Մատչելիության հղումներ

Սահմանապահ զորքերի օրն է. նախօրեին այստեղ զինվոր էր մահացել


Վարչապետը և ԱԱԾ տնօրենը մասնակցում են ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառմանը, 26-ը ապրիլի, 2025
Վարչապետը և ԱԱԾ տնօրենը մասնակցում են ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառմանը, 26-ը ապրիլի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Միջոցառումից ժամեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Սյունիքի մարզի սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող է մահացել՝ «իրեն ամրակցված ինքնաձիգից ստացած հրազենային վնասվածքից»: Զինվորի մահվան հանգամանքներից առայժմ ոչինչ հայտնի չէ, Քննչական կոմիտեն միայն հայտնել է, որ քրեական վարույթ են սկսել, թե ինչ հոդվածով՝ դեռ չեն հստակեցրել: Վարչապետի ելույթում այս ողբերգական դեպքին որևէ անդրադարձ չկա:

Կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանը սահմանապահներին համարել է խաղաղության, կայունության, անվտանգության խորհրդանիշ: Նշել, որ կառավարության քաղաքականությունը միտված է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին սահմանապահների ներկայությունը մեծացնելուն:

Ելույթում Փաշինյանը դարձյալ անդրադարձել է իր հռչակած «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը՝ նշելով, որ սահմանազատված և սահմանազատված զորքերի վերահսկողության ներքո գտնվող տեղամասերը կառավարության համար «ինչ -որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել»:

«Որովհետև, ինքս էլ, պետական կառավարման մյուս մարմինների ներկայացուցիչները գնում են սահմանազատված և սահմանագծված տեղամասեր՝ ի ցույց դնելու, թե ինչ նկատի ունենք Իրական Հայաստան ասելով, ի՞նչ նկատի ունենք խաղաղություն և անվտանգություն ասելով, և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ փոքր քայլերը, որոնք նախորդ տարի իրականացրեցինք և որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող և Հայաստանի Հանրապետության տարածքը լքող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողության ընթացքում առնչվում է միայն ու միայն, բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ: Սա մեր պետության, անկախության, ինքնիշխանության և զարգացման շատ կարևոր հանգրվան է»,- ասել է վարչապետը։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներին և Ռուսաստանին՝ «այս ընթացքում, անկախության առաջին օրերից այդ գործառույթներն իրականացնելու համար». - «Այսօր կարողանում ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին, կարող է փուլ-փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG