»,- այսօր առավոտյան գրել է նա իր Telegram ալիքում:
Գիշերը նահանգապետը հայտնել է Շեբեկինոյի վրա հերթական հարվածի մասին։
Պատերազմի ընթացքում քաղաքը մեկ անգամ չէ, որ կրակի տակ է հայտնվել։ Գլադկովը պնդում է, որ ժամը 03:15-ին քաղաքի վրա զանգվածային հարձակում է իրականացվել «Գրադ» հրթիռային համակարգերով։
Նրա նկարագրմամբ վնասվել է ութ բազմաբնակարան շենք, չորս առանձնատուն, 12 ավտոմեքենա, ամբողջությամբ այրվել է մեկ խանութ:
Մայիսի 30-ի երեկոյան Բելգորոդի մարզում ժամանակավոր կացարանների կենտրոնի գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել, հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Գլադկովի խոսքով՝ մահացածը աշխատում էր որպես ժամանակավոր կացարանի պահակ։ Երկու տուժածներն էլ ծայրահեղ ծանր վիճակում են։
Ուկրաինան չի մեկնաբանել Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունները Շեբեկինոյի հրթիռակոծման մասին:
«Այսօր հաջողվեց վերադարձնել Ուկրաինայի պաշտպանների 79 զոհվածների մարմիններ», - մայիսի 30-ին հայտնել է ռեինտեգրացիայի նախարարության մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների մարտերում զոհվածների մարմինները կփոխանցվեն հարազատներին հուղարկավորելու համար։
Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը չի պլանավորում դիմել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Մոսկվայի վրա կատարված ԱԹՍ-ների հարձակման կապակցությամբ, քանի որ մայրաքաղաքի և Մերձմոսկովյան շրջանի բնակիչների համար որևէ սպառնալիք ներկայիս պահին գոյություն չունի, այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ դա «Կիևի ռեժիմի հարձակումն էր ու դա պետք է հստակ հասկանալ»։
Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկիի կարգադրությամբ, հունիսի 1-ից Լեհաստանը փակում է սահմանը Բելառուսի և Ռուսաստանի բեռնատարների համար։
Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի 365 քաղաքացիների նկատմամբ։
Վարշավայի քայլերը պատասխան են Բելառուսի քաղաքացի, ծագումով լեհ լրագրող Անջեյ Պոչոբուտի դեմ Բելառուսի իշխանությունների բռնաճնշումների։
Գրոդնոյի դատարանն անցած փետրվարին նրան ութ տարվա ազատազրկման է դատապարտել՝ ատելություն սերմանելու մեղադրանքով։
Վարշավան քաղաքական էր գնահատել լրագրողի դեմ Բելառուսի իշխանությունների գործողությունները։
Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում այս գիշեր օդային տագնապ էր հայտարարվել, Ուկրաինայի մայրաքաղաքում պայթյուններ են լսվել։
Ավելի վաղ հաղորդվել էր Ուկրաինայի կենտրոնական շրջաններում ավիահարվածի և Կիևի ուղղությամբ անօդաչու սարքերի շարժի մասին։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր, որ զանգվածային հարձակում է տեղի ունենում։
Կիևի Գոլոսեևսկի թաղամասում, որտեղ բեկորների ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքում, մեկ մարդ մահացել է, հայտնել է քաղաքապետ Կլիչկոն։
Մեկ տարեց կին հոսպիտալացվել է, ևս երկու տուժածի բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։ Այրվող շենքից տարհանվել է 20 մարդ։ Հաղորդվում է, որ շենքի վերջին երկու հարկերը ավերվել են, փլատակների տակ կարող են մարդիկ լինել։
Տեղեկություններ կան, որ Սվյատոշինսկի շրջանում բեկորներ են ընկել ձեռնարկություններից մեկի տարածքում։ Ավերածությունների և տուժածների մասին տվյալները ճշտվում են:
Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի, Պրոֆսոյուզնայա և Ատլասովա փողոցներում:
Տուժածներ չկան, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
«Այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքում ոչ գզգալի վնասներ են եղել, դեպքի վայրերում են քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները: Նրանք պարզում են դեպքի հանգամանքները։ Այս պահին ոչ ոք լուրջ չի տուժել»,- գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Թելեգրամի իր ալիքում։
Մայիսի սկզբին էլ Մոսկվան հայտնեց, թե ուկրաինական ԱԹՍ-ները փորձել են հարվածել Կրեմլում Պուտինի նստավայրին։ Պաշտոնական Կիևը հերքեց, թե ուկրաինական ուժերն են կազմակերպել հարձակումը Կրեմլի վրա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Պաշտպանության նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության համատեղ քննարկումներից հետո հնարավոր կլինի ընտրություններ անցկացնել ռազմական դրության ռեժիմի տակ գտնվող տարածքներում:
Նախկինում գործող օրենքն արգելել է համապետական և տեղական ընտրություններ կամ հանրաքվեներ անցկացնել այն տարածքներում, որտեղ ռազմական դրություն է հայտարարված:
Նոր օրենքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ընտրություններ նշանակել, եթե հարցը նախապես քննարկել է Պաշտպանության նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության հետ:
Այդ կառույցների հավանության դեպքում հնարավոր կլինի ընտրություններ և հանրաքվեներ անցկացնել թե՛ Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում և թե՛ դրա մի մասում: