Դանիան ստանձնել է ուկրաինացի օդաչուների ուսուցումը, որից հետո նրանք կկարողանան մարտեր մղել F-16 օդանավերով: Մինչդեռ Կիևին այդ տեսակի մեքենաներ տրամադրելու հարցը դեռ չի լուծվել:
Այդ մասին այսօր Բրյուսելում, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների ժողովից առաջ, ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Շնորհակալ եմ դաշինքի այն անդամներին, որոնք համաձայնել են ապահովել ուկրաինացի օդաչուների ուսուցումը: Դա շատ կարևոր է, դա թույլ կտա հետագայում կայացնել որոշում F-16 տեսակի ինքնաթիռների տրամադրման մասին»,- ասել է Ստոլտենբերգը:
Նախօրեին Նիդերլանդները՝ չմանրամասնելով, հայտնել է, որ Ուկրաինայի մարտական օդաչուների պատրաստման կենտրոնը կտեղակայվի Արևելյան Եվրոպայում, և հիմա ՆԱՏՕ-ի երկրները կազմում են անհրաժեշտ ուսումնական ծրագիրը:
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով Դնեպրի ձախ ափին ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 18-ի, հաղորդել է Ռուսաստանի կողմից նշանակված Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Ըստ նրա, բնակավայրերում ջրի մակարդակը շարունակում է նվազել:
Ուկրաինական կողմից վերահսկվող աջ ափին ջրհեղեղի հետևանքով մահացածների մասին տվյալները վերջին անգամ հրապարակվել են հունիսի 12-ին՝ այն ժամանակ հայտնի էր 10 զոհի մասին։
Խերսոնի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը նախօրեին ասել էր, որ Ուկրաինայի կողմից վերահսկվող Դնեպրի աջ ափին 3 հազար 100 տուն ջրի տակ է մնացել Կախովկայի ՀԷԿ-ում տեղի ունեցած աղետից հետո: Նա նաև հայտնել է, որ աջ ափին անհետ կորած է համարվում 43 մարդ։
Այս գիշեր ռուս զինվորականներն անօդաչու սարքերով և թևավոր հրթիռներով զանգվածային հարձակումներ են իրականացրել ուկրաինական քաղաքների վրա, հայտնում է Ուկրաինայի գլխավոր շտաբը։
Ամբողջ երկրում օդային տագնապ է հայտարարվել։
Ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչուներով հուժկու հարվածներ են հասցրել Օդեսային, Կրիվոյ Ռոգին, Խարկովին և մի շարք այլ բնակավայրերի:
Օդեսայում հարվածներին արձագանքել է ՀՕՊ համակարգը, Կրիվոյ Ռոգում ոչնչացվել է երկու ձեռնարկություն, մեկ մարդ վիրավորվել է, ևս երեք պայթյուն Խարկովում է որոտացել:
Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակն ասել է, որ ռուսական հարվածներից ավերվել են մի շարք արտադրական հիմնարկներ և գազատարներ:
Ռուսաստանի կողմից պատերազմի ընթացքում բռնակցված չորս ուկրաինական տարածքներում, որոնք Մոսկվան անվանում է «նոր ռեգիոններ», այս տարվա սեպտեմբերի 10-ին տեղի կունենան օրենսդիր մարմինների և քաղաքապետարանների ընտրություններ:
Այդ որոշումն այսօր միաձայն ընդունել և նախագահ Վլադիմիր Պուտինին է ուղարկել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
«Տեղական ներկայացուցչական մարմինների հետ ահռելի աշխատանք է կատարվել ռեգիոններում ընտրական հանձնաժողովներ կազմելու համար, ամբողջ ԿԸՀ-ն, բայց նախևառաջ նախագահ Էլլա Պամֆիլովան է արել այդ աշխատանքը: Եվ այսօր այն գրեթե ավարտին է հասցվել: Զրոյից այս համակարգը ստեղծելը՝ սխրանք էր»,- ասել է ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը:
Կիևը և Արևմուտքը չեն ճանաչում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների պատկանելությունը Ռուսաստանին և նույն դիրքորոշումն ունեն նաև 2014-ին բռնակցված Ղրիմի հարցում:
«Վագներ» ռազմականացված մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը շարունակում է մերժել իր վարձկան-մարտիկների ու Պաշտպանության նախարարության միջև համաձայնագրեր ստորագրելու առաջարկը, չնայած նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել էր Ուկրաինայում կռվող կամավորների հետ պայմանագրեր ստորագրելու նախարարության առաջարկը։
«Երբ մենք սկսեցինք մասնակցել այս պատերազմին, ոչ մեկը չի ասել, որ մենք պարտավոր ենք պայմանագրեր կնքել Պաշտպանության նախարարության հետ։ «Վագներ»-ի մարտիկներից ոչ մեկը պատրաստ չէ կրկին գնալ ամոթի ճանապարհով, ուստի ոչ մեկը պայմանագիր չի կնքի»,- չորեքշաբթի հայտարարել է Պրիգոժինը։
Որոշ Տելեգրամ ալիքներ հաղորդել են, որ Ուկրաինայում կռվող Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը զոհվել է։
Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարության "Звезда" Տելեգրամ ալիքը, վկայակոչելով Պետդումայի աղբյուրները, հայտնեց, որ Դելիմխանովը «վիրավորվել է, բայց ողջ է»։
Սակայն Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը այսօրվա նիստի մեկնարկին ասել է, թե «հենց նոր հեռախոսով զրուցել է պատգամավոր Ադամ Դելիմխանովի հետ՝ նա ողջ-առողջ է»։
Դելիմխանովը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի սերտ զինակիցներից է։ Նախօրեին Կադիրովը հայտնել էր, որ «Ախմատ» գումարտակի մարտիկները Ռուսաստանի Բելգորոդի մարզում կներգրավվեն ուկրաինական կողմից դիվերսիաները կանխելու գործողություններում։
Անցած գիշերը ռուսական ուժերը հրթիռակոծել են ենլ Օդեսան․ Սև ծովից քաղաքի վրա «Կալիբր» տեսակի չորս հրթիռ է արձակվել։
Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» խմբավորումը հաղորդում է, որ հրթիռներից երկուսը ոչնչացվել են, բայց մյուս երկուսի հարվածի հետևանքով զոհեր և ավերածություններ կան։ Հրթիռներից մեկն ընկել է պահեստային շինության վրա, որտեղ երեք աշխատակից է զոհվել, ևս յոթը՝ վիրավորվել։
Նախօրեին հրթիռակոծվել էր Կրիվոյ Ռոգը, ինչի հետևանքով 12 մարդ էր զոհվել, 36-ը՝ վիրավորվել։ Կրիվոյ Ռոգում այսօր սգո օր է հայտարարվել։
Ռուսաստանի օրենսդիր մարմինը քննարկում է Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակիցներին քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը․ խոսքը մասնավորապես այն դատապարտյալների մասին է, ովքեր թեթև կամ միջին ծանրության հանցագործություններ են կատարել: Օրենսդրական նախաձեռնության մասին տեղեկացնում է Ռուսաստանի պետդումայի պաշտոնական կայքէջը՝ հրապարակելով առաջարկի նախագիծը։
Փաստաթղթի համաձայն՝ զորահավաքների մասնակիցները կամ նրանք, ովքեր պայմանագիր են կնքել ՊՆ-ի հետ կազատվեն քրեական պատասխանատվությունից զորացրվելու կամ պետական պարգևի արժանանալու օրվանից։
Ռուսաստանում ազատազրկվածներին անցյալ տարվանից պատերազմի համար հավաքագրում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը։ Վերջերս այդ կառույցի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Բախմուտի մոտ գրեթե 10 հազար բանտարկյալ է մահացել։
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն մանրամասներ է պատմել իր երկրի տարածքում միջուկային զենք տեղադրելու որոշման վերաբերյալ։ Ըստ Լուկաշենկոյի՝ «առայժմ» խոսքը մարտավարական սպառազինության մասին է, սակայն Բելառուսը հարթակ է նախապատրաստում ռազմավարական հրթիռների տեղակայման համար։
«Աստված մի արասցե, որ ես ստիպված լինեմ որոշում կայացնել այդ զենքի կիրառման վերաբերյալ։ Բայց ոչ մի տատանում չի լինի, եթե միայն մեր դեմ ագրեսիա լինի», - BelTA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահը։
Բելառուսում ռուսական բանակի մարտավարական միջուկային լիցքերի տեղակայման մասին հայտնի է դարձել մարտին։ Այդ ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ խոսքը միջուկային զենքը Մինսկ տեղափոխելու մասին չէ։ Այժմ Լուկաշենկոն հայտարարում է, որ զենքը փաստացի վերադարձնում են Բելառուսին, որտեղ այն տեղակայված էր մինչև 1996 թվականը:
«Սկզբում ես խնդրեցի Պուտինին, այնուհետև բարեկամաբար խստորեն պահանջեցի՝ ինձ հետ տվեք առայժմ այդ [մարտավարական, ոչ ռազմավարական] զենքը։ Դա բավարար է», - ասել է Լուկաշենկոն` շարունակելով. - «Դա իմ պահանջն էր: Դա Ռուսաստանը չէ ինձ պարտադրել : Ինչո՞ւ՝ որովհետև, ինչպես դուք բոլորդ ասում եք, աշխարհում դեռևս ոչ ոք չի պատերազմել միջուկային տերության դեմ»:
Ուկրաինայի տարածքի մեծ մասում այս գիշեր օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինական գլխավոր շտաբն առավոտյան հաղորդագրությունում նշել է, որ գիշերը ռուսական զորքերը երկրի վրա 14 թևավոր հրթիռ և իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր են արձակել։
Հրթիռակոծության հետևանքով Կրիվոյ Ռոգում վնասվել են մի քանի քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ հինգհարկանի շենք: Զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 25-ը, հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Դնեպրոպետրովսկի մարզի դատախազությունը Կրիվոյ Ռոգի հրթիռակոծության փաստով հետաքննություն է սկսել պատերազմի օրենքների և սովորույթների խախտման հոդվածով:
Կիևի և Խարկովի իշխանությունները ևս հաղորդել են օդային հարձակումների մասին: