Մատչելիության հղումներ

«Ոնց որ այս տան խորթ երեխան լինեմ». Արցախի կորստից 2 տարի անց


Երկու տարի առաջ այս օրը Արցախի բոլոր բնակավայրերը հայտնվեցին ադրբեջանական հարձակման տակ։ Ստեփանակերտն արագ կտրվեց շրջաններից։ Գյուղերում մարդիկ մնացին անտառներում՝ ադրբեջանական արկերի ու հրթիռների տակ։ Ժամերի ընթացքում ավելի քան 220 հոգի զոհվեց՝ նաև երեխաներ, 15 հոգի մինչև այժմ անհետ կորած է։

Եռաբլուրում կարծես առանձին թաղամասեր են ձևավորվել, երկու հատվածներում սեպտեմբերի 19-ի զոհերի հարազատներն են, համագյուղացիները։ Արցախի անկումից հետո այստեղ հաճախ ըստ բնակավայրերի կողք կողքի հուղարկավորված են նույն գյուղերի բնակիչներ, հարևաններ, զինակիցներ։

«Արցախցիները չե՞ն կռվել»,- դառը հեգնում է սարուշենցի Արմեն Գասպարյանը։

Փոքրիկ գյուղը մի քանի ժամում 12 զոհ է տվել, այստեղ են։

Սվետլանա Գրիգորյանի որդին՝ 18 տարվա սպա, սեպտեմբերի 19-ին Սրխավենդում վիրավորում է ստացել ու անօգնական մնացել այնտեղ, իսկ մայրը զանգի էր սպասում։ 5 օր անց կարողացել են արդեն սառած մարմինը դուրս բերել Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքից։

Արկերը լռել են, թիկունքը դեռ սառն է...ոնց որ այս տան խորթ երեխան լինեմ, հայաստանյան կյանքում սա է զգում արցախցի տղամարդը։

Եռաբլուրում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների չտեսանք, ոչ մեկին։ Արցախի նախագահն էր այստեղ, ասաց՝ վերադարձի հարցը միայն արցախցիներին չի վերաբերում, համահայկական հարց է:

«Մենք ակնկալում ենք, որ այս հարցի շուրջ կունենանք կոնսենսուս, որ այս պահին, ցավոք սրտի, չկա: Տեսնում եք տարբեր հայտարարություններով, որ կոնսենսուս չկա: Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցախցին զրկված է իր հայրենիքից, իր գերեզմաններից, իր սրբություններից», - ասաց նա:

Արցախի անունն այժմ ավելի շատ շիրմաքարերի վրա է, Արցախի իշխանության անունը՝ ծաղկեպսակի վրա։ Այն այսօր տեղադրվեց Արցախի կանչը հուշահամալիրում։ Այստեղ ծաղիկներ են խոնարհում այն արցախցիները, որոնց հարազատի մարմինը մնացել է ադրբեջանական դարձած Արցախում։

23 թվականի այս օրվա զոհերից 66-ի մարմինները Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում ու շրջանների գերեզմաններում են, որ հերթով անցնում են ադրբեջանական բուլդոզերի տակ։

Մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG