Ուկրաինական պատվիրակության հետ հանդիպմանը ռուսները մի քանի նախապայման են առաջ քաշել, գրում է «Բլումբերգը»՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին:
Մասնավորապես, ըստ պարբերականի, Մոսկվան Կիևից պահանջում է, որ Ուկրաինա չեզոք կարգավիճակ պահպանի, երկրի տարածքում չլինի որևէ օտարերկրյա զինված ուժ կամ զանգվածային ոչնչացման զենք, Կիևը հրաժարվի փոխհատուցման պահանջից, բռնակցված Ղրիմն ու պատերազմի ընթացքում Ռուսաստանի մասնակի օկուպացրած չորս շրջանները ճանաչվեն ռուսական տարածքներ՝ միջազգային մակարդակով:
Խաղաղության հաստատման համար Կրեմլը Ուկրաինայից նաև պահանջում է դուրս հանել զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի ու Զապորոժիեի շրջաններից, ինչպես նաև այդ տարածքները «հանձնել» Ռուսաստանին:
«Ռոյթերզն» էլ, հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներից մեկին, հաղորդում է, թե ռուս բանակցողները պահանջել են, որ հրադադարից առաջ Ուկրաինան դուրս բերի իր զորքը Մոսկվայի կողմից պահանջվող բոլոր ուկրաինական շրջաններից: Պաշտոնական աղբյուրները այս տեղեկությունը չեն հաստատել բայց և չեն հերքել։
Երեկ Ստամբուլում երեք տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցություններ անցկացրեցին, որը սակայն հրադադարի չհանգեցրեց: