Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Բելառուսի տարածք մարտավարական նշանակության միջուկային զենքի փոխադրումը նախազգուշացում է Արևմուտքին, որը սատարում և զինում է Ուկրաինային:
Այդ մասին Պուտինն ասել է նախօրեին՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում:
Նա նշել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն առաջին անգամ է միջուկային զենք փոխադրում երկրի սահմաններից դուրս:
«Մեդիազոնա» կայքը, BBC բրիտանական հեռուստառադիոկայանի ռուսական ծառայության աշխատակիցները և կամավորների խումբը համատեղ հետաքննությամբ հաստատել են, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մեկնարկած պատերազմի ընթացքում Ուկրաինայում սպանվել են առնվազն 25 հազար 528 ռուսաստանցի զինծառայողներ:
Խոսքն անուն-ազգանուններով հաստատված զոհերի մասին է: Տվյալները հավաքվել են բաց աղբյուրներից: Զոհվածներից 2 հազար 498-ը զորակոչվածներ են: Հետաքննող լրագրողները նշում են, որ զոհերի թվում գերակայողը քրեակատարողական հիմնարկներից զորակոչվածներն են:
Առավել շատ բանտարկյալներ են զոհվել Կրասնոդարի երկրամասից, Սվերդլովսկի և Չելյաբինսկի շրջաններից, Բաշկիրիայի և Չուվաշիայի հանրապետություններից և Վոլգոգրադի մարզից:
Զոհվածների թվում են ռուսական բանակի և ուժային այլ կառույցների ավելի քան 2150 սպաներ, որոնցից առնվազն 251-ն ունեցել են փոխգնդապետի և զինվորական ավելի բարձր կոչումներ: Զոհվել են առնվազն 161 օդաչուներ:
«Մեդիազոնա» կայքը և BBC-ն նշում են, որ զոհվածների իրական թիվը կարող է անգամներով ավելի մեծ լինել:
Միացյալ Նահանգների փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի բանակի զոհերի և վիրավորների միացյալ թիվը կարող է հասնել 270-ից 300 հազարի:
Ենթադրվում է, որ Ուկրաինան մոտավորապես նույնքան կորուստներ ունի: Երկու երկրները տևական ժամանակ է չեն հայտնում պաշտոնական տեղեկություններ կորուստների մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգայցով մեկնել է Օմսկի շրջան, որտեղ պետական պատվերով աշխատող հիմնարկում հանձնարարել է ավելացնել հրասայլերի և ծանր հրանետների արտադրությունը:
«Նախարարը հիմնարկության ղեկավարներին ասել է, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել ռազմական հատուկ օպերացիային մասնակցող ռուսաստանյան բանակի համար պետպատվերով տեխնիկա արտադրելու ժամանակացույցը, և հանձնարարել է ընդարձակել հրասայլերի ու ծանր հրանետների արտադրական հզորությունները», - նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Բացի այդ, Շոյգուն ստուգել է տարածաշրջանում տեղակայված զինանոցներում և պահեստային բազաներում հատուկ գործողության գոտի տեղափոխելու համար սարքավորումների և սպառազինությունների նախապատրաստումը:
Նախարարին զեկուցել են զրահատեխնիկայի պահպանման և վերանորոգման, ինչպես նաև ձևավորվող զորամասեր և ստորաբաժանումներ փոխադրման նախապատրաստման մասին։
«Զելենսկին իսկական հրեա չէ», - այսօր Սանկտ Պետերբուրգում ընթացող Միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
«Ես մանուկ հասակից շատ հրեա ընկերներ ունեմ։ Նրանք ասում են՝ «Զելենսկին հրեա չէ, նա հրեա ժողովրդի խայտառակությունն է»։ Դա ոչ կատակ է և ոչ էլ հեգնանք։ Չէ՞ որ այսօր նեոնացիստները, Հիտլերի հետևորդներն են, որ Ուկրաինայի հերոսներ են հռչակվել։ Հոլոքոսթի ընթացքում 6 միլիոն հրեա է սպանվել, որոնցից մեկուկես միլիոնը՝ Ուկրաինայի տարածքում՝ նախևառաջ բանդերայականների ձեռքերով», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։
«Այսպես կոչված հակահարձակման ընթացքում Ուկրաինան արդեն իսկ 186 տանկ և 418 զրահամեքենա է կորցրել», - երեկ Սանկտ-Պետերբուրգում մեկնարկած Միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նշելով, որ տվյալ պահին ևս ուկրաինական ուժերը փորձում են առաջ շարժվել Զապորոժիեի և Վրեմեևյան ուղղություններով՝ Պուտինը հայտարարում էր․ - «Կարծում եմ, որ Ուկրաինայի Զինված ուժերը [հաջողության հասնելու] շանսեր չունեն և չեն ունենա ոչ այս, ոչ էլ մյուս ուղղություններում։ Դրանում ես որևէ կասկած չունեմ»։
Պուտինը նաև համոզմունք է հայտնել, որ ուկրաինական բանակի սպառազինությունը շուտով կսպառվի։
«Ուկրաինական բանակը հակահարձակման ընթացքում ռազմավարական պաշարներ է օգտագործում», - նշել է Ռուսաստանի նախագահը։
Դնեպրի ջրի աղտոտվածությունը նորման գերազանցում է 28 հազար անգամ, BBC News Ukraine-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն։ Նրա խոսքով՝ Կախովկայից ներքև գտնվող ամբողջ ջրային տարածքը «պիտանի չէ օգտագործման համար»։
«Հետևաբար, արգելվում է լողալը, ձկնորսությունը, այս ջուրը խմելը, անասուններին ջուր տալը: Երբ մարդը լողում է այդպիսի ջրում, կարող են առաջանալ հիվանդություններ՝ խոլերա, հեպատիտ, մակաբույծներ: Մաքրման կառույցներն անցել են ախտահանման արտակարգ ռեժիմների, ջրամատակարարման ցանցում ջրի որակի մոնիտորինգն ուժեղացվել է, որպեսզի բռնկում բաց չթողնենք», - նշել է Լյաշկոն։
Նախարարը հույս ունի, որ սանիտարահիգիենիկ չափանիշների պահպանման դեպքում հնարավոր կլինի խուսափել համաճարակային բռնկումներից։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Ուկրաինայում խոլերայի առաջին դեպքի մասին, սակայն Առողջապահության նախարարությունը դա հերքել է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 15-ին տեսաուղերձով դիմել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներին:
Նա կոչ է արել շվեյցարացիներին կազմակերպել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար «խաղաղության բանաձևով» գագաթնաժողով:
Միաժամանակ Զելենսկին խնդրել է՝ չնայած գործող արգելքին թույլատրել շվեյցարական արտադրության զենքի մատակարարումն Ուկրաինային:
Նա հիշեցրել է, որ 2022 թվականին ինքը ներկայացրել է Ուկրաինայում զինված հակամարտության կարգավորման առաջարկը, որն անվանել է «խաղաղության բանաձև»:
«Մենք աշխարհից զենք ենք ուզում, որ մեր ուկրաինական տարածքը նորից դառնա խաղաղության տարածք», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Չեզոքության ավանդական քաղաքականություն վարող Շվեյցարիան չի արտոնում զենքի վերաարտահանում հակամարտությունների գոտիներ:
2022 թվականին Շվեյցարիան արգելել է վերաարտահանել սպառազենը, որն ավելի վաղ ուղարկել է Գերմանիա, Դանիա և Իսպանիա:
Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում կատարել ստանձնած պարտավորությունները և պատերազմի ավարտից հետո Ուկրաինան ընդգրկել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում:
Բանաձևի օգտին քվեարկել են 425 պատգամավորներ, դեմ՝ 38, ձեռնպահ են մնացել 42 եվրոպացի օրենսդիրներ:
Եվրոպացի պատգամավորները ենթադրում են, որ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին «կարող է մեկնարկել պատերազմի ավարտից հետո և շատ արագ ավարտվել»:
Եվրոպացի պատգամավորների համոզմամբ, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն պետք է սերտորեն համագործակցեն Ուկրաինայի հետ և մշակեն անվտանգության ժամանակավոր երաշխիքներ, որոնք պետք է անհապաղ իրագործվեն պատերազմի ավարտից հետո:
Բանաձևում ասվում է, որ Ուկրաինայի ինտեգրումը թե՛ ՆԱՏՕ-ին և թե՛ Եվրամիությանը կամրապնդի տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությունը և Ուկրաինայի ու Եվրատլանտյան համայնքի կապը:
Պատգամավորները կոչ են անում նաև այս տարի սկսել բանակցութունները Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցման հարցի շուրջ:
Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանը 50 հազար ռուբլու տուգանք է սահմանել անվանի ռոք երաժիշտ և պոետ Բորիս Գրեբենշչիկովի նկատմամբ:
Դատարանն այդ վճիռը կայացրել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «ֆաշիստական» որակելու համար: Գրեբենշչիկովն այդպես է անվանել Ռուսաստանի գործողությունները «9-րդ ալիք» իսրայելյան լրատվական ընկերությանը տված հարցազրույցում:
Գրեբենշչիկովը բազմիցս է հրապարակավ դատապարտել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, ինչի հետևանքով Ռուսաստանում նրա համերգները չեղարկվել են:
Այսօրվա դրությամբ ռոք երաժիշտ և պոետ, «Ակվարիում» խմբի հիմնադիր, կիթառահար և երգիչ Բորիս Գրեբենշչիկովը բնակվում է արտասահմանում:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի ղեկավարած պատվիրակությունը հասել է Զապորոժիեի ատոմակայան:
Ավելի վաղ Գրոսսին ասել է, որ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումից հետո անհրաժեշտ է այցելել Զապորոժիեի ԱԷԿ և ստուգել դրա անվտանգությունը:
Ռաֆայել Գրոսսին ցանկանում է ավելացնել ԱԷՄԳ-ից Զապորոժիեի ԱԷԿ-ում երկարատև ժամկետով տեղակայված դիտորդների թիվը:
Այս տարվա ընթացքում ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները Գրոսսիի գլխավորությամբ արդեն երկու անգամ այցելել են Զապորոժիեի ատոմակայան: Այն ունի վեց ռեակտորներ և համարվում է ամենախոշորը Եվրոպայում:
Պատերազմի պատճառով Զապորոժիեի ԱԷԿ-ը 2022 թվականի սեպտեմբերից էլեկտրականություն չի արտադրում։