Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե Ուկրաինայի հարցով բանակցությունների պայմանները դեռ պետք է հասունանան:
«Վաղ թե ուշ բանակցությունները հնարավոր կլինեն, դա բնական է, քանի որ ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ զինված, ավարտվում է բանակցություններով, բայց դրանց պայմանները դեռ պետք է հասունանան», - ասել է Նարիշկինը:
Նա հաստատել է, որ հունիսի վերջին հեռախոսով զրուցել է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի հետ:
«Զրույցի պատճառը հունիսի 24-ի իրադարձությունն էր [Եվգենի Պրիգոժինի ղեկավարած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված խռովության փորձը]: Բայց դա, երևի, ավելի շատ առիթ էր, որովհետև զրույցի հիմնական մասը նվիրված էր Ուկրաինայի թեմային: Մենք քննարկում էինք Ուկրաինայի խնդրի կարգավորման ուղիները», - հայտնել է Նարիշկինը:
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցով ավագ տնօրեն Ամանդա Սլոաթի փոխանցմամբ, «Մեծ յոթնյակի» երկրները կհայտարարեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու մասին:
«Նախագահ Ջո Բայդենը, «Մեծ յոթնյակի» լիդերները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես կգան կարևոր հայտարարությամբ: Միացյալ Նահանգները և «Մեծ յոթնյակը» կհայտարարեն Ուկրաինայի սատարելու մասին և կօգնեն այդ երկրին ստեղծել այնպիսի զինված ուժեր, որոնք ի զորու կլինեն պաշտպանվել և զսպել ապագայում հնարավոր հարձակումներն»,- ասել է Սլոաթը:
Նրա խոսքով, այդ երաշխիքների մասին հայտարարությունը կհրապարակվի այսօր՝ Վիլնյուսում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո:
Հայտարարությունում տեղ կգտնեն Ուկրաինայի գործընկերներին հասցեագրված դրույթներ, որոնք ուղղված են երկարաժամկետ անվտանգության երկկողմ երաշխիքների տրամադրմանը:
«Մի քանի երկրների հեղինակած համատեղ հայտարարությունը կդառնա հստակ ուղերձ Ռուսաստանին առ այն, որ ժամանակը նրա կողքին չէ»,- ասել է Սլոաթը:
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը Վիլնյուսում հուլիսի 11-ին ընդունել է ամփոփիչ հռչակագիր, որում Ռուսաստանը նշվում է որպես «ամենալուրջ սպառնալիք»:
Միաժամանակ ՆԱՏՕ-ն հայտնում է, որ չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության և ցանկանում է պահպանել այդ երկրի հետ կապի խողովակները:
ՆԱՏՕ-ն Մոսկվային կոչ է անում վերանայել Եվրոպայում սովորական սպառազենի մասին պայմանագրից դուրս գալու որոշումը, դատապարտում է Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայումը և Մոսկվային կոչ է անում դուրս հանել զորամիավորումը Մերձդնեստրից:
ՆԱՏՕ-ն բոլոր պետություններին կոչ է անում դադարեցնել որևէ տեսակի օգնություն Ուկրաինայում Ռուսաստանի վարած «հատուկ ռազմական օպերացիային», աջակցություն է հայտնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «Խաղաղության ծրագրին» և Մոսկվայից պահանջում է դուրս հանել զորքերն Ուկրաինայի տարածքից:
ՆԱՏՕ-ն հաջորդ տարեկան գագաթնաժողովը 2024 թվականին կգումարի ԱՄՆ-ում, իսկ 2025 թվականին՝ Նիդերլանդներում:
Դաշինքը ցանկանում է Ժնևում բացել գրասենյակ՝ ՄԱԿ-ի հետ փոխգործակցությունն ամրապնդելու համար:
«Ֆրանսիան որոշել է Կիևին հեռահար հրթիռներ փոխանցել՝ ուկրաինական հակահարձակմանն աջակցելու նպատակով», - այսօր Վիլնյուսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
«Հաշվի առնելով ուկրաինական հակահարձակման շուրջ ստեղծված իրավիճակը, ես որոշել եմ մեծացնել ուկրաինացիներին փոխանցվող սպառազինության և տեխնիկայի ծավալը։ Դա թույլ կտա ուկրաինացիներին առավել արդյունավետորեն պաշտպանել իրենց տարածքը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Մակրոնը։
Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը SCALP մակնիշի «օդ-ցամաք» տեսակի հրթիռների մասին է, որոնց գործարանային տարբերակի հեռահարությունը հասնում է 250, իսկ արդիականացվածինը՝ 500 կիլոմետրի։
«Աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն այսօր Վիլնյուսում մեկնարկած գագաթնաժողովի ընթացքում չհրապարակի Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույցը», - Տելեգրամի իր ալիքում քիչ առաջ գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Աննախադեպ և աբսուրդային է, երբ սահմանված չեն ոչ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու, ոչ էլ անդամակցության ժամանակացույցերը։ Դրան էլ գումարած՝ լղոզված ձևակերպումներ են ավելացվում, որոնք վերաբերում են Ուկրաինային դաշինք հրավիրելու «պայմաններին», - գրել է Զելենսկին։
Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունները նախատեսված են վաղը՝ Վիլնյուսում։ Այս մասին հաղորդում են մի շարք արևմտյան աղբյուրներ, մասնավորաբար՝ Politico հանդեսը, CNN հեռուստաընկերությունը և Reuters գործակալությունը։
Reuters-ի տեղեկություններով` հանդիպման մասին պայմանավորվածություններն առայժմ նախնական բնույթ են կրում։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմից գործակալությանը տեղեկացրել էին, որ Զելենսկին կարող է և չմեկնել Վիլնյուս, եթե գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր չուղարկվի։
Politico-ի տեղեկություններով՝ իր ուկրաինացի պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում Բայդենը փորձելու է նրան համոզել, որ առավելագույնը, ինչ կարող է առաջարկվել Կիևին այս փուլում, «ԱՄՆ և դաշնակիցների կողմից տրվող անվտանգության նշանակալի երաշխիքներն են, ինչպես նաև դաշինքին անդամակցության ճանապարհին որոշ բյուրոկրատական խոչընդոտների վերացումը»։
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինան շատ ազդեցիկ ուղերձ է ստանալու», - այսօր Վիլնյուսում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի պաշտոնական հատվածին նախորդող հանրային ֆորումի ընթացքում, հայտարարել է Յենս Ստոլտենբերգը։
«Մենք հստակորեն հայտարարելու ենք, որ Ուկրաինան [ի վերջո] անդամակցելու է ՆԱՏՕ-ին, վերացվելու է անդամակցության գործողությունների պլանի (MAP) կատարման` Ուկրաինային ներկայացվող պահանջը։ Բացի այդ, ուկրաինական ուժերը լիարժեքորեն կհամապատասխանեցվեն դաշինքի չափանիշներին, կստեղծվի նաև ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը։ Այս ամենը շատ ազդեցիկ և դրական ուղերձ կհղի Ուկրաինային», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Կիևի իշխանությունները հայտնել են, որ այս գիշեր ևս ռուս զինվորականներն իրանական անօդաչու սարքերով գրոհել են Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Նրանց վկայությամբ՝ բոլոր «Շահեդ»-ները խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։
Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորներ են ընկել Կիևի շրջանի երկու թաղամասերում, վնասվել է 12 առանձնատուն և մեկ բազմահարկ շենք։
Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան։
Այսօր Ռուսաստանը միայնակ է պայքարում չարի համաշխարհային ուժերի դեմ և պաշտպանում է աշխարհը Նեռի գալուստից, այդ մասին հուլիսի 10-ին Վալաամի արշիպելագում սուրբ առաքյալ Անդրեաս Առաջինի պատվին կառուցված եկեղեցու օծումից հետո իր քարոզում ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
«Այսօր շատերը, այդ թվում՝ Արևմուտքում, համակ ուշադրությամբ և հույսով են նայում վերջին հենակետին՝ Ռուսաստանին: Ռուսաստանն է կռիվ մղում չարի բացարձակ տիրապետության դեմ և մարդկությանը պաշտպանում Նեռի գալուստից։ Մենք պարտավոր ենք գիտակցել, որ հիմա մեր եկեղեցին հսկայական հոգևոր պատասխանատվություն է կրում ժողովրդի, երկրի և ամբողջ աշխարհի համար», - ասել է Ռուսաց հոգևոր հովիվը:
Ռուսաց հոգևոր առաջնորդը սատարել է Ուկրաինայի վրա ռազմական հարձակում գործելու Կրեմլի որոշմանը: Նա համարվում է նախագահ Վլադիմիր Պուտինի հավատարիմ աջակիցը:
Շատ երկրներ և միջազգային քաղաքական կառույցներ պատժամիջոցներ են սահմանել պատրիարք Կիրիլի նկատմամբ:
Կրասնոդարում սպանել են զորակոչի հարցով քաղաքային բաժնի ղեկավարի տեղակալ Ստանիսլավ Ռժիցկուն:
«Նախնական տվյալներով` անհայտ անձը հրազենից մի քանի կրակոց է արձակել և փախուստի է դիմել: Սպանության դրդապատճառը պարզաբանվում է, կասկածյալներին որոնում են, հարուցվել է քրեական գործ»,- ասվում է Կրասնոդարի ոստիկանության հրապարակած հաղորդագրության մեջ:
Ռուսական մամուլը հայտնում է, որ Ռժիցկու վրա առավոտյան վազքի ժամանակ չորս փամփուշտ է արձակել մի անհայտ անձ: Ռժիցկին տեղում մահացել է։
Նա 42 տարեկան էր։ Նախկինում ծառայել է նավատորմում և զբաղեցրել է «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ կրող «Կրասնոդար» սուզանավի հրամանատարի պաշտոնը:
Ուկրաինական լրատվամիջոցների պնդմամբ, Սև ծովում տեղակայված այդ սուզանավից անցյալ տարի հրթիռակոծվել է Վիննիցա քաղաք: