Մատչելիության հղումներ

Դատարկ միկրոավտոբուսներ ու դրանցից չօգտվող ուղևորներ. բոյկոտ Պռոշյանում, Քասախում ու Կոշում


Պռոշյանի նոր՝ 277 համարի միկրոավտոբուսները շատ ակտիվ երթևեկում են Պռոշյան-Երևան երթուղով, բայց առանց որևէ ուղևորի։ Վարորդ Արարատ Քերոբյանը տարակուսում է՝ նոր միկրոավտոբուսներ են, մաքուր, սիրուն, ինչո՞ւ չեն նստում: Ինքը ահա 5-րդ անգամ է Պռոշյանից Երևան և հակառակ ուղղությամբ վարում, առավոտից ընդամենը 4 ուղևորի է տեսել։

Փոխարենը ուղևորներով բեռնված երթևեկում է 25 համարի մայրաքաղաքային ավտոբուսը։ Նույն պատմությունն է հարևան Քասախում. նոր միկրոավտոբուսները դատարկ պտտվում են, իսկ 59 համարի ավտոբուսը Երևան է տանում-բերում ուղևորներին։ Մայրաքաղաքին կպած այս երկու համայնքներում մի քանի շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են, որին հիմա լուռ բոյկոտն է հետևել։

Պատճառը Տարածքային կառավարման նախարարության որոշումն է. այս համայնքներին պետք է սպասարկեն երեք տարի առաջ մրցույթում հաղթած «Մուլտիտրանսպորտ» ընկերության միկրոավտոբուսները։ Իսկ երևանյան ավտոբուսները համայնքներ մտնելու իրավունք չունեն, մայրուղուց կպտտվեն և հետ կգնան։ Մարդկանց դժգոհության պատճառն այն է, որ նոր միկրոավտոբուսները նախ հարմարավետ ավտոբուսներ չեն, հետո՝ ավելի թանկ են, հետո՝ դրանք գնում են մինչև Աջափնյակ՝ Ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկ, իսկ օրինակ՝ Պռոշյանի 25 համարի ավտոբուսը Մետրոյի «Բարեկամության» կայարանով բարձրանում է մինչև Մոնումենտ։ Այսինքն՝ պռոշյանցի ուսանողը կամ աշխատողը մի քանի անգամ ավելի գումար պետք է վճարի դասի կամ աշխատավայր հասնելու համար։


Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG