Ուկրաինան ակնկալում է Ադրբեջանից գազի մատակարարումների հարցը կարգավորել և Բաքվին առաջարկում է օգտագործել իր ստորգետնյա գազապահեստարանները, այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։
«Մենք Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ ստորագրել ենք միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը և ճանապարհային քարտեզը՝ մեր հետագա համատեղ գործողությունների միջոցառումների պլանը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է անցած օրերին Բաքու այցելած Գալուշչենկոն։
Անցած ամիսներին Կիևը հրաժարվելով երկարաձգել ռուսական գազի տարանցման պայմանագիրը Ռուսաստանի հետ, գազի փոխադրման համար իր ենթակառուցվածքներն առաջարկում է այլ մատակարարների, մասնավորապես՝ Ադրբեջանին: Հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա։