ԱՄՆ Սենատը պատժամիջոցներ է պատրաստում Մոսկվայի դեմ, եթե Ռուսաստանը ձախողի խաղաղ բանակցությունները․ 72 սենատորներ աջակցել են Ռուսաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ սահմանելու օրինագծին, փոխանցում է Bloomberg-ը՝ վկայակոչելով նախաձեռնության հեղինակներից հանրապետական Լինդսի Գրեհեմին։
The Wall Street Journal-ը նշում է, որ փաստաթղթի համահեղինակների թիվը գերազանցել է պահանջվող 60-ի շեմը, ինչը բավական է Սենատում այն ընդունելու համար։ Օրինագիծը ստորագրողների թվում են հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունների առաջնորդներ Ջոն Թյունը և Չակ Շումերը:
Օրինագիծը նախատեսում է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդական պատժամիջոցներ։ Մասնավորապես, ռուսական նավթ, գազ, ուրան գնող երկրներից ներմուծման համար 500 տոկոս մաքսատուրք է նախատեսվում, ինչպես նաև նախատեսվում է արգելել ամերիկյան բանկերին ներդրումներ կատարել Ռուսաստանի կառավարության հետ առնչություն ունեցող կազմակերպություններում, իսկ ԱՄՆ քաղաքացիներին էլ՝ ռուսական պետական պարտատոմսեր գնել։
Ավելի վաղ, Կիևի և Մոսկվայի հետ հնարավոր հրադադարի շուրջ ԱՄՆ-ի բանակցությունների ֆոնին, Վաշինգտոնը թույլ տվեց մասնակի չեղարկել պատժամիջոցները՝ նախազգուշացնելով՝ նոր պատժամիջոցներ կսահմանվեն, եթե պայմանավորվածությունները խաթարվեն։