Մատչելիության հղումներ

«Մենք ահաբեկիչ չենք». մեկնարկեց Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատը


Երևանի քրեական դատարանում այսօր սկսվեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա թիմակիցների դատավարությունը։ Մեղադրյալի աթոռին 18 հոգի է, որից երկուսն ազատության մեջ են։ Բագրատ սրբազանը ևս կալանքի տակ է։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար, մեղքը չեն ընդունում։ Դատական նիստի սկզբում Բագրատ սրբազանն աղոթք կարդաց, հետո որոշակի հարցերի պատասխանեց, այդ թվում՝ այն հարցին, որ իշխանություններն իրենց անգամ ահաբեկիչ են անվանում: Սրբազանը շեշտեց՝ իրենք ահաբեկիչ չեն, իսկ իշխանությունները ահաբեկված են։

Սա այս գործով առաջին նիստն է, և ըստ էության տեխնիկական հարցեր քննարկվեցին, մեղադրյալները ներկայացան: Արքեպիսկոպոսին ներկայանալիս հարցրին, թե ի՞նչ բնակության հասցե ունի, ինչին նա պատասխանեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, նաև խոսեց իր աշխարհիկ նախկին անվան և ներկայիս անվան մասին։

«Ես 1995 թվականին ձեռնադրվել եմ հոգևորական, ստացել եմ Բագրատ անունը, 22 տարի է, որ ես Բագրատ արքեպիոսկոպոս եմ։ Հետևաբար առ ի հարգանք եմ ասում, որպեսզի ես էլ ստիպված չլինեմ այլ կերպով դիմել։ Վազգեն Գալստանյանը 95 թվականին մահացել է», - ասաց նա։

Ներկայացան նաև մյուս մեղադրյալները, նրանց փաստաբանները, ապա վերջիններս և լրագրողները բարձրացրին դատական նիստերի դահլիճը փոխելու հարցը, քանի որ այն շատ փոքր էր, լեցուն էր ոստիկաններով, ԶԼՄ ներկայացուցիչների համար նստելու տեղ չկար։ Դատավորն ասաց, որ կքննի այս հարցը: Դատական նիստի ավարտին նա հայտնեց՝ հաջորդ դատական նիստը կկայանա արդեն Շենգավիթի դատարանում։

Բագրատ Գալստանյանն անցած տարվանից փողոցային պայքարի է ելել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Երկու ամիս առաջ իրավապահները հայտարարեցին ահաբեկչության փորձի բացահայտման մասին, դրանում մեղադրեցին սրբազանին և նրա թիմակիցներին։ Քննչական կոմիտեն տարածեց, իր բնորոշմամբ, տարբեր ապացույցներ, այդ թվում՝ ձայնագրություններ, որոնցում լսվում էին որոշակի ձայներ: Իրավապահները պնդում են՝ այնտեղ լսվում է նաև Բագրատ սրբազանի ձայնը «գյուլլելու, սպանելու մասին»: Օրեր անց գլխավոր դատախազը Հանրայինի եթերում հայտարարեց ծանրակշիռ ապացույցների մասին, և որ այդ խումբը պետք է հասներ ընդհուպ վարչապետին։ Ինչպես ի սկզբանե, այնպես էլ քրեական գործի նախաքննության ավարտից հետո փաստաբաններն իրենց կասկածները հայտնեցին, որ այդ ձայնագրությունները կեղծ են, մոնտաժված են: Հիմա արդեն պնդում են, որ դրանք մոնտաժված են, սղագրությունները և ձայնագրությունները չեն համապատասխանում միմյանց, իսկ «գյուլելու» մասին արտահայտությունն էլ, ըստ փաստաբանների, չի վերաբերում այս իշխանություններին։

«Գնդակահարության վերաբերյալ դրվագն էր, որ այդքան շատ քարոզչական նպատակներով օգտագործվեց և նաև օգտագործվեց հենց Ազգային ժողովում հենց գլխավոր դատախազի կողմից և Քննչական կոմիտեի նախագահի կողմից։ Իրենք դա փորձում էին ներկայացնել, որ պլանավորվում է գործող իշխանության ներկայացուցիչների գնդակահարել, կամ առանձին անհատներ դա մի քիչ էլ ծաղկացնում էին, ներկայացնում էին, որ պատրաստվում են քաղաքացիներին առանց ինչ-որ հաշիվ տալու պատահական մարդկանց գնդակահարել, վերջում պարզվեց, որ այդ խոսակցությունը ապագայի պետության վերաբերյալ, մահապատիժ ունենալ-չունենալու, պետություն ինչ-որ կառուցելու վերաբերյալ խոսակցություններ են», - նիստից առաջ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Բագրատ արքեպիսկոպոսի փաստաբանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դատավորը նաև պետք է խափանման միջոցի հարց քննի, ժամկետը, ըստ էության, մինչև օգոստոսի 25-ն է: Դատարանը պետք է որոշի՝ կա՛մ նրանց թողնել կալանքի տակ, կա՛մ ազատ արձակել։ Արդյո՞ք վստահում են դատավոր Կարեն Ֆարխոյանին, Հովհաննես Խուդոյանը ասաց՝ դեռևս որևէ բան չեն կարող ասել, բայց այնուամենայնիվ դատավորի հետ կապված դրական ակնկալիքներ չունեն։

«Չեմ շտապի գնահատական տալ, բայց ամեն դեպքում հաշվի առնելով, օրինակ, նույն Միքայել սրբազանի գործով դատարանի խայտառակ որոշումը միջին ծանրության արարքի վերաբերյալ, երբ որ դատական պրակտիկայում բոլորը անխտիր նախկինում այդ հոդվածով կալանքից ազատված են եղել, իր նկատմամբ հատուկ վերաբերմունքը, հասկանում ենք, որ նաև այս գործով առանձնահատուկ խիստ ազդեցության տակ դատարանը լինելու է», - նշեց Խուդոյանը։

Մեղքն ապացուցվելու դեպքում Բագրատ Գալստանյանին ու նրա համախոհներին սպառնում է 8-ից մինչև15 տարվա ազատազրկում:

Հաջորդ դատական նիստը վաղն է:

XS
SM
MD
LG