Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում սպանվել է պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքը


ԱՄՆ - Պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքը սպանությունից րոպեներ առաջ, Օրեմ, Յուտա նահանգ, 10-ը սեպտեմբերի, 2025թ.
ԱՄՆ - Պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքը սպանությունից րոպեներ առաջ, Օրեմ, Յուտա նահանգ, 10-ը սեպտեմբերի, 2025թ.

ԱՄՆ Յուտայի համալսարանի տարածքում հրազենային կրակոցից սպանվել է պահպանողական ակտիվիստ, հաղորդավար և նախագահ Դոնալդ Թրամփի հավատարիմ աջակից Չարլի Քըրքը: Արձակվել է մեկ կրակոց, նախնական տեղեկություններով՝ համալսարանի մասնաշենքերից մեկի տանիքից՝ մոտ 150-200 մետր հեռավորությունից: Գնդակը դիպել է ակտիվիստի պարանոցին, նա մահացել է ավելի ուշ՝ հիվանդանոցում:

31-ամյա Քըրքը կրակոցի պահին հրազենային բռնության թեմայով ելույթ էր ունենում բացօթյա միջոցառման ժամանակ, որին մոտ 3 հազար մարդ էր մասնակցում, այդ թվում՝ նրա կինն ու ընտանիքը: Կրակոցից հետո տեղում քաոս է սկսվել:

Առնվազն երկու մարդ է ձերբակալվել Քըրքի սպանության կասկածանքով, սակայն երկուսն էլ ազատ են արձակվել՝ հանցագործությանն առնչություն չունենալու պատճառով: Հրաձիգի ինքնությունը հայտնի չէ, ոչ էլ մոտիվացիան, որոնումները շարունակվում են, իրավապահներն էլ իրարամերժ հայտարարություններ են արել կասկածյալի ինքնության մասին։

Ականատեսները սարսափով են հիշում կատարվածը: Էմանուել Բիրերն ասում է՝ կրակոցի ձայնն այնքան բարձր էր, ասես հրաձիգը շատ մոտ լիներ՝ հենց բազմության մեջ. - «Բոլորս կռացանք, և ես անմիջապես սկսեցի աղոթել Չարլի Քըրքի համար։ Իսկ կողքիս աղջիկը լաց էր լինում, որովհետև տեսել էր, թե ինչպես է գնդակը պատռում Քըրքի պարանոցը»:

Մեկ այլ ականատես, որը բողոքում է, որ տարածքում անվտանգությունը թույլ էր կազմակերպված, պատմում է, որ մոտ 5-6 մետր է հեռու եղել տաղավարից, որտեղ ելույթ էր ունենում Քըրքը. - «Լսեցի կրակոց և տեսա, թե ինչպես է նա ընկնում դեպի ձախ։ Ու հասկացա, որ նա պարանոցի շրջանում հրազենային վիրավորում ստացավ ... և բոլորս կռացանք»։

ԱՄՆ նախագահը տեսաուղերձ է հղել, որում դատապարտել է Քըրքի սպանությունը՝ այն անվանելով «մռայլ պահ Ամերիկայի համար»: Թրամփը նշել է, որ վշտացած է և զայրացած այս «նողկալի սպանության համար»։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ Չարլին հայրենասեր էր և ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց, իր կյանքը նվիրել բաց բանավեճ ծավելելու գործին և երկրին, որը շատ էր սիրում:

«Նա պայքարել է ազատության, ժողովրդավարության, արդարության և ամերիկյան ժողովրդի համար։ Նա ճշմարտության և ազատության օրինակ է, և երբեք չի եղել որևէ մեկը, որին երիտասարդությունը այդքան հարգել է», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Չարլի Քըրքի սպանության համար ցավակցել ու այն դատապարտել են նաև ԱՄՆ փոխնախագահը, պաշտոնաթող նախագահներ Ջո Բայդենը, Ջորջ Բուշը, Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը, գործող և նախորդ վարչակազմերի պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, հայտնիներ, որոնք բոլորը նշել են՝ բռնությունը տեղ չունի ԱՄՆ-ում:

Յուտայի նահանգապետը վստահեցրել է, որ հրաձիգը կհայտնաբերվի ու կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Սփենսեր Քոքսը դատապարտել է բռնությունը և բոլոր քաղաքական հայացքների տեր ամերիկացիներին կոչ է արել միավորվել այս արարքը դատապարտելու հարցում: Սա քաղաքական սպանություն է, ասել է նա:

«Սա մեր նահանգի համար մռայլ օր է։ Սա մեր պետության համար ողբերգական օր է։ Եվ ես ուզում եմ շատ հստակ ասել, որ սա քաղաքական սպանություն է», - հայտարարել է նահանգապետը:

Երեկոյան քաղաքացիները հավաքվել են Յուտայի նահանգային Կապիտոլիումում և ոգեկոչել Քըրքի հիշատակը: Քըրքի սպանության առիթով Սպիտակ տան դրոշները կիսով չափ իջեցվել են, Ներկայացուցիչների պալատում մեկ րոպե լռությամբ հարգել են նրա հիշատակը:

Չարլի Քըրքը ԱՄՆ-ի ամենահայտնի պահպանողական ակտիվիստներից և մեդիա դեմքերից մեկն էր, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցը։ 2012 թվականին 18 տարեկանում նա համահիմնադրել է Turning Point USA ուսանողական կազմակերպությունը, որի նպատակն է տարածել պահպանողական գաղափարները ազատական հայացքներ ունեցող քոլեջներում։

Նա վարում էր The Charlie Kirk Show փոդքասթը, որը պարբերաբար ընդգրկվել է լավագույն քաղաքական փոդքասթերի շարքում: Քըրքը մի քանի գրքի հեղինակ է, միլիոնավոր հետևորդներ ունի սոցցանցերում, հաճախ էր հյուրընկալվում պահպանողական լրատվամիջոցներում, նաև տարբեր համալսարաններում բացօթյա բանավեճեր անցկացնում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG