Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից վերջին բոլոր՝ խոշորագույն 3 ներդրումներն արվել են հիմնադրամի բարձրաստիճան ղեկավարների ընկերների կամ նրանց հետ փոխկապակցված ընկերություններում։
«Հետք»-ն է պարզել՝ ֆինանսական մեծ աջակցություն ստացած ընկերություններից մեկը նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի ընկերոջն է պատկանում: Միջպետական բեռնափոխադրումներով զբաղվող «Գլոբալ Քոննեքթ»-ը դեռ 2022-ին 700 մլն դրամ է ստացել բեռնատարներ և դրանց կիսակցորդիչներ ձեռք բերելու համար։
«ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի ընկերոջ ընկերությունն է, ոչ միայն ընկերոջ, ոնց որ Ավինյանի կնոջ պարագայում էր, այլև բիզնես գործընկերոջ, իրար հետ բիզնես են արել օֆշորներում», - ասաց «Հետք» պարբերականի հետաքննող լրագրող Վահե Սարուխանյանը:
Դավիթ Փափազյանի նկատմամբ իրավապահներն անցած շաբաթ են հետախուզում հայտարարել։ ԱՆԻՖ-ի չարաշահումների գործով անցնող Փափազյանը մեղադրվում է միանգամից երեք՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Այդ գործով մեղադրյալ են նաև ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանը և քաղաքապետ Ավինյանի կնոջ ընկերուհին՝ Կարինե Անդրեասյանը։ Նրա ղեկավարած ընկերությունը գործունեության մեկնարկից բառացիորեն օրեր անց մեկուկես մլրդ դրամ էր ստացել ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունից։
«1,5 միլիարդ դրամ է ստացել, օրինակ, Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին, ընկերուհի և՛ որպես ընկեր, և՛ որպես բիզնես գործընկեր: 900 միլիոն դրամ է ստացել Ավինյանի դասընկերը՝ Berrymount ընկերության հիմնադիր Դմիտրի Ալեկսեյենկոն: Այսինքն՝ ընկերությունը, որը հիմնադրել է Ալեկսեյենկոն, հետո ԱՆԻՖ-ի ենթական ֆոնդը ներդրում է կատարել, ներդրման դիմաց բաժնեմաս է ստացել, բաժնետոմսեր է ձեռք բերել», - ներկայացրեց «Հետք»-ի լրագրողը:
Երևանի քաղաքապետի կնոջ ընկերուհու և իր դասընկերոջ ընկերությունները խոշոր ներդրումներ էին ստացել այն ընթացքում, երբ Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր: Հիմնադրամը 2.5 տարի գլխավորած Ավինյանը, սակայն, գործով որևէ կարգավիճակ չունի։ Իսկ արդյոք հարցաքննվե՞լ է, գործը քննող Քննչական կոմիտեն ամիսներ է՝ չի հստակեցնում։
ԱՆԻՖ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին 2023-ից հետևող հետաքննող լրագրող Վահե Սարուխանյանը կարծում է՝ գործում Ավինյանը որևէ կարգավիճակ չունի՝ քանի որ քաղաքական որոշում չկա. «Նույն Տիգրան Ավինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, Երևանի քաղաքապետ է, Նիկոլ Փաշինյանի ամենամոտ մարդկանցից է: Ես չեմ ասում, որ Տիգրան Ավինյանը մեղավոր է, դա պիտի ստուգի, նրա մեղսակցությունը, մեղավորությունը պիտի պարզի, հիմնավորի Քննչական կոմիտեն, հետո դատարանը համապատասխան վճիռ պիտի կայացնի, բայց հիշում եք երևի Ավինյանի խոսվածքը, որը մոտավոր էսպես էր, որ իրենց ոչ ոք չի կարող պատասխանատվության ենթարկել, թե տենց մի բան էր ասում, շատ ինքնավստահ: Իմ մոտ, որպես ընթերցող, որպես այս երկրի քաղաքացի, տպավորություն է ստեղծվում, որ ինքը ուղղակի վստահ է, որ իր հանդեպ քաղաքական որոշում չի կարող կայացվել», - ասաց Վահե Սարուխանյանը:
Խոշոր չարաշահումների քրեական գործին զուգահեռ պետությունը փորձում է ձերբազատվել այդ ընկերություններում իր շահաբաժնից՝ նրանց առաջարկելով պետական բյուջե վերադարձնել պետական ներդրումներն ու պետության մասնաբաժինների տոկոսավճարները։ Հիմնադրամից ներդրումներ ստացած Fly Arna և «Ապագա փրոջեքթս» ընկերություններն էլ սնանկացել են։ Մեկ այլ՝ արևային էլեկտրակայաններ կառուցելու «Մասդար» ծրագիրը ևս ԱՆԻՖ-ի միջոցներով էր իրականացվում, սակայն մինչ այժմ նույնիսկ դրա շինարարության փուլը չի մեկնարկել։