Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:31 4.7.2023

Ուկրաինայի Սումի քաղաքում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակման զոհերի թիվը հասել է 3-ի, ևս 21 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել են Սումիի շրջանային ռազմական վարչությունում:

Սումիի քաղաքապետ Ալեքսանդր Լիսենկոյի փոխանցմամբ՝ 4 վիրավոր դեռևս գտնվում է քաղաքի հիվանդանոցներում։

Հուլիսի 4-ին Սումիում սուգ է հայտարարվել։

«Շահեդ» անօդաչու թռչող սարքերը Սումիի վրա հարձակվել էին երեկ առավոտյան։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ռուսական ուժերի անօդաչուներից մեկը հարվածել է Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքին։

15:28 4.7.2023

Երեքշաբթի առավոտյան Կիևը փորձեր է ձեռնարկել անօդաչու թռչող սարքերով հարվածել Նոր Մոսկվայի և Մոսկվայի շրջանի օբյեկտներին, բոլոր անօդաչու սարքերը ոչնչացվել կամ ճնշվել են ռադիոէլեկտրոնային համակարգերի միջոցով, հայտարարում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Նոր Մոսկվայի տարածքում ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Եվս մեկ անօդաչու թռչող սարք ճնշվել է ռադիոէլեկտրոնային սարքերի միջոցով և կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում», - հաղորդում է գերատեսչությունը:

Ըստ հաղորդագրության՝ զոհեր և ավերածություններ չկան:

Ռուսական լրատվամիջոցներն այսօր ավելի վաղ հաղորդել էին Մոսկվայի մոտակայքում երկու և Կալուգայի շրջանում մեկ անօդաչու թռչող սարքերի խոցման մասին:

07:59 4.7.2023

Ուկրաինական ուժերի համար ռազմաճակատում անցած շաբաթը ծանր էր, նախագահ Վլադիմիր Զելենսկին է հայտարարել՝ առանց փակագծեր բացելու։ Նա միաժամանակ վստահեցրել է՝ բանակը հաջողություններ էլ ունի, ուկրաինացի զինվորականները քայլ առ քայլ առաջանում են։

«37 քառակուսի կիլոմետր տարածք», - անցած շաբաթ ուկրաինական զորքն այդքան է առաջացել, տեղեկացրել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Անցած օրերին ահագնացած ծանր մարտերը շարունակվում են Բախմուտի շուրջ։ Թեև ռուսական կողմը շաբաթներ առաջ վերահսկողություն էր հաստատել ռազմավարական նշանակության այդ բնակավայրի մեծ մասի նկատմամբ, Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակողական գործողությունները այժմ սպառնում են Բախմուտի շրջափակմամբ։

07:55 4.7.2023

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Էլլա Պամֆիլովային: Քննարկման առանցքային թեման է եղել աշնանը Ռուսաստանի շրջաններում տեղական ընտրությունների անցկացումը:

Պամֆիլովան այսօր ասել է, որ հաշվի առնելով առկա բարդ իրավիճակը, ԿԸՀ-ն կարող է հարկ եղած դեպքում հետաձգել ընտրությունները Ռուսաստանի նոր սուբյեկտների տարածքում:

«Իրավիճակն իսկապես բարդ է, և եթե ի հայտ գան անկանխատեսելի հանգամանքներ, կացությունը որոշ տեղերում կարող է կտրուկ վատթարանալ, այդ դեպքում մենք կարող ենք օգտվել ընտրությունները հետաձգելու իրավունքից»,- ասել է Պամֆիլովան:

«Հասկանալի է»,- արձագանքել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:

Աշնանը նշանակված ՏԻՄ ընտրությունները կարող են հետաձգվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում, որոնք Մոսկվան ապօրինաբար հայտարարել է Ռուսաստանի մաս:

07:52 4.7.2023

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին այցելել է Ռովնոյի ատոմակայան, որտեղ աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են ԱԷԿ-ներում հնարավոր աղետների կամ ահաբեկչական գրոհների հետևանքով առաջացած արտակարգ պայմաններում գործելու հարցերը:

Վերջին շրջանում Ուկրաինայում քննարկում են ռուսների կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ը հարվածի ենթարկելու հնարավորությունը:

Հուլիսի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ըստ հետախուզական տվյալների՝ «ռուսները տեխնիկապես պատրաստ են փոքր պայթյուն իրականացնել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում»:

Ռուսական կողմն էլ, իր հերթին, պնդում է, թե ուկրաինացիներն են ուզում սադրիչ գործողություն իրականացնել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում և ՆԱՏՕ-ին ներքաշել պատերազմի մեջ:

17:23 3.7.2023

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ Գերմանիայից ստացվել են Leopard տեսակի տասնյակ հրասայլեր: Twitter-ում տեղադրած գրառմամբ նա շնորհակալություն է հայտնել իր գերմանացի պաշտոնակից Բորիս Պիստորիուսին:

«Տասնյակ Leopard-ներ են հասել Ուկրաինա, որ ցույց տան, թե ինչեր կարող են անել, դրանց ժամանակը կգա»,- Twitter-ում գրել է Ռեզնիկովը:

Ըստ ռուսական լրատվամիջոցների, ուկրաինական զորքերը հակագրոհի ընթացքում արդեն մի քանի ուղղություններոմ կիրառել են այդ հրասայլերը և, իբր, ոչնչացվել են, ինչպես և որևէ այլ տեսակի հրասայլ:

Կորուստների մասին է նշել նաև Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին:

«Ուկրաինան հրասայլեր է ստացել ոչ թե զորահանդեսների, այլ կռվի համար, իսկ Leopard-ը մարտի դաշտում ոչ թե Leopard է, այլ ևս մեկ թիրախ»,- The Washington Post թերթին տված հարցազրույցում ասել է Զալուժնին:

15:16 3.7.2023

Այսօր Նիդերլանդներում՝ Հաագայում բացվել է Ուկրաինայում լայնածավալ պատերազմի ընթացքում Ռուսաստանի կատարած հանցագործությունների հետաքննության միջազգային կենտրոնը:

Այդ կառույցի ստեղծումը համարվում է առաջին քայլը Ռուսաստանի Դաշնության պետական և զինվորական լիդերներին միջազգային դատարանի մակարդակով պատասխանատվության կանչելու համար:

Նորաստեղծ կառույցի պաշտոնական անունն է «Ագրեսիայի հանցագործությունների հետաքննության միջազգային կենտրոն»: Այնտեղ աշխատում են դատախազներ Ուկրաինայից, Եվրոպական միությունից, Միացյալ Նահանգներից և Միջազգային քրեական դատարանից: Ենթադրվում է, որ նրանք պետք է ապացույցներ հավաքեն, ինչը կլինի միջանկյալ քայլ հետագայում հատուկ տրիբունալ ստեղծելու ուղղությամբ:

15:15 3.7.2023

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) պնդում է, որ կանխել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի մահափորձը:

Ըստ Անվտանգության դաշնային ծառայության, Ակսյոնովին, իբր, պետք է հեռավար ռումբով ոչնչացներ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված մի ռուսաստանցի, ով արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել:

ԱԴԾ-ի տարածած տեսանյութում այդ անձը փոխանցում է, որ պետք է ռումբ տեղադրեր մի մեքենայի մեջ և այն ազդանշանով պայթեցներ, երբ կողքով կանցներ Ակսյոնովի ավտոշարասյունը:

Կիևն այդ հաղորդագրությանը չի արձագանքել: Անցած ամիսներին ռուսական կողմը հաղորդել է, թե վերջերս կալանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, ովքեր ահաբեկչական գործողություններ են ծրագրել:

Ակսյոնովը Մոսկվայի կողմից բռնակցված Ղրիմի ղեկավար է նշանակվել 2014 թվականի ապրիլից: Նա Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության գերագույն խորհրդի բյուրոյի անդամ է:

15:13 3.7.2023

Ուկրաինացի գրող Վիկտորյա Ամելինան, ով ծանր վիրավորվել էր հունիսի 27-ին Կրամատորսկի կենտրոնում ռուսական հրթիռի հարվածի հետևանքով, հիվանդանոցում մահացել է: Զոհերի թիվն, այսպիսով, հասել է 13-ի։

Ամելինան 37 տարեկան էր: Նա երկու վեպ է գրել և մեկ մանկական գիրք, արժանացել է Ջոզեֆ Քոնրադի մրցանակին, որը տրվում է ուկրաինացի երիտասարդ գրողներին։

Ամելինան ռեստորանում էր Կոլումբիայից ժամանած պատվիրակության՝ քաղաքական գործիչ Սերխիո Ջարամիլիոյի, գրող Հեկտոր Աբադի և լրագրող Կատալինա Գոմեսի հետ: Նրանք նույնպես վիրավորվել են։

15:12 3.7.2023

Ուկրաինայի զինված ուժերը տեղեկացնում են, որ այս գիշեր ռուս զինվորականները 17 կամիկաձե անօդաչու թռչող սարք են ուղարկել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ, դրանցից 13-ը խոցվել են։

«Մնացածները չեն հասել իրենց նպատակներին։ Նախնական՝ ոչ մի կորուստ», - հաղորդում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Տելեգրամ ալիքը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG