Բագրատ սրբազանի գործով կալանավորած Աղվան Արշակյանի մայրը տեղը չի գտնում. խնդրում է բանտային կալանքը փոխարինել գոնե տնայինով, որ կարողանա խնամել երկու տարի առաջ գլխուղեղի քաղցկեղը հաղթահարած ու դեռ հետազոտումների ու մշտական հսկողության կարիք ունեցող որդուն:
«Հետվիրահատական վիճակ էր, ինքը վերականգնվում էր, բժշկական ստուգումներ կան, որ ինքը պետք է անցնի, տարել են փակել են, իմաստը ես չեմ հասկանում, պետք է արյան ընդհանուր անալիզ արվի, եսիմ քանի ամիսը մեկ ինքը ստուգումներ ա անցնում, իսկ հիմա ոչ այնտեղ են անում, ոչ էլ», - ասաց մայրը՝ Մարիետա Քսպոյանը:
28-ամյա երիտասարդը Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժման ակտիվ մասնակիցներից է: Դեռ անցած դեկտեմբերին ձերբակալվել էր բողոքի ակցիաների ժամանակ կարգը խախտելու կասկածանքով:
Բարձրաստիճան հոգևորականն ու նրա համախոհները դեռ անցած տարվանից փողոցային ակցիաներ սկսեցին Փաշինյանի հեռացման պահանջով: Անցած ամիս Քննչականը նրանց մեղադրեց ահաբեկչության ու իշխանության յուրացման փորձի համար, ինչն ընդդիմադիրները հերքում են: Աղվանի մայրն ու փաստաբանն ահազանգում են, որ մոտ մեկ ամիս ճաղերից այն կողմ գտնվող երիտասարդի վիճակը վատացել է, շարժումները ծանրացել են, հագուստը հանում-հագնում, լողանում է խցակիցների օգնությամբ:
«Տվեք որդուս, ես խնամեմ, նա ոչ մի տեղ չի կարող փախչել», - ասում է Մարիետա Քսպոյանը և նշում, - «իր ուտելիքն անպայման տեղը պետք է լինի, ռեժիմ ունի սնվելու, որը այնտեղ չի արվում»:
Երեկ թե՛ վերաքննիչ, թե՛ առաջին ատյանի դատարանները մերժեցին փաստաբան Վարազդատ Հարությունյանի դիմումը՝ փոխել կալանքը, նույն որոշումն է կայացրել նաև դատախազը: Ըստ փաստաբանի, դատախազը մերժել է ազատ արձակել Աղվան Արշակյանին, քանի որ ձեռքի տակ չկան նշանակված, բայց դեռ չավարտված բժշկական փորձաքննության արդյունքները:
«Արմավիրի» բանտում պահվող Արշակյանը հսկողության տակ է, փոխանցում են Առողջապահության նախարարությունից: Վաղը՝ այսինքն կալանավորումից մեկուկես ամիս անց նրան կտեղափոխեն հետազոտությունների:
Երիտասարդ տղայի գործին հետևող ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շարունակում է պնդել՝ սա պատիժ է, ոչ թե իրավական գործընթաց:
«Սա ուրիշ բան, քան պատիժը ես չեմ կարող ասել: Այսինքն՝ եթե մարդն ունի առողջական խնդիրներ, այդ մարդու առողջական խնդիրները պետք է անհապաղ լուծվեն: Ոչ ոք չի ասում՝ քրեական գործը, չնայած շինծու քրեական գործ է, իմ գնահատմամբ, բայց կապ չունի, էլի ձեր քրեական գործը շարունակեք, բայց մարդը խնամքի կարիք ունի», - ասաց Դանիելյանը:
Պատգամավորն ընդգծում է՝ Բագրատ սրբազան գործով քննիչներից ու դատախազներից այլ բան չէր սպասում: Ի՞նչ եղավ դատավոր Վազգեն Ռշտունու հետ, որը ազատ արձակեց այս գործով կալանավորված Հրայր սարկավագին, իշխանականների քննադատությունն է հիշում Դանիելյանը:
«Էս քաղաքական որոշումներով, որ արձանագրենք սա, դատախազները, քննիչները չեն կարողանում, իմ գնահատականն այն է, որ վախենում են այս թեմայով, օրինակ համարձակ որոշումներ կայացնել», - ընդգծեց Դանիելյանը:
Բժիշկներն Աղվանին մաքուր օդ, զբոսանք, հատուկ սննդակարգ են նշանակել, բայց բանտում դա հնարավոր չէ՝ նկատում է պատգամավորը. - «Ամեն ժամն ու ամեն րոպեն այս մարդու համար կարա ճակատագրական լինի: Այն առողջական խնդիրները, որ ունի, մեկ ժամն էլ անգամ կարևոր է: Մենք ինչի՞ համար ենք ասում, որ կարա անդառնալի հետևանքներ ունենա, հիմա դիցուք եթե մի քանի օր հետո ազատ արձակեն, այդ մարդու առողջական վիճակը կարա այն աստիճանի հասած լինի, որ է; չկարողանաս բերես նախնական վիճակի, էս է ամբողջ խնդիրը»:
«Հայաստան» խմբակցության պատգամավորի մտահոգիչ գրառումից հետո բանտ էին այցելել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, արձանագրել առողջական խնդիրները: Պարբերաբար կալանավայրեր այցելող Դանիելյանն ասում է, որ անգամ առողջ մարդը հիվանդության տեր է դառնում բանտային պայմաններում, ուր մնաց՝ գլխուղեղի քաղցկեղից հրաշքով փրկված տղան: