Մատչելիության հղումներ

Եթե միջազգային հանրությունը հիմա չկանգնեցնի Ռուսաստանին, ապա Պուտինը պատերազմը կընդլայնի. Զելենսկի


Եթե միջազգային հանրությունը հիմա չկանգնեցնի Ռուսաստանին, ապա Վլադիմիր Պուտինը պատերազմը կընդլայնի, և այդ դեպքում Եվրոպայում ոչ ոք անվտանգ չի զգա իրեն, ՄԱԿ գլխավոր ասամբլեայում հայտարարեց Ուկրաինայի նախագահը՝ նշելով, որ դրա վկայությունն են օրերս Ռուսաստանի կողմից Լեհաստանի, Էստոնիայի օդային տարածքների խախտումները:

Վլադիմիր Զելենսկին նշեց՝ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, քանզի Ռուսաստանը չի ցանկանում հրադադար հաստատել: Կիևը կշարունակի ակնկալել դաշնակիցների աջակցությունը ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, ասաց Զելենսկին՝ նշելով, որ աշխարհում հիմա տեղի է ունենում մարդկության պատմության մեջ սպառազինությունների ամենակործանարար մրցավազքը:

«Ռուսաստանին հիմա կանգնեցնելն ավելի էժան է, քան մտածել, թե ով է առաջինը կառուցելու միջուկային մարտագլխիկ կրող անօդաչուն։ Այնպես որ, մենք պետք է միասին անենք ամեն ինչ, որպեսզի ստիպենք ագրեսորին կանգ առնել», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Երեկ էլ ԱՄՆ նախագահի հետ ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակում հանդիպումից հետո նա հայտարարել էր, թե կա ըմբռնում, որ Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տալ պատերազմից հետո: Զելենսկին նշել էր, թե ԱՄՆ նախագահը միակն է, որ կարող է փոխել խաղի կանոնները:

Թրամփը խոսել է ՌԴ-ում առկա տնտեսական դժվարություններից, Կրեմլի խոսնակն արձագանքել է

ԱՄՆ նախագահին իր հերթին Զելենսկիի հետ հանդիպումից հետո առաջին անգամ հայտարարել է, թե Ուկրաինան, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի օգնությամբ, կարող է վերադարձնել Ռուսաստանի գրավված բոլոր տարածքները:

Դոնալդ Թրամփը, որը կարծես կտրուկ փոխել է իր հռետորաբանությունը Մոսկվայի նկատմամբ, ասել է, թե նման եզրահանգման է եկել ամբողջությամբ հասկանալով Ռուսաստանում և Ուկրաինայում տիրող ռազմա-տնտեսական վիճակն ու Ռուսաստանում առկա տնտեսական դժվարությունները: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթում էլ կրկնել՝ «խիստ մաքսատուրքեր» կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե Պուտինը չդադարեցնի պատերազմը: Եվրոպան իր հերթին պետք է դադարեցնի ռուսական էներգակիրների գնումը, շեշտել է նա։

«Եթե Ռուսաստանը պատրաստ չէ պատերազմը դադարեցնելու գործարք կնքել, ապա ԱՄՆ-ն լիովին պատրաստ է շատ խիստ մաքսատուրքեր սահմանել, որոնք, կարծում եմ, շատ արագ կկանգնեցնեն արյունահեղությունը», - ասել է Թրամփը:

Կրեմլի խոսնակն արձագանքել է Թրամփին՝ պնդելով, որ նրա գնահատականը հիմնված է միակողմանի տվյալների վրա, որ նրան փոխանցել է Զելենսկին: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ռուսական զորքը դանդաղ առաջ է շարժվում՝ կորուստները նվազագույնի հասցնելու համար, իսկ տնտեսությունը կայուն է, թեև, ընդունել է՝ որոշ խնդիրներ կան:

«Այո՛, տնտեսության տարբեր ճյուղերում կա որոշ լարվածություն, ինչն անխուսափելիորեն կապված է բազմաթիվ սահմանափակումների, պատժամիջոցների, նաև համաշխարհային տնտեսության անկայունության հետ», - նշել է Պեսկովը։

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին հայտարարել է, որ հիմա մտել են մի շրջան, որը շատ արագ կարող է սրվել: ԱՄՆ-ն հանձնառու է խաղաղ ճանապարհով կարգավորելու ուկրաինական հակամարտությունը, սակայն նախագահի համբերությունն անսահման չէ, զգուշացրել է Մարկո Ռուբիոն. «Այս պատերազմը պետք է ավարտվի։ Բայց եթե կարճաժամկետ հեռանկարում չլինի խաղաղության տանող ուղի, ապա ԱՄՆ-ն և նախագահ Դոնալդ Թրամփը կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ սահմանելու այս շարունակվող ագրեսիայի գինը»:

ԵՄ երկրները նախատեսում են մինչև 2027-ը լիովին հրաժարվել ռուսական էներգակիրներից

ԵՄ երկրներն էապես նվազեցրել են ռուսական էներգակիրների գնումը և նախատեսում են մինչև 2027-ը լիովին հրաժարվել դրանցից, ՄԱԿ-ում Թրամփի հետ հանդիպմանն ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը: Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ հիմա պատժամիջոցներ են սահմանում նավահանգիստների նկատմամբ, որոնց միջոցով Ռուսաստանից հեղուկ բնական գազ է ներմուծվում ԵՄ։

«Նաև ցանկանում ենք մաքսատուրքեր սահմանել նավթի համար, որ դեռ մատակարարվում է ԵՄ: Մենք իսկապես ձգտում ենք ազատվել վերջին կաթիլ նավթից և գազից, որ Ռուսաստանից մատակարարվում է ԵՄ», - ընդգծել է Լայենը:

ՆԱՏՕ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից եվրոպական մի քանի երկրի օդային տարածքը խախտելու դեպքերը

Այս ֆոնին ՆԱՏՕ-ն դատապարտել է վերջին օրերին Ռուսաստանի կողմից եվրոպական մի քանի երկրի օդային տարածքը խախտելու դեպքերը և պահանջել է դադարեցնել դրանք: Դաշինքը վստահեցրել է՝ բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանի իր անդամներին:

Թրամփն իր հերթին Զելենսկիի հետ հանդիպմանն ասել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները, որոնք խախտում են նրանց օդային տարածքը:

Գերմանիայի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է՝ եվրոպական օդային տարածքի խախտումները «միտումնավոր սադրանք» են, որոնց ՆԱՏՕ-ն չի տրվի. «Կրեմլը ակնհայտորեն թերագնահատում է, թե որքան համակարգված, հավասարակշռված և վճռական է դաշինքի արձագանքը։ Մենք օդային տարածքի հսկողության ոլորտում մեծ փորձ ունենք»։

ՆԱՏՕ-ի տարածքը պաշտպանելուն զուգահեռ դաշինքը կշարունակի աջակցությունն Ուկրաինային, հավելել է գերմանացի պաշտոնյան:




XS
SM
MD
LG