Արդյոք Երևանին կհաջողվի՞ փարատել հարևան Թեհրանի մտահոգությունները, որ Սյունիքում հայ-իրանական սահմանին բացվող ճանապարհը՝ «Թրամփի ուղին», անվտանգ է:
Հայաստանի ու Իրանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպումից ու բանակցություններից հետո էլ Իրանի նախագահի մտահոգությունները կարծես թե փարատված չեն: Մասուդ Փեզեշքիանը երեկ դեռ երևանում էր, որ X-ում գրեց՝ «մեր համատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին մեր մտահոգությունը պետք է փարատվի»:
«Երևանի բանավոր հավաստիացումները Իրանին չեն բավարարելու, և Իրանը փորձելու է ստանալ որոշակի մեխանիզմներ, որոշակի ինստիտուցիոնալ երաշխիքներ», - ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ կարծիք հայտնելով, որ գործնականում այդ երաշխիքները հայ-իրանական հարաբերություններն ավելի խորացնող նոր փաստաթղթերը պետք է լինեն:
Երկու երկրների կառավարությունները տնտեսական, առևտրային, կրթական, առողջապահական ու էլի այլ ոլորտներում համագործակցությունը ավելի սերտ դարձնելու խորացնելու փաստաթղթեր ստորագրեցին: Երկուսն էլ շահագրգիռ են, որ հարաբերությունները հասնի ռազմավարական մակարդակի, այդ փաստաթուղթը դեռ ընթացքում է ու շուտով, ըստ պաշտոնյաների վստահեցումների, կստորագրվի:
«Կարծում եմ՝ Իրանի վերաբերմունքը պայմանավորված կլինի նրանով, թե այդ ստորագրված փաստաթղթերը ինչպիսի գործնականություն կստանան», - ասաց Բադալյանը:
Վարչապետ Փաշինյանն ու նախագահ Փեզեշքիանը երեկ համատեղ հայտարարություն ընդունեցին, որտեղ ընդհուպ կարևորեցին տարածաշրջանային և միջազգային տարբեր հարցերի շուրջ երկկողմ քաղաքական խորհրդակցությունները զարգացնելն ու խթանելը: Թեև որևէ երկիր մյուսին հարյուր տոկոսանոց երաշխիքներ չի կարող տալ անվտանգության վերաբերյալ, բայց այս պայմանավորվածություններն ու ստորագրված համաձայնագրերը այդ նպատակով են: Գործնականում դրանց ուղղությամբ քայլերից կերևա Իրանի վստահությունը Հայաստանի նկատմամբ մեծանո՞ւմ է կամ մտահոգությունները փարատվո՞ւմ են, թե՞ ոչ, կարծում է քաղաքական մեկնաբանը:
«Էդ փաստաթղթերը հիմքն են Իրանի համար ձևավորել Հայաստանի հանդեպ վստահելիության մեխանիզմները, բայց բնական է՝ ամեն ինչ կախված է, թե այդ հիմքի վրա ինչպիսի գործնականությամբ կկառուցվեն հարաբերությունների նոր աստիճանը, որը թերևս Իրանին թույլ կտա իր մտահոգությունները համարել փարատված և իրավիճակը համարել իր համար կառավարելի», - ընդգծեց Հակոբ Բադալյանը:
Երևանից հավաստիացրել են, որ Հայաստանի սահմանից Իրանի նկատմամբ որևէ սպառնալիք թույլ չեն տա: