Մատչելիության հղումներ

Բագրատ Գալստանյանի ու մյուսների գործով նիստին փաստաբանը բացարկ հայտնեց դատախազներին, այն մերժվեց


Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստին Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բացարկ հայտնեց այս գործով դատախազներին։

Նա նշեց, որ իրենք ի սկզբանե էլ հայտարարում էին և հիմա համոզվել են, որ կեղծիք էին Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունները, որտեղ իրավապահները ներկայացնում էին տարբեր խոսակցություններ՝ վերագրելով «Սրբազան պայքար» անունը ստացած շարժման մասնակիցներին, ինչպես նաև Տավուշի թեմի նախկին առաջնորդին և դա ներկայացնում որպես իշխանությունը յուրացնելու ու պլանավորելու փորձեր:

Խուդոյանն ասաց՝ դրանում համոզվել են, երբ ուսումնասիրել են իրենց տրամադրված աբողջական նյութերը: Այդ ժամանակ համեմատել են ու նկատել, որ օրինակ՝ «այդ հրապարակված ձայնագրությունը և այդ ձայնագրությունների մասին կատարված արձանագրությունները միմյանց չեն համապատասխանում»։ Փաստաբանը հայտարարեց, որ այս գործով դատախազները շահագրգռված են ու կողմնակալ, ոչ անաչառ և չեն կարող այս գործի քննությունը մինչև վերջ տանել, հետևաբար պետք է հեռացվեն։

Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը դատախազներին բացարկ հայտնելու մասին:

Ծանր հանցագործության մեջ մեղադրվող Բագրատ Գալստանյանը իր ելույթում շեշտեց, որ իրեն գաղտնալսել են ութ ամիս, սակայն սրանով չեն բավարարվել և այդ գաղտնալսումը շարունակել են իրեն կալանավորելուց հետո, երբ իր բանտախուց են տեղափոխել Շիրակի թեմի առաջնորդ, կալանավորված Միքայել Աջապահյանին։

Բագրատ սրբազանը պնդեց, որ իրենց խոսակցությունները խցում գաղտնալսելով փորձել են տեղեկություններ ստանալ, թե օրինակ՝ ինքն ու իր թիմակիցները «որտեղ են պահում զենքերը», որոնցով, ըստ իրավապահների, նրանք պետք է իշխանությունը յուրացնեին:

Այս զենքերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Իջևանի գրասենյակում են, կես կատակ-կես լուրջ ասաց Բագրատ Գալստանյանը:

Այսօրվա դատական նիստին ներկա է նաև Կանադայի դեսպանության ներկայացուցիչը, որը, սակայն, հրաժարվեց հարցազրույցից: Իր ելույթում արքեպիսկոպոսը, որը Կանադայի և ՀՀ-ի երկքաղաքացի է, ողջունեց հյուպատոս Ռայան Միլլերին:

Անցած տարի վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի ելած Բագրատ սրբազանը և մյուսները մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար, նրանք մեղքը չեն ընդունում, այն համարում են քաղաքական:

Նախաքննական մարմինը հայտարարում է՝ ունեն բավարար ապացույցներ: Իրավապահները երկու ամիս առաջ հայտարարեցին ահաբեկչության փորձի բացահայտման մասին, դրանում մեղադրեցին սրբազանին և նրա թիմակիցներին։ Քննչական կոմիտեն տարածեց, իր բնորոշմամբ, տարբեր ապացույցներ, այդ թվում՝ ձայնագրություններ, որոնցում լսվում էին որոշակի ձայներ: Իրավապահները պնդում են՝ այնտեղ լսվում է նաև Բագրատ սրբազանի ձայնը «գյուլլելու, սպանելու մասին»: Օրեր անց գլխավոր դատախազը Հանրայինի եթերում հայտարարեց ծանրակշիռ ապացույցների մասին, և որ այդ խումբը պետք է հասներ ընդհուպ վարչապետին։

Գործով կա 18 մեղադրյալ, մեծ մասը կալանքի տակ է, ևս երկուսը՝ տնային կալանքի:

XS
SM
MD
LG