Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր բավարարեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու թույլտվության հարցով գլխավոր դատախազի միջնորդությունը: Դռնփակ նիստում խորհուրդը նաև կասեցրել է դատավորի լիազրությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը։
«Ինձ ո՞վ կարա տապալի գետնին, ես եմ սաղ կյանքում բոլորին տապալել», - դատավոր Արտուշ Գաբրելյանը դեռ կեսօրին լրագրողների հետ կարճ զրույցում այսպես նկարագրեց իր հետ տեղի ունեցածը։
Իսկ պատահել էր հետևյալը՝ կաշառք տալու, ստանալու և օժանդակելու դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երեկ դատավորին դուրս էին հանել նիստերի դահլիճից: Թե կոնկրետ ինչ հանցանք է վերագրվում դատավորին, իրավապահները լռում են, դատավորն Գաբրիելյանն էլ հակված չէր փակագծերը բացել:
Սահմանադրության համաձայն՝ դատավորն օժտված է անձեռնմխելիությամբ։ Դատավորի նկատմամբ հետապնդում կարող է հարուցվել միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ:
Թե ի՞նչ չափով կաշառքի մասին է խոսքը, ով ում է այն տվել, չցանկացավ հայտնել նաև Արտուշ Գաբրիելյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը. - «Ի սկզբանե մամուլի տեղեկություններ այն էին, որ կաշառք է ստացել, ես ուզում եմ դա հերքել, ոչ, չի ստացել: Իսկ թե համաձայնությունը տվել է, թե՝ ոչ, պնդում, որ պարոն Գաբրիելյանը որևէ հանցակազմի հետ կապ ունի, և՛ գլխավոր դատախազի, և՛ տեղակալի կողմից չեն փաստարկվել»:
«Մեր գնահատմամբ՝ բացառապես բամբասանքներ, կցկտուր հեռախոսային խոսակցություններ՝ առանց առարկայացման, թե ով ում հետ ինչ է պայմանավորվել, ինչի շուրջ է պայմանավորվել», - ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Ազատության» դիտարմանը՝ «իսկ այդ կցկտուր հեռախոսազրույցներից չի՞ հասկացվում է, որ կաշառքի մասին է խոսքը», փաստաբանն արձագանքեց. - «Մեզ համար, ոչ, որովհետև կոնտեքստից առանձին խոսակցություններ են բերվել, պետք է նստենք, ամբողջը առնվազն նայենք»:
Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին միայն, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ մեղադրանք է ներկայացվել 2 անձի, որոնք նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Անուններ չեն նշվում, սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ կալանավորվածները դատավորի ընկերն ու օգնականն են:
Անցած տարի Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության էր ենթարկել 60-ամյա դատավորին: Հնչեղ դատական գործերով հայտնի Գաբրիելյանը, որ բավարարել է մի շարք ընդդիմադիրների կալանավորելու միջնորդությունները, «Սասնա ծռեր» զինված խմբի գործն է քննել, առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Դատախազությունը պահանջում է նրանից ու փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 62.8 միլիոն դրամ և 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար։