«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը՝ ԱՆԻՖ-ը, որ առավել հայտնի է կասկածելի ու միլիարդների փոշիացած ներդրումներով, ինչպես երեկ, այնպես էլ այսօր խորհրդարանի ուշադրության կենտրոնում էր: Գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանի՝ դատախազության անցած տարվա զեկույցի ժամանակ այս անգամ կոռուպցիոն խոշոր գործարքների հարցը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բարձրաձայնեց:
«Առաջիկայում՝ շատ կարճ ժամանակ անց քրեական հետապնդման հնարավորությունները չենք բացառում», - ասաց գլխավոր մեղադրողն ու նկատեց, որ գործը նաև հետաքննող լրագրողների ուշադրության կենտրոնում է, թեև, ըստ Վարդապետյանի, մի շարք հրապարակված դրվագների դատախազությունն արդեն իսկ ծանոթ է:
«ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության վարույթում գտնվող քննության շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալու, «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության՝ Fly Arna, «Հարդ Ռոք», «Քեյ էնդ ջի», «Ապագա փրոջեքթ», «Մասդար».... ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագների», - ասաց գլխավոր դատախազը:
Վարդապետյանը հայտարարեց, թե միտումնավոր է մեջբերում ընկերությունների անունները, քանի որ լրատվամիջոցների հրապարակումները շատ անգամ հենց դրանց են վերաբերում: Մի քանի դրվագով և մի շարք անձանց վերաբերող գործ է, ասաց գլխավոր դատախազն ու խոստացավ առաջիկայում հանրությանը մանրամասներ ներկայացնել:
Նախկին, ներկա պաշտոնյաներ գործով հարցաքննվե՞լ են, հետաքրքրվեց օրենսդիր մարմնի ղեկավարը:
«Մեկ դրվագով բավական լուրջ գումարի մասին՝ մոտ 2 մլն գումարի մասին է խոսքը, ունենք արդեն հեռանկարով քննություն, նկատի ունեմ քրեական հետապնդման, և, այո, հարցաքննվել են ու շարունակում են հարցաքննվել», - պատասխանեց Վարդապետյանը:
Ո՞վ է հարցաքննվել, ո՞ւմ նկատմամբ է լինելու քրեական հետապնդումը, Վարդապետյանը չմանրամասնեց՝ նախաքննությանը չվնասելու պատճառաբանությամբ:
ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր: Ըստ «Ազատության» և «Հետք»-ի հետաքննությունների՝ անցած տարի լուծարված ԱՆԻՖ-ը Ավինյանի պաշտոնավարման ընթացքում ներդրումներ է հատկացրել նրա համադասարանցուն ու կնոջ ընկերուհուն պատկանող ընկերություններին: Օրերս Ավինյանը պնդել էր, թե ԱՆԻՖ-ի գործով իրեն առնչվող իրավական գործընթաց չկա, ավելին՝ վստահեցրել է, թե չի էլ կարող լինել:
«Ես ԱՆԻՖ ՓԲԸ-ից երբևէ աշխատավարձ չեմ ստացել: ԱՆԻՖ-ի մասով քրեական գործը թող ավարտվի, թող ամփոփվի, ես մանրամասն կանդրադառնամ», - ասել է նա:
ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական գործը հարուցվել էր 2023-ի դեկտեմբերին։ Հանրային միջոցներով ստեղծված այս ֆոնդը ներդրումներ էր կատարում կասկածելի նպատակներով և ուղղություններով։ ԱՆԻՖ-ը ներդրումներ էր կատարել Fly Arna և «Ապագա փրոջեքթս» ընկերություններում, որոնք սնանկացել են։ Արևային էլեկտրակայաններ կառուցելու «Մասդար»-ի ծրագիրը ևս իրականացվում էր ԱՆԻՖ-ի հետ, սակայն մինչ այժմ նույնիսկ դրա շինարարության փուլը չի մեկնարկել։ Չնայած բազմաթիվ հարցումներին, քննության ընթացքում իրավապահները որևէ մանրամասն չեն հայտնել ԱՆԻՖ-ի գործի մասին: