Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր կարճ մեկնաբանություն է տվել՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ ակտիվացավ վերջին շրջանում իր քննադատություններով: Տեր-Պետրոսյանն արձագանքել է. «Հարկ համարեցի, խոսեցի, ի՞նչ է եղել»։
Հարցին, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանն «այդքան ծանր տանում Ձեր ամեն մի ելույթը», նա հորդորել է Փաշինյանին հարցնել:
Հարցադրմանը, թե ինքին ի՞նչ կարծիք ունի, միայն ասել է. «Ես լավ կարծիք ունեմ»:
«Ազատության» հարցին, թե իր առաջնորդած Հայ ազգային կոնգրեսը մասնակցելո՞ւ է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, առաջին նախագահը հորդորեց հարցնել կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին:
Տեր-Պետրոսյանն ավելի վաղ անդրադարձել էր վարչապետ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, ամպագորգոռ հոխորտանք որակել, որով, ըստ Տեր-Պետրոսյանի, նա պատերազմ է հայտարարել Ադրբեջանին և կրել ջախջախիչ պարտություն։
Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր սոցիալական ցանցում գրառմամբ. «ՏԼՊ-ին ո՞վ և ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո Հայաստանի 18 տարեկան զինվորներին տեղակայել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։
Նախորդ օրերին ևս միմյանց ուղղված քննադատություններ էին եղել: Առաջին նախագահը հորդորել էր Փաշինյանին կալանքից ազատել արքեպիսկոպոսներին, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանին: