Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն այս շաբաթ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «բոլոր հնարավոր տարբերակները»


ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթ, արխիվ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթ, արխիվ

Միացյալ Նահանգներն այս շաբաթ կքննարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման բոլոր հնարավոր տարբերակները, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը: Fox News-ին տված հարցազրույցում Սքոթ Բեսենթը պարզաբանել է՝ Վաշինգտոնն այս քայլին է դիմում, քանզի Ալյասկայում նախագահներ Թրամփի և Պուտինի հանդիպումից հետո Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթաց չի գրանցվել, իսկ Պուտինը շարունակել է հարվածել Ուկրաինային:

«Իրականում, նա ամենանողկալի ձևով ուժեղացրեց ռմբակոծությունները։ Հետևաբար, կարծում եմ՝ նախագահ Թրամփի համար բոլոր տարբերակները սեղանին են, և կարծում եմ՝ այս շաբաթ շատ մանրամասն կուսումնասիրենք դրանք», - հայտարարել է Բեսենթը:

Ռուսաստանի նախագահն այսօր Պեկինում կրկին անդրադարձել է Ուկրաինային: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ բանակցությունների ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը երբեք չի առարկել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությանը, սակայն այդ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Մոսկվայի համար անընդունելի է:

Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ընթացող ռուս-ամերիկյան բանակցություններին՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Թրամփի հետ քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովման մեխանիզմների հարցը։ «Կարծում եմ, որ այստեղ հնարավոր է փոխզիջման հասնել», - նշել է նա։

Ռուսաստանի նախագահի օգնականն, իր հերթին, հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ: Ըստ Յուրի Ուշակովի՝ Ալյասկայում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բազմաթիվ հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել, նաև անդրադարձել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավելի բարձր մակարդակով հանդիպումներ անցկացնելու գաղափարին, սակայն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին Պուտինն ու Թրամփը չեն պայմանավորվել:

«Հիմա բոլորը խոսում են եռակողմ հանդիպման, Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպման մասին, բայց որքան գիտեմ՝ կոնկրետ այս մասին Պուտինի և Թրամփի միջև որևէ համաձայնություն չի եղել», - ասել է Ուշակովը:

Ուկրաինայի նախագահը երեկ Պորտուգալիայի վարչապետի, ապա գերմանացի օրենսդիրների հետ քննարկել է Ուկրաինային ռազմական աջակցություն և անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցերը:

Վլադիմիր Զելենսկին սոցցանցում գրել է, թե վերջին շաբաթներին Ռուսաստանն ապացուցել է, որ պատրաստ չէ նախագահների մակարդակով հանդիպմանը, և հենց այդ պատճառով էլ ակնկալում են եվրոպական երկրների աջակցությունը՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հարցում։ «Միայն կոշտ գործողությունները կարող են փոխել Ռուսաստանի վարքագիծը», - գրել է նա։

Ֆինլանդիայի նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ առաջընթաց կա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում, սակայն հավելել է, որ մինչ այդ պետք է խաղաղության համաձայնագիր կնքվի։

«Մենք պետք է անվտանգության միջոցառումները համակարգենք Միացյալ Նահանգների հետ, որը, ըստ էության, հենարան կապահովի դրա համար ... Մենք այս հարցերը քննարկում ենք մեր գլխավոր շտաբների պետերի հետ, որոնք կոնկրետ ծրագրեր են մշակում, թե ինչպիսին կարող է լինել այսպիսի գործողությունը», - ասել է Ալեքսանդր Ստուբը:

Իսկ այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց: Ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է Սումիին, կան տուժածներ և ավերածություններ, զոհեր և վիրավորներ կան Կիևում, Խերսոնում, Դնեպրոպետրովսկում: Օդեսայում ռուսական զինուժը հարվածել է նավահանգստային ենթակառուցվածքների:

Ուկրաինական զինուժն էլ անօդաչուներով հարվածել է ռուսական բնակավայրերի: Բելգորոդում տուժել է երկու մարդ, Ռոստովում վնասվել է երկու բազմահարկ շենք, կան վիրավորներ, ավելի քան 300 մարդ տարհանվել է: Ուկրաինայի զինուժը հայտնել է, որ Դոնեցկում մեկ գյուղ է ազատագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG