Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ Փաշինյանն ազատեց Աբազյանին. «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել»


«Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020-ի նոյեմբերից: Կարծում եմ՝ արժանացել է, որ մի քիչ հանգստանա, 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է, կարծում եմ հասկանում եք, որ հեշտ չէ», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցի:

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ «արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը կապ ունի՞ նախօրեին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի տանն իրականացվող գործողությունների և եկեղեցու վերաբերյալ Ձեր գրառումների հետ»:

«Ձեր նշած հանգամանքների հետ... ուղղակի կապ ունի ի՛մ նշած հանգամանքների հետ: Իսկ առհասարակ ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն, ինչ վերաբերում է անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային անվտանգությանը», - ընդգծեց Փաշինյանը:

«Ազատության» դիտարկմանը՝ Աբազյանը հրաժարվե՞լ է որևէ հանձնարարություն կատարել, վարչապետն արձագանքեց. - «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել»:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Արմեն Աբազյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

Աբազյանի պաշտոնից ազատումը հաջորդում է նախօրեին ԱԱԾ աշխատակիցների կողմից ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատան խուզարկությանը և մեղադրանքի առաջադրմանը:



Իրավապահների այցից մեկ ժամ առաջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը Մայր Աթոռի մոտից պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին. - «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:

Մեկ ժամ անց վարչապետ Փաշինյանը կոշտ արձագանքեց այս հայտարարությանը. - «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG