Մատչելիության հղումներ

«Կրթվելը նորաձև է» արշավի ծախսերը՝ պետական գաղտնիք


Որքա՞ն գումար է հատկացվում Առաջին տիկնոջ «Կրթվելը նորաձև է» արշավին վարչապետի աշխատակազմից, պետական գաղտնիք է: Մոտ տասն օր առաջ Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էր հայտարարել, որ այդ միջոցառումները, վարչապետի աշխատակազմի կողմից են ֆինանսավորվում, եթե դրանց մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է, իրականացվում է աշխատակազմի միջոցներով», - նշել է Հարությունյանը:

Իսկ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում այս արշավի գրեթե բոլոր խոշոր հանդիպումներին և՛ մասնակցում է, և՛ ելույթ է ունենում՝ հաճախ նաև աշխատանքային ժամերին: Սակայն թե որքան են վճարում հարկատուներն այս հանդիպումների համար, պարզվում է` գաղտնիք է, ամեն դեպքում վարչապետի աշխատակազմը «Ազատության» հարցմանն ի պատասխան դա է պնդել:

Աշխատակազմի ուղարկած պատասխանում նշված է, որ «Կրթվելը նորաձև» է նախաձեռնության կազմակերպման ծառայությունները վարչապետի աշխատակազմի կողմից ձեռք էն բերվել վարչապետի արարողակարգային միջոցառումների շրջանակներում, ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում և տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:

Դեռ 2016 թվականին կատարված վիճահարույց ու խիստ քննադատված օրենսդրական փոփոխություններով, արարողակարգային ծախսերն իրոք դասվել են պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության շարքին, ու չեն հրապարակվում, բայց թե ինչու է վարչապետի մասնակցությունը «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև» է արշավին արարողակարգային համարվել, ծախսերն գաղտնագրվել, բացատրություն և հիմնավորում չկա:

Պետական արարողակարգի մասին օրենքում հստակ նկարագրված է, որ արարողակարգային միջոցառումներն են բարձրաստիճան պաշտոնյաների օտարերկրյա այցերն ու հակառակը՝ օտարերկրյա պաշտոնյաների այցերը Հայաստան, հանդիպումներն ու բանակցությունները նրանց հետ, պաշտոնական ուղերձները: Թե օրենքի որ կետով է առաջին տիկնոջ նախաձեռնած միջոցառմանը մասնակցությունը արարողակարգային, հետևաբար ծախսերն էլ գաղտնի՝ հայտնի չէ:

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ղեկավար Գենյա Պետրոսյանն ասում է՝ խիստ խնդրահարույց է օրենքն այս կերպ մեկնաբանելն ու այդ պատճառաբանությամբ այդ տեղեկատվությունը գաղտնի պահելը:

«Տվյալ նախաձեռնության կազմակերպմամբ առաջինը գնում է որպես արարողակարգային ծախս դիտարկելը, և այդ հիմքով գաղտնագրելը մենք գնահատում ենք խիստ խնդրահարույց: Որպես ընդհանուր կանոն նման ծախսերի տակ կարող ենք դիտարկել, օրինակ, համապատասխան անձանց պաշտոնական այցերի հետ կապված ծախսերը, դիվանագիտական ընդունելություններ, պաշտոնական նվերների գնման հետ կապված և այլ համանման ծախսերը: Իսկ արշավին ուղղված բուն գործունեության կամ միջոցառման կազմակերպումը, մեր գնահատմամբ չի տեղավորվում այս ծախսերի շրջանակներում», - ասաց Պետրոսյանը:

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ղեկավարը նաև խնդրահարույց է համարում հենց բուն օրենքի կետը, որով արարողակարգային ծախսերն ամբողջ ծավալով գաղտնի են համարվում:

«Մենք էստեղ տեսնում ենք հստակ անհամապատասխանություն պետական գաղտնիքի մասին օրենքով սահմանված կարգավորումների հետ ու պետական գաղտնիք հասկացության հետ: Այս ծախսերը, նույն արարողակարգային ծախսերը առանց որևէ վերապահման ու բացառության ամբողջ ծավալով ներառել գաղտնագրման ենթակա շրջանակում չափազանց խնդրահարույց է», - նշեց Գենյա Պետրոսյանը:

Մոտ տասը տարի առաջ՝ 2016 թվականին օրենսդրական փոփոխություններով է այդ տեղեկատվությունը գաղտնի դարձել, անվտանգության պատճառաբանությամբ: Օրենսդրական այդ փոփոխությանը նախորդել էին մի քանի սկանդալներ, երբ նախագահն ու վարչապետը թանկարժեք ուղևորություններ էին կատարել, կամ պետական օդանավով մեկնել էին արտերկիր՝ իրենց մերձավորների խնջույքներին մասնակցելու: Այդ ժամանակ արարողակարգային ծախսերը գաղտնի դարձնելը խիստ քննադատվեց, հեղափոխությունից հետո, սակայն, օրենքի այդ կետը չվերանայվեց:

Գենյա Պետրոսյանն ասում է՝ սա Հայաստանի վարկանիշի վրա կարող է ազդեցություն ունենալ և առաջիկայում իշխանությունները պետք է սահմանափակեն գաղտնիությունն ու տարածեն միայն անվտանգության հետ կապված տեղեկության վրա:

«Այն ծախսերը, որոնց բացահայտումը կարող է նաև առաջացնել պետության անվտանգության հետ կապված խնդիրներ, դրանք գաղտնագրելն ինչ-որ տեղ իրավաչափ է, բայց այդ կարգավորման ներքո ամեն ինչ, անկախ նրանից կապված է անվտանգության հետ կամ պետության շահերի հետ, թե՝ ոչ, որպես պետական գաղտնիք որակելն ակնհայտ է, որ խիստ խնդրահարույց է», - ասաց Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ղեկավարը:

Ուշագրավ է, որ ԳՐԵԿՈ-ն՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը, ևս այստեղ խնդիր էր տեսել և պահանջել էր թափանցիկ դարձնել արարողակարգային ծախսերը, բայց իշխանությունները Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընդունված այս կարգավորումից չհրաժարվեցին ու հիմա էլ արարողակարգային գաղտնի ծախս են համարում նաև առաջին տիկնոջ կրթվելը նորաձև է արշավին տրամադրվող ֆինանսները:





XS
SM
MD
LG