Մատչելիության հղումներ

Քասախցիները փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին. ոստիկաններն ուժով բացեցին ճանապարհը

Լրացված

Մի քանի րոպեում ոստիկանները քաշքշելով ցուցարարներին, հարվածելով լրագրողին բացեցին Երևան-Աշտարակ մայրուղին, որն այսօր վաղ առավոտյան քասախցիներն էին փակել՝ մի պարզ պահանջով՝ ավտոբուս են ուզում, որ մայրուղուց իրենց գյուղ հասցնի։

Գյուղը երջանիկ էր, երբ մայրաքաղաքային 59 համարի տրանսպորտը սպասարկում էր քասախցիներին, վերջերս սակայն խնդիրներ առաջացան, երբ Երևանի հետ կապը սկսեցին ապահովել երեք տարի առաջ մարզային օպերատորի մրցույթում հաղթած՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտիտրանսպորտ» ընկերության միկրոավտոբուսները։ Այսօր էլ հենց մայրուղու վրա իրենց բողոքը հայտնող գյուղացիները փորձում էին պատկերավոր բացատրել՝ ինչպես է Քասախը տուժել կառավարության տրասպորտային բարեփոխումներից։ Բայց այս անգամ էլ բողոքի ձայնը ուժով լռեցվեց։

Ոստիկանական գործողությունների հետևանքով 11 ցուցարար է բերման ենթարկվել։ Բայց այսքանով իրավապահները չբավարարվեցին. կարմիր բերետավորներից մեկը որոշեց, որ պետք է հարվածի ակցիան լուսաբանող 24news–ի լրագրողին ու խոչընդոտի նրա մասնագիտական աշխատանքը։

Ավելի ուշ ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ոստիկանն աշխատանքից ազատվել է։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ այս ոստիկանն այսպիսի վարքագիծ է դրսևորում։ Իսկ քրեական գործ դեռ հարուցված չէ, չնայած վաղ առավոտից համացանցում տարածված կադրերին: Քննչականից հայտնեցին՝ հաղորդում չեն ստացել: Սա, այդուհանդերձ, միակ մտահոգիչ հատվածը չէր։

Մինչև այս քաշքշուկը՝ գյուղացիները փորձում էին ոստիկանական պատին բացատրել, թե ինչու են փողոց դուրս եկել, ինչու հնարավոր չեղավ մարզպետի հետ բանակցություններից հետո խաղաղվել, ինչու գեթ մեկ պաշտոնյա այս տևական պայքարի ընթացքում այդպես էլ չեկավ ու չհետաքրքրվեց քասախցիներով։

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը տասն օր առաջ էր խոստովանել, որ խնդրին լուծում չունի։

Ի դեպ, մայրուղու վրա այսօր նաև պարեկներ էին աշխատում... արագընթաց ճանապարհի վրա չկա գեթ մեկ անցում, որ նույն քասախցին կարողանա հատել և օգտվել տրանսպորտից։ Այսօր բացառիկ օր էր, բողոքի ցույց էր, այդ պատճառով թերևս Երևան-Աշտարակ մայրուղու վրա ոստիկանի պակաս չկար։





XS
SM
MD
LG