Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են


Քննչական կոմիտեի և ոստիկանության ներկայացուցիչներն այս պահին խուզարկություն են իրականացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում, քիչ առաջ այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Թե ինչ գործի շրջանակում է խուզարկությունը, փաստաբանն ասաց՝ հայտնի չէ։ Ըստ նրա՝ դիմակավորված իրավապահները թույլ չեն տալիս աշխատակիցներին մտնել շենք։

Տիգրան Հայրապետյանը նաև մանրամասնեց՝ իրավապահները սպասում են ընկերության տնօրենների խորհրդի նախագահին՝ Նարեկ Կարապետյանին, որպեսզի սկսեն խուզարկությունը։

Ընկերության տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը լրագրողներին ասաց, որ տեղյակ չեն՝ ինչ քրեական գործերի շրջանակում են քննչական գործողությունները։ Հարցին, թե կա՞ արդյոք քաղաքական հրահանգ՝ ըստ նրա, արձագանքեց, որ այս պահին չի ցանկանում դա մեկնաբանել: Ղազինյանի խոսքով՝ եթե երկար տևեն այս գործողությունները, կխաթարվի ընկերության աշխատանքը:

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանն ավելի ուշ «Ազատությանը» հայտնեց, որ կառույցի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում ՔԿ-ն հանդես կգա հայտարարությամբ:

Հարցին, թե երբ են այս վարույթները հարուցվել, ու կոնկրետ ինչ գործեր են, ՔԿ խոսնակն ասաց, որ այժմ միայն այս տեղեկությունն են հայտնում:

Հուլիսի 3-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված նախագիծը: Ընդդիմադիրները պնդում են՝ սա քաղաքական հետապնդում է ընկերության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարությունից հետո:

Քաղաքական հետապնդման մասին ընդդիմադիրների պնդումներին արձագանքելով՝ իշխանությունները հայտարարում են՝ գործընթացը Սամվել Կարապետյանի հայտարարությունից առաջ է սկսվել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG