Մատչելիության հղումներ

Բագրատ Գալստանյանի գործը՝ դատախազի սեղանին

Լրացված

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, արխիվ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, արխիվ

Քննչական կոմիտեն մեկուկես ամսում ավարտել է Տավուշի թեմի նախկին առաջնորդի և նրա համախոհների գործի քննությունն ու ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հոդվածներով մեղադրվող 18 անձանց գործն ուղարկել Դատախազություն:

Հսկող դատախազը կա'մ կհաստատի մեղադրականն ու գործը կուղարկի դատարան, կա'մ կվերադարձնի Քննչական՝ քննությունը շարունակելու:

«Մեզ համար ակնհայտ է, որ էն, ինչ որ ներկայացվում է՝ 2 հազար անձի մասնակցությամբ ահաբեկչության նախապատրաստում, նման ծավալի գործը վարույթն իրականացնող մարմինը մեկ ամսում չէր կարող քննել ու ոչ մի տարբերությամբ, առաջին օրը ինչ եղել է, մոտավորապես նույն ծավալի ինֆորմացիայով գործը ուղարկում են դատարան», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Վարչապետի հրաժարականի պահանջով անցած տարի փողոցային ակցիաներ անցկացրած «Սրբազան պայքար» շարժման անդամները հերքում են ծանր հոդվածներով իրենց առաջադրված մեղադրանքը, պնդում, որ իրենք գործել են օրենքի սահմաններում, Քննչականի փաստարկներն անհիմն են համարում, գործն էլ՝ շինծու:

«Մեզ տվել են, ենթադրում եմ, ամբողջական ծավալով, որովհետև դեռևս հետազոտման փուլում է, բայց առնվազն այն հատվածները, որոնք քարոզչական նպատակներով օգտագործել են, առաջնահերթ դրանք եմ հետազոտել և կարող եմ այդ պնդումս վերահաստատել, որ այո, կոնտեքստից կտրված են և չեն արտահայտում որևէ հակաիրավական միտք», - «Ազատության» հետ զրույցում նշեց Խուդոյանը:

Գալստանյանի փաստաբանը ստացել է գործի նյութերը: Խուդոյանը դեռ ծանոթանում է ծավալուն փաստաթղթերին:

«Կա խոսակցություն, որ «էսինչ գործողությունը պետք է անենք», հաջորդիվ երկու բառ՝ օրինական եղանակով: Քննչական կոմիտեի ձայնագրության մեջ օրինական եղանակ արտահայտությունը դուրս է բերվել, և ստացվում է՝ «պետք է անենք այսինչ գործողությունը», - փոխանցեց փաստաբանը:

«Որ երբ որ երկու անձ խոսում են ապագա ինչ-որ տեսական պատկերացումներից երկրի ղեկավարի, հետո դրանից մի նախադասություն առանձնացվում է, տպավորություն է ստեղծվում, որ էս մարդիկ հիմա այստեղ նստած պլանավորում են, թե ինչպես գործող իշխանությունների ներկայացուցիչներին պետք է գնդակահարեն, դա ակնհայտ կեղծիք է, որը Քննչականի և Դատախազության կողմից տարածվում է», - պնդեց Խուդոյանը:

Բագրատ Գալստանյանին ու մյուսներին ձերբակալելուց հետո Քննչականը տարածել էր մի շարք ձայնագրություններ, դրանք վերագրել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդին: Այդ ձայնագրություններում խոսվում է հնարավոր սպանությունների, մեքենաներով ճանապարհներ փակելու, հոսանքն ու ինտերնետն անջատելու պլանների մասին:

Ըստ փաստաբանի, այդ ձայնագրությունները մոնտաժված են, աղավաղում են իրականությունը: Իրավապահները պնդում են՝ ապացույցները, այդ թվում՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցների հեռախոսային գաղտնալսումները վկայում են այն մասին, որ նրանք հենց ահաբեկչություն էին պլանավորում՝ հասնելով ընդհուպ վարչապետին:

Գլխավոր դատախազն էր այս մասին խոսել Հանրայինի եթերում. - «Բարձրաստիճան պաշտոնյաներին եթե սարկավագներից մեկն է հարցնում, թե որ սպանեն, ի՞նչ կլինի, և այդ միտքը այնպես չէ, որ մի անգամ ինչ-որ պոռթկում էր, էլի քննարկում է այդ հարցի շուրջ: Հիմնական պաշտոնյաներն, ովքեր թիրախում էին, վարչապետն էր, ԱԺ նախագահը և արտաքին գործերի նախարարը»:

Ըստ Աննա Վարդապետյանի՝ ահաբեկչության ու իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մասին վկայում են նաև առգրավված հրավտանգ նյութերը, զենքերը, երթևեկությունը խաթարող պարագաները:

«Բացի խաղաղ ակցիաներից, իրականացնեին գործողություններ, որոնք պետք է պարալիզեին փողոցի երթևեկությունը, կարող էին հանգեցնել որոշակի նաև, իրենք էլ չեն բացառում, մարդկային կորուստների, պետք է վնասեին մեքենաների անվադողները, որպեսզի մեքենաները չկարողանային շարժվեն՝ այդ հայտնի աստղիկների հետ կապված քննարկումները, որոնք ծավալվում էին», - նշել էր Վարդապետյանը:

Սակայն ընդդիմադիրների փաստաբանները շարունակում են պնդել՝ իրավապահները թաթախվել են քաղաքականության մեջ:

«Մեր համոզմամբ՝ նախաքննական մարմինը նպատակ չուներ իրականացնել քրեական օրենսդրությամբ ու քրեական դատավարությամբ իր գործառույթները, այն է՝ հանցավորության դեմ պայքարը, այլ նպատակ ուներ մասնակից դառնալ գործող իշխանությունների քաղաքական շոուին, որը աջողությամբ կատարել են՝ գոնե նախնական փուլում, խնդիրը առաջին փուլում լուծել են», - ասաց Հովհաննես Խուդոյանը:

Իրավապահները դեռ փակագծեր չեն բացում՝ արդյո՞ք այս մեկուկես ամսվա ընթացքում Քննչականը պարզել է՝ այդ ձայնագրություններն աղավաղվա՞ծ են, թե՞ ոչ, արդյո՞ք իսկապես Բագրատ սրբազանի ձայնն է: Իրենց որևէ տվյալ չեն տվել, ասում է փաստաբանն ու ընդգծում՝ գուցեև իր պաշտպանյալի ձայնն է, բայց՝ մոնտաժված ու աղավաղված: Պնդում է՝ դատարանում ամեն ինչ ակնհայտ կդառնա, հանրությունը կլսի այդ ձայնագրություններն ամբողջությամբ ու կհամոզվի, որ իր պաշտպանյալն ու մյուս մեղադրյալներն անօրինական ոչինչ չեն արել:

Նույնը պնդում է նաև վերջերս կալանքից ազատ արձակված Հրայր սարկավագի փաստաբանը: Հովսեփ Սարգսյանը ևս դեռ իրեն տրամադրված փաստաթղթերն ամբողջությամբ չի ուսումնասիրել: Պնդում է՝ անգամ քննության ընթացքում իրավապահները չեն ներկայացնել մեղքը հաստատող տվյալներ. - «Դրանցում որևէ հիմնավոր փաստակում, ոչ թե հիմնավոր՝ ընդհանրապես որևէ փաստակում չկա, որ Հրայր սարկավագը նախապատրաստել է խմբի կազմում ահաբեկչություն և իշխանության զավթում»:

18 մեղադրյալներից Հրայր սարկավագը միակն է, որ ազատվեց կալանքից: Փաստաբանի խոսքով՝ նրա մեղքն այն է, որ սրբազանի կողքն է եղել: Մինչդեռ ըստ Քննչականի՝ եկեղեցականը խոսել է վարչապետին սպանելու մասին: Փաստաբանն ասում է՝ այդ ձայնագրության մեջ հնչած երկխոսության վերաբերյալ գործի նյութերում ոչ մի տվյալ չկա, պաշտպանյալի հետ որևէ քննչական գործողություն չեն արել:

«Հրայր սարկավագն ասում է՝ «ես չեմ հիշում, որ նման բան եմ էդտեղ ասել, եթե անգամ ասած էլ լինեմ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բանի, ուրեմն՝ էդ նշանակում է կոնտեքստից կտրված, ընդհանուր համատեքստից կտրված ինչ-որ բան են դրել, որը կապ չունի էդ մտքի հետ, ինչը ր նրանք ասում են», ասում է՝ «իմ մտքի ծայրով անգամ նման բան չի անցել, էլ ուր մնաց, որ ես բարձրաձայն արտահայտվեի», - պատմեց Հովսեփ Սարգսյանը:

Մեղքն ապացուցվելու դեպքում բագրատ Գալստանյանին ու նրա համախոհներին սպառնում է 8-ից մինչև15 տարվա ազատազրկում:

XS
SM
MD
LG