Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հույս է հայտնել, որ հաջորդ տարի Ղրիմը կլինի Կիևի վերահսկողության տակ։ Այս մասին ուկրաինացի պաշտոնյան խոսել է «Ազատության» "Current Time" հեռուստանախագծին տված բացառիկ հարցազրույցում, որը հաջորդել է Ռամշտայնի ձևաչափով արևմտյան գործընկերների մասնակցությամբ բանակցություններին:
«Ես ձեզ ասեմ, երեկ Լլոյդ Օսթինը հրաժեշտ տալիս ինձ նախապես շնորհավորում էր ծննդյանս օրվա կապակցությամբ։ Ասում էր․ - «Մենք բոլորս՝ այստեղ ներկա պաշտպանության նախարարներս, ցանկանում ենք ամենայն բարիք։ Բայց հասկանում ես, չէ՞, որ դու բոլոր նախարարներին պետք է հրավիրես ընթրիքի»։ Ես ասացի․ - «Ընդունված է»։ Այնպես որ, ես կարծում եմ, որ հաջորդ ընթրիքը և իմ ծննդյան օրը տոնում ենք Ղրիմում»,- հայտարարել է ուկրաինական ռազմական գերատեսչության ղեկավարը:
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ 2024 թվականի հունիսի 18-ին Ղրիմում տեղի կունենա Ուկրաինայի արևմտյան գործընկերների պաշտպանության նախարարների ընթրի՞ք, Ռեզնիկովը պատասխանել է. - «Պլանավորում եմ»։
Խոսելով արևմտյան գործընկերների հետ հերթական հանդիպման արդյունքներից, Ուկրաինայի պաշտպանության նախարարը շեշտել է՝ ծնվել է «ավիացիոն կոալիցիա»։
Ղազախստանի իշխանությունները չեղարկել են ռուս երգիչ Գրիգորի Լեպսի համերգը․ երաժիշտը հրապարակավ իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժման ֆոնին։
Ալմաթիի քաղաքային օրենսդիր Էրկին Ռակիշևը հունիսի 19-ին տեղեկացրել է, որ հուլիսի 8-ին Կոնաև քաղաքում նախատեսված Լեպսի համերգը չեղարկվել է «ժողովրդական պահանջով»: Համերգի կազմակերպիչ Macao Luxury Village Resort ընկերությունը հաստատել է լուրը։
Գրիգորի Լեպսը, ինչպես նաև երգիչ Նիկոլայ Բասկովը հայտարարել են, որ ռուս զինծառայողներին կվճարեն 1-ական միլիոն ռուբլի՝ Ուկրաինայի զինված ուժերի յուրաքանչյուր ոչնչացված Leopard տանկի համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աֆրիկյան երկրների ղեկավարների հետ բանակցություններում ցուցադրել էր մի փաստաթուղթ, որը նա անվանել է «Ուկրաինայի չեզոքության մասին պայմանագիր»։
Պուտինը պնդել է, որ այդ համաձայնագիրը պատրաստվել է Մոսկվայի և Կիևի միջև Ստամբուլում կայացած բանակցություններում՝ 2022 թվականի պատերազմի սկզբում։ Կրեմլի ղեկավարի խոսքերով` փաստաթղթի ստորագրումը խափանվել է Ուկրաինայի կողմից։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ պայմանագիրը բաղկացած էր 18 կետից, նշված էր, այդ թվում՝ ուկրաինական բանակի առավելագույն չափը։
Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը Ստամբուլում տեղի է ունեցել 2022 թվականի մարտին։
Նույն ամսվա վերջին ռուսական զորքերը հետ են քաշվել Ուկրաինայի մայրաքաղաքից։ Մի քանի օրից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է ցեղասպանության մեջ։ Կիևից ոչ հեռու գտնվող Բուչան ավելի քան մեկ ամիս տևած ռուսական օկուպացիայից ազատագրելուց հետո ուկրաինական զորքը քաղաքի փողոցներում հարյուրավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների դիեր էին հայտնաբերել։ Զոհվածներից մի քանիսի ձեռքերը, ըստ ականատեսների, կապկպված էին՝ մեջքի հետևում, շատերի դիակների վրա բռնության հետքեր կային։
Հուլիսի կեսերին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի առաջնորդները Ուկրաինային չեն հրավիրի միանալ դաշինքին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Վիլնյուսի գագաթնաժողովում և գագաթնաժողովի նախապատրաստման ժամանակ մենք չենք քննարկում պաշտոնական հրավեր տրամադրելու հարցը», - ասել է Ստոլտենբերգը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո՝ հավելելով, որ հավաքի ընթացքում դաշինքի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն, թե ինչպես Ուկրաինան մերձեցնել ՆԱՏՕ-ին։
ՆԱՏՕ-ի անդամակցությանը ձգտող Կիևը հույս ունի դաշինքին միանալ պատերազմից հետո։
«Մենք հասկանում ենք, որ պատերազմի ժամանակ մեզ ոչ ոք ՆԱՏՕ-ին անդամակցություն չի տա։ Հասկանում ենք, որ հենց պատերազմն ավարտվի, 3-ից 6 ամսում Ուկրաինայի անդամակցության պլանը հստակ կֆիքսվի»,- անցած շաբաթ հայտարարում էր Ուկրաինայի նախագահի խոսնակ Միխայիլ Պոդոլյակը։
Ուկրաինային սահմանակից Վալույկի քաղաքի հրետակոծության հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Վնասվել են հինգ բազմաբնակարան շենք և չորս սեփական տնային տնտեսություն։ Տեղում են օպերատիվ ծառայությունները, վնասի մասին տվյալները ճշտվում են», - գրել է Գլադկովն՝ իր Տելեգրամ ալիքում։
Baza Telegram ալիքը գրում է, որ հունիսի 19-ի առավոտյան Բելգորոդի շրջանի միանգամից մի քանի բնակավայր կրակի տակ են հայտնվել։
Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանների իշխանությունները պարբերաբար հաղորդում են հրետակոծությունների մասին։ Նրանք հարձակումներում մեղադրում են ուկրաինական բանակին։ Ուկրաինայի ղեկավարությունը չի մեկնաբանում այդ տեղեկությունները։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ Բերդյանսկի և Մելիտոպոլի ուղղություններում երկու շաբաթվա հակահարձակողական գործողությունների ընթացքում ազատագրվել է ութ բնակավայր՝ Նովոդարովկա, Լևադնոյե, Ստորոժևո, Մակարովկա, Բլագոդատնոյե, Լոբկովոյե, Նեսկուչնոյե, Պյատիխատկի։
Նախօրեին ռուսական աղբյուրները խոստովանել են Զապորոժիեի հարավում գտնվող Պյատիխատկի գյուղի կորուստը։ Այս մասին, մասնավորապես, հայտարարել էր Ռուսաստանի կողմից նշանակված Զապորոժիեի շրջանի ղեկավար Վլադիմիր Ռոգովը։
Միաժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը երեկ առավոտյան հայտարարել է, որ ուկրաինական զորքերի՝ Պյատիխատկին գրոհելու փորձը հետ է մղվել։
Մալյարի խոսքով՝ ընդհանուր առմամբ, Տավրիդի ուղղությամբ ուկրաինացի զինվորականներն առաջ են շարժվել մինչև 7 կմ, իսկ հարավում ազատագրված տարածքը կազմում է 113 քառակուսի կիլոմետր։
Մոսկվայի կողմից նշանակված Խերսոնի կառավարության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն հայտնել է, որ Կախովկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի փլուզումից հետո առաջացած ջրհեղեղի հետևանքով 35 մարդ է մահացել։
Ավելի վաղ Ալեքսեենկոն խոսել էր Ռուսաստանի կողմից վերահսկվող Խերսոնի շրջանում 29 զոհի մասին։
Երեկ Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Կախովկայա ՀԷԿ-ում տեղի ունեցածի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, 31 մարդ դեռ անհետ կորած է համարվում։
Սկսվել է ուկրաինական հակահարձակման երրորդ շաբաթը։
Նախօրեին ամերիկյան Wall Street Journal թերթը գրել էր, թե Ուկրաինան դեռևս դժվարություններ ունի ռազմի դաշտում և նույնիսկ կորցրել է արևմտյան որոշ զինատեսակներ։
Ըստ հրապարակման՝ ուկրաինական հակահարձակմանը խոչընդոտում է ռուսական հզոր ավիացիան, հրետանին և բազմաթիվ ականապատ, ամրացված տարածքներ, որոնք ռուսները նախապես պատրաստել էին ուկրաինական հակահարձկմանը սպասելիս։
Հունիսի 18-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ զինված ագրեսիայի հետևանքով տուժել է առնվազն 1515 երեխա։ 489 երեխա մահացել է, առնվազն 1026-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Երեխաներն ամենաշատը տուժել են Դոնեցկի մարզում, Խարկովում Կիևում, Խերսոնում։
Անցած օրվա ընթացքում՝ հունիսի 17-ին, Օլեշկի քաղաքից գյուղ տանող ճանապարհին կրակել են քաղաքացիական մեքենայի վրա, սպանվել են հայրն ու նրա 15-ամյա որդին։ Նույն օրը Խերսոնի շրջանի Կազացկոյե գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 17-ամյա մի տղա։
Բացի այդ, հունիսի 17-ին ռուսական զորքերի կողմից Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի գնդակոծության պատճառով տուժել էր 9-ամյա մի աղջիկ։
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մեկ միլիարդ դոլար է կուտակում Ուկրաինայի վերականգնման համար, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Շաբաթ օրը նա Կիևում հանդիպել է ծրագրի տնօրեն Ախիմ Շտայների հետ։
Դենիս Շմիգալը մանրամասնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի՝ արագ վերականգնման, ականազերծման և մարդասիրական օգնության կարիքները։ Անդրադարձ է կատարվել պատերազմի արդյունքում բիզնեսը կորցրած փոքր ու միջին ձեռներեցներին աջակցելու խնդիրներին։
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նախաձեռնություններ է նախապատրաստում գործարարների վերապատրաստման և վերապատրաստման, պոտենցիալ արտահանման ձեռնարկությունների զարգացման համար։ Զարգացման ծրագիրը կաջակցի նաև էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը։
Կիևի տնտեսագիտական դպրոցի տվյալներով՝ լայնածավալ պատերազմի առաջին տարում Ուկրաինային հասցված ընդհանուր վնասը գնահատվում է 144 միլիարդ դոլար։ Հունիսի 6-ին Կախովկայի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած աղետից հետո վնասը կազմել է ավելի քան մեկուկես միլիարդ դոլար։